Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորանները մրցում են

Հոկտեմբեր 21,2008 00:00

«Մոսկվայում մարդիկ շատ ավելի առողջ են նայում մրցակցությանը։ Այնտեղ ռեստորանային բիզնեսով զբաղվում են ավելի մեծ թվով պրոֆեսիոնալներ, քան այստեղ։ Երեւանում այս ոլորտի բիզնեսմենները պատրաստ չեն պրոբլեմներ քննարկել, նրանք միայն ասում են, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Իսկ Մոսկվայի բիզնեսմեններն ասում են, որ իրենք շատ են գումարներ ծախսում PR-ի վրա, որպեսզի կարողանան ավելի մեծ թվով հյուրեր ընդունել։ Նրանց կարծիքով, դա անհրաժեշտություն է, քանի որ այլ կերպ ուղղակի չեն կարողանա դիմանալ մրցակցությանը»,- երեկ ասուլիսում հայտնեց «Yerevancity.am» նախագծի կազմակերպիչ Գայանե Բրեիովան։

Միջոցառումը նախաձեռնել են Զբոսաշրջության հայկական գործակալությունը եւ City People ընկերությունը: Այս նախագծի շրջանակներում ինտերնետ քվեարկությամբ որոշվելու է, թե Երեւանում գործող ռեստորանային բիզնեսում ով է լավագույնը։ Անվանակարգերը 12-ն են՝ լավագույն հյուրանոցային ռեստորան, լավագույն բանկետային սրահ, լավագույն գարեջրատուն, ռեստորանային ցանց, գիշերային բար-ակումբ, լավագույն հայկական խոհանոց եւ այլն։ Ըստ Գ. Բրեիովայի՝ երեկ քվեարկության վերջին օրն էր։ Նա նշեց նաեւ, թե հաճախ է պատահում, որ մեր քաղաքացիները չեն հասկանում մրցույթի պահանջը եւ սխալ են քվեարկում. «Ասենք, ամառային սրճարան համարվող կառույցի օգտին քվեարկում են՝ որպես լավագույն գիշերային ակումբ»։

Խոսելով նախագիծը սկսելուց առաջ իրեն հանդիպած դժվարությունների մասին՝ Գ. Բրեիովան ասաց. «Ինձ թվում էր, որ եթե ես ազգությամբ հայ եմ, ապա կհասկանամ այստեղի մենտալիտետը, սակայն չեմ հասկանում։ Ես այնպիսի բաներ էի տեսնում, որ ինձ թվում էր՝ դա ֆանտաստիկայի ժանրից է։ Դրանցից մեկն այն էր, որ այս ոլորտում չկան ոչ մի տեսակի կանոններ, չկա նաեւ բիզնես-մշակույթ։ Չնայած դրան, մեծ թվով մարդիկ պատրաստակամություն հայտնեցին օգնել մեզ»։ Քանի որ Գայանե Բրեիովան Մոսկվայում ունի իր բիզնեսը, մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է որոշել Երեւանում նման նախագծով հանդես գալ: «Մի քանի տարվա ընթացքում ուսումնասիրում էի այստեղի ռեստորանային շուկան։ Սկզբում ես ցանկություն ունեի այստեղ ռեստորան բացել, քանի որ ինչ ուզում եմ անել՝ ոչ մեկը չի արել Երեւանում։ Սակայն հասկացա, որ չեմ ցանկանում այստեղ ռեստորան ունենալ։ Պատճառներից մեկն այն է, որ շատ ռեստորանային բիզնես ունեցողներ չեն ցանկանում կիսվել իրենց փորձով, նրանք չեն ցանկանում նորություններ ճանաչել, նրանք չեն համագործակցում արտերկրյա գործընկերների հետ։ Նրանք միշտ ասում են, որ այս ոլորտում ամեն ինչ լավ է եւ իրենք ոչնչի կարիք չունեն։ Մտածեցի, որ ավելի լավ է՝ նման նախագիծ անել»։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 25-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել