Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չի քաղաքականացնել ՏԻՄ ընտրությո ւնները»

Հոկտեմբեր 21,2008 00:00

Ապարանի նախկին եւ ներկա քաղաքապետերը դժգոհ են մեկը մյուսի աշխատանքից

Ապարան քաղաքում համայնքի ղեկավարի համար առաջադրված է երկու թեկնածու՝ անկուսակցական, ԵԿՄ անդամ Ռազմիկ Պետրոսյանը, որը մինչեւ 2005 թ. եղել է Ապարանի քաղաքապետ, եւ նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ապարանի նախընտրական շտաբը, եւ մյուս թեկնածուն գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանն է: Հարցված ապարանցիները նախընտրական իրավիճակը գնահատում են խաղաղ: Հարցվողները չէին մոռանում հիշեցնել, որ ապարանցիները նամուսով ու թասիբով են եւ այդպիսի ընտրություն էլ ակնկալում են գալիք կիրակի: Թեեւ հարցվողները խուսափում էին տալ իրենց նախընտրած թեկնածուի անունը, սակայն նկատվում է, որ երկու թեկնածուներն էլ ունեն իրենց մեծ ընտրազանգվածը: Ոմանք ասում էին, որ գործող քաղաքապետի օրոք քաղաքը նկատելիորեն փոխվել ու բարեկարգվել է, մաքրվել աղբից: Ոմանք էլ ընդգծում էին, որ նախկին քաղաքապետն ավելի ժողովրդական ու հասանելի էր իրենց համար: Այս առումով մեր դիտարկմանն ի պատասխան՝ գործող քաղաքապետը նշեց, որ իր ղեկավարման 3 տարում համայնքի բյուջեն կրկնակի ավելացել է՝ ի հաշիվ ստվերից դուրս բերվող գումարների, ինչի արդյունքում ստվերում աշխատողները սկսում են երանությամբ հիշել բարձիթողի ժամանակները, երբ կարողանում էին առանց հարկեր վճարելու շահույթ ստանալ:

Նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Տեղական ինքնակառավարման համակարգն այն համակարգն է, որն անմիջականորեն կապված է ժողովրդի հետ եւ պետք է անկախ լինի: Եթե համայնքի ղեկավարը գալիս է իշխանության «դաբրոյով» կամ օգնությամբ, ապա նա դառնում է իշխանության կամակատարը, իսկ ապարանցիներին պետք չեն կամակատարներ: Պետք չէ ապարանցուն պահել այնպիսի սոցիալական ծանր իրավիճակում, որ նսեմացնեն նրան»:

Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ ապարանցիները կարիք ունեն խաղաղության, հոգու հանգստության, որը, սակայն, ըստ թեկնածուի, քաղաքում բացակայում է. «Ապարանի քաղաքապետի աշխատասենյակում շատ հարցեր էին լուծվում՝ առանց ՆԳ բաժինների խառնվելու: Իսկ հիմա մեկը մյուսի վրա գործ են տալիս, ընկերն ընկերոջը վախենում է բարեւել, կարող է դա ինչ-որ չինովնիկի սրտով չլինի եւ աշխատանքից ազատեն: Այս սրբավայրը դարձրել են գոմ, Ապարանը բաժանել են երկու մասի, ես եկել եմ վերամիավորելու իմ քաղաքը: Մարդիկ են ձերբակալվում, օրինակ՝ իմ հորեղբոր աղջիկը, որը հիվանդանոցի աշխատող է, եւ կաշառք վերցնելու համար ձերբակալվել է եւ այժմ գտնվում է կալանքի տակ»:

Ռազմիկ Պետրոսյանը հավելեց նաեւ. «Եթե ժողովրդի քվեին դիպչեն, պրոբլեմ են ունենալու: Անցած անգամ հանդուրժեցի իրենց թույլ տված կեղծիքները, որովհետեւ գործող քաղաքապետ էի, ասել է թե՛ իշխանություն էի, այս անգամ չեմ ների, եւ դա լավ ավարտ չի ունենա, այդ պրոբլեմը կդառնա ընդհանուր պետական պրոբլեմ»:

Ապարանի գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Գոռ Աբրահամյանն «Առավոտի» հետ զրույցում Ռազմիկ Պետրոսյանի ձերբակալված ազգականուհու առնչությամբ ասաց. «Դա քաղաքապետի ֆունկցիան չէ, քաղաքապետը չի սովորեցնում, որ կաշառք վերցնեն կամ տան, դա հերյուրանք է, որը Ռազմիկին չի սազում, ես նույնիսկ ջանքեր եմ թափում, որ այդ աղջկան օգտակար լինեմ: Ես ահավոր բարի անձնավորություն եմ: Նման դեպք Աշտարակի հիվանդանոցում էլի է եղել եւ ամոթ է դա քաղաքականացնել»: Իր մրցակցի վերաբերյալ Գոռ Աբրահամյանն ասաց. «Ռազմիկը իմ աշակերտն է եղել, ես իրեն միշտ շատ սիրել եմ, բայց ինքը քաղաքական հարցերում սխալվել է եւ անգամ ինձ չէր լսում: Անկեղծ ասեմ, ինքը այսօր բարոյական իրավունք էլ չուներ իմ մրցակիցը լինելու, որովհետեւ իր 6 տարվա աշխատանքը եւ իմ 3 տարվա աշխատանքն անհամեմատելի են: Նա դեռեւս մի քանի ամիս առաջ բոլորին ասում էր, որ նորմալ քաղաքապետ ունենք եւ պետք է նրա հետ աշխատենք: Թե ինչու հանկարծ որոշեց առաջադրվել՝ անհասկանալի է: Ես համոզված եմ, որ նա քաղաքական մեծ խնդիրներ է ուզում լուծել: Իսկ ես չեմ թողնի համայնքի ղեկավարի ընտրությունն ու աշխատանքը քաղաքականացնել: Այդպես չի կարելի: Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ ընտրությունները խաղաղ անցնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել