Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

Հոկտեմբեր 22,2008 00:00

\"\"

Երեւանի քրեական դատարանում երեկ շարունակվել է «Մարտի 1»-ի գործով կալանավորված Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը, որի ընթացքում պաշտպանական ճառով հանդես է եկել Սեդա Սաֆարյանը՝ պահանջելով արդարացման վճիռ կայացնել: Իր «վերջին խոսքի» իրավունքից օգտվել է նաեւ ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մուշեղ Սաղաթելյանը: Նա հայտարարել է, որ ինքը պայքարելու է ազատության ու արդարության համար, ու թեկուզ իրեն դատապարտեն անգամ 10 տարվա ազատազրկման, դրանից հետո էլ չի դադարելու պայքարել: Հիշեցնենք, որ Մ. Սաղաթելյանը մեղադրվում է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ առողջությանը սպառնացող վտանգավոր հանցագործություն կատարելու», նաեւ՝ «սառը զենք պահելու» մեջ: Դատախազ Հովսեփ Սարգսյանը նրա համար պահանջել է 7 տարվա ազատազրկում՝ առանց մեղմացուցիչ հանգամանքների: «Ա1+»-ի փոխանցմամբ, պաշտպանը երեկ իր ճառում հերքել է մեղադրական կողմի ներկայացրած ապացույցները եւ ի ցույց դրել դրանցում եղած հակասությունները, հայտարարել է, թե իրեն եւ Մ. Սաղաթելյանին արդյունավետ պաշտպանվելու հնարավորություն դատարանը չի տվել: Անդրադառնալով դատախազի ներկայացրած մեղադրանքին՝ Ս. Սաֆարյանը նշել է, որ բազմաթիվ էական ապացույցներ, այդ թվում՝ փորձագիտական եզրակացությունները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում, ձեռք են բերվել Քրեադատավարական օրենսգրքի խախտումներով:
Մ. Սաղաթելյանի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել