Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԱՅԴ ԱՍՏԻՃԱՆ ՌՈՒՍԱՏՅԱՑ

Հոկտեմբեր 21,2008 00:00

Ս/թ հոկտեմբերի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ստանձնեց հայ հանրության ուղեղներին դիմափոշի ցանելու կամ, ժողովրդական լեզվով ասած՝ մարդկանց ականջներին արիշտա կախելու մեկժամյա տառապալից գործընթացը

Երբ հարկադրաբար, այն էլ ուշադրությամբ կարդացի (ինչպես հորդորել էր ԼՏՊ-ն) Մատենադարանի մերձակա հրապարակում կազմակերպած հանրահավաքում ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, իսկույն մտքիս եկավ Մեծ հին հռոմեացու՝ Մարկոս Տուլլիոս Կիկերոնի (Ցիցերոնի) հայտնի ճառը «Ի պաշտպանություն Վերեսի»: Բոլոր ժամանակների անվանի հռետորը Վերեսի դատավարության ողջ ընթացքում, թվում է թե, մոլեռանդորեն պաշտպանում է նրան՝ անվերջ թվելով Վերեսի բարեմասնությունները: Հետն էլ իր ելույթը համեմում է, առաջին հայացքից աննշան թվացող, որոշ մանրամասներով: Արդյունքում, ի զարմանս հրապարակում հավաքված հռոմեացի պլեբսի (Հին Հռոմի ստորին խավի ազատ մարդկանց), դատարանը վճռում է կախաղան բարձրացնել Կիկերոնի «պաշտպանյալին», քանի որ այդ աննշան թվացող մանրամասները ուշադիր դիտարկելու դեպքում պարունակում էին շատ ծանր մեղադրանքներ: Այդպես էլ Լեւոնն է իր ելույթում, իբր, ստանձնում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի շահերի պաշտպանի դերակատարությունը (անպոչ գդալի եւ քթի՝ պրպտումների մոտիվներով): Եվ քանի որ մեր «հերոսը» շատ հեռու է Կիկերոն լինելուց, Ռուսաստանն էլ Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք թոթափել էր Արեւմուտքի ձեռքում անվերջ արդարացողի իր երբեմնի կարգավիճակը, իսկ Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր վերջին հրապարակային ելույթներում կասկած չթողեց, որ Ռուսաստանի նոր կարգավիճակը անշրջելի է, ապա ԼՏՊ-ի ճիգերը, բնավ, ուղղված էին այլ խնդիրների լուծմանը: Եվ այս պարագայում մնում ես զարմացած՝ ԼՏՊ-ի մտքով ի՞նչ էր անցնում, երբ փորձում էր ամեն գնով ռուսամետ գործիչ երեւալ՝ իրականում պախարակելով այդ հզոր երկիրը:

* * *

Այս մտորումները շարադրելուց առաջ ինքնախոստովանեցի, որ անցած 20 տարիների ընթացքում, թերեւս, առաջին անգամ է, որ հետեւեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդին՝ ուշադիր ընթերցեցի նրա ելույթը եւ իմ խոսքով փորձում եմ սկիզբ դնել, ինչպես ինքն է ասում, «Ղարաբաղի հարցի վերաբերյալ վաղուց սպասված լուրջ հասարակական բանավեճի»:

Եվ, այսպես, ո՞ւմ էր ուղղված հոկտեմբերի 17-ին մատենադարանամերձ հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ԼՏՊ-ի ճառը, ի՞նչ խնդիրներ փորձեց իր ելույթով լուծել նա եւ ի՞նչ հետեւություններ, այո, դասեր պետք է քաղեն այդ ելույթից թե՛ մեր ժողովուրդը եւ թե՛ իշխանությունները: Արդյո՞ք պատահական էր հանրահավաքի անցկացման ժամանակը, որը կայացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ճիշտ նախաշեմին: Կան բազմաթիվ այլ հարցեր եւս, որոնք մենք իրավունք չունենք անպատասխան թողնելու, որովհետեւ ԼՏՊ-ի ելույթում հնչած ցանկացած միտք, ինչքան էլ իշխանական լրատվամիջոցները փորձեն պարզունակեցնել, հեգնել, միեւնույն է՝ դրանով երբեք ու երբեք չեն կարողանա թուլացնել նրա խոսքում առկա հայոց պետականության կազմաքանդմանն ուղղված վտանգավոր լիցքը:

ԼՏՊ-ն դարդոտվել է եւ նա տագնապում է, որ «Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը՝ Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու փոխարեն՝ աստիճանաբար (Սերժ Սարգսյանի ջանքերով – Ա. Գ.) թեքվել է վերջինիս կողմը»: Ամերիկահայ մեծահարուստ ու բարերար իմ լավ բարեկամուհին նման դեպքում կբացականչեր՝ «շիտա՞կ է, դա ըսքանչելի է»: Սակայն հիացմունքի այս բացականչությունը հասցեագրված կլիներ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկապես «ըսքանչելի» է ու զարմանալի, երբ արեւմտյան հայտնի ուժերի կողմից ֆինանսավորվող ԼՏՊ-ն այդ աստիճան մտահոգվում է … եւ, ինչ եք կարծում, ինչո՞ւ չէ, որ նա լինելով Արեւմուտքի շահերը պաշտպանող, ստանում է նման համալրում ի դեմս ՀՀ գործող նախագահի: «Ինչո՞վ բացատրել Սերժ Սարգսյանի կտրուկ շրջադարձը դեպի Արեւմուտք»,- բացականչում է Լեւոնը: Հարգելի ընթերցող, եթե ուշադիր էիք, ապա, ԼՏՊ-ի բնորոշմամբ, Սերժ Սարգսյանի «աստիճանաբար» թեքվելը դեպի Արեւմուտք իր ելույթի հաջորդ իսկ նախադասությունում արդեն որակվում է որպես «կտրուկ շրջադարձ դեպի Արեւմուտք»: Սա քաղաքական բանավեճում հաճախ օգտագործվող հնարք է, երբ ընդդիմախոսիդ վերագրում ես հիմքեր չունեցող մոտեցումներ, այդ մոտեցումներն էլ ներկայացնում ես ոչ շահեկան տեսանկյունից, ասած Լեւոնի, արդ. «Չմոռանանք, որ նա է (Ս. Սարգսյանը – Ա.Գ.) «Գույք՝ պարտքի դիմաց»-ի գլխավոր ճարտարապետը, գործարք, որի շնորհիվ Հայաստանի համարյա ողջ էներգետիկ համակարգը հանձնվեց Ռուսաստանին»: Հանրությանը հրամցնելով այս միտքը՝ նա հետո սկսում է դա քարկոծել: Ի սկզբանե ուզում եմ նշեմ, որ ինքս էլ ամենեւին հիացած չեմ «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրից, քանզի ենթադրվող բարենպաստ զարգացումները գրեթե բացակայում են: Խոսքը բնավ էլ էներգետիկային չի վերաբերում, այլ՝ ռուսական կողմին հանձնված գործարանների տարիներ շարունակվող պարապուրդին: Սա ԼՏՊ-ի կողմից Ռուսաստանը մեր հանրությանը ոչ շահեկան դիրքերից ներկայացնելու առաջին դրսեւորումն էր: Դա նա հմտորեն քողարկեց, երբ ափսոսանք հայտնեց, թե, իբր, ՀՀ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգում խախտվել է հավասարակշռությունը ի վնաս Ռուսաստանի եւ հօգուտ Արեւմուտքի: Այս «խախտման» դրդապատճառը ԼՏՊ-ն տեսնում եւ իր ելույթում բազմիցս պայմանավորում է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից «լեգիտիմության խնդիրը լուծելու պարզ շահագրգռությամբ»: Ի հաստատումն իր այս պնդմանը՝ ԼՏՊ-ն շարունակում է. «Արեւմուտքին առաջարկելու այլ բան չունի, քան իր պետական շահը, Սարգսյանը, հետեւաբար, ընտրել է այդ շահը զոհաբերելու ճանապարհը»: Սա շատ լուրջ մեղադրանք է նախագահի հասցեին եւ ոչ պակաս լուրջ մեղադրանք է նաեւ մեղադրողի՝ ԼՏՊ-ի հասցեին նույնպես: Եթե դու՝ Լեւոն, համոզված ես քո այդ զարհուրելի մեղադրանքի մեջ, ապա ինքդ կրկնակի հանցագործ ես, երբ քո հենց այդ նույն «դարակազմիկ» ելույթում կոչ ես անում ժողովրդին «… անկեղծորեն կողմ լինելով թե՛ ղարաբաղյան հակամարտության, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը՝ մենք չենք ուզում Հայաստանի իշխանություններին խանգարել լուծելու այդ խնդիրները: Դադարեցնելով մեր ակտիվությունը՝ մենք ընդամենը նպատակ ենք հետապնդում նրանց զերծ պահել արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումներից»: Չհասկացա՞նք, եթե համոզված ես, որ Սերժ Սարգսյանը հանուն իր լեգիտիմության խնդիրը լուծելու զոհաբերելու է «Հայաստանի պետական շահը», ապա ինչո՞ւ ես մոլորված կողմնակիցներիդ հանրահավաքից հետո տուն ուղարկում, ավելին՝ կոչ անում «չխանգարել իշխանություններին»: Չխանգարել՝ ո՞ր գործում, պետական շահը զոհաբերելո՞ւ, Արցախը ծախելո՞ւ: Նույն ելույթում հնչած այս իրարամերժ երկու պնդումները ուրիշ պայմաններում կարելի էր պարզապես վերագրել հռետորի հիմարությանը, սակայն ոչ երբեք Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում: Ի՞նչ հետեւություն կարելի է անել, արդ, այս ամենից: ԼՏՊ-ն հրավիրելով բազմամարդ հանրահավաք եւ այնտեղ իր ելույթում կասկածի տակ վերցնելով նախագահ Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը, ըստ էության, թուլացնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջիկա բանակցային գործընթացում ՀՀ նախագահի դիրքերը: Արդյունքում՝ ՀՀ նախագահի ցանկացած կոշտ դիրքորոշում բանակցային գործընթացում, որը նա կարտահայտի ողջ հայության անունից, ադրբեջանամետ ուժերը կարող են կասկածի տակ վերցնել, արդ, մատնանշելով ԼՏՊ-ի կողմից ամիսներ շարունակ չարչրկվող Ս. Սարգսյանի «լեգիտիմության պակասը»: Հանգամանք, որն անտեսելու իրավունք չունենք եւ ահա թե ինչու: Օրերս Ադրբեջանում կայացել են նախագահական ընտրություններ, եւ միջազգային ամենատարբեր հեղինակավոր կառույցներ եզրակացրել են, որ Իլհամ Ալիեւի ընտրվելը ընտրությունների տեսանկյունից եղել է օրինական ու գնահատվել է միանգամայն լեգիտիմ:

Հանգամանք երկրորդ. ԼՏՊ-ն իր ելույթում մի կողմից նշում է, որ «Նա (Սերժ Սարգսյանը – Ա.Գ.) ներքաշվել է աշխարհաքաղաքական մի այնպիսի խաղի հորձանուտ, որի ելքը Հայաստանի ու Ղարաբաղի համար եթե ոչ կործանարար, ապա առնվազն անբարենպաստ է լինելու»: Եթե, Լեւոն, ասածներիդ մեջ համոզված ես, ապա ինչո՞վ բացատրել, որ ելույթիդ վերջնամասում փոխանակ կոչ անես մոլորված համակիրներիդ իրենց հարեւան-բարեկամների հետ ոտքի ելնեն՝ թույլ չտալու համար նման «կործանարար» կամ «առնվազն անբարենպաստ» զարգացումները, դրանց առաջն առնելու փոխարեն հանրահավաքի ժամանակ հայտարարում ես «Զանգվածային միջոցառումներից միառժամանակ հրաժարվելու համարձակ եւ պատասխանատու» քայլ կատարելու մասին: Չլինի՞ թե դրանով Ադրբեջանի թիկունքում կանգնած Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթատարների եւ գազատարների արեւմտյան հայտնի տերերին ու նրանց մեջքին կանգնած քեզ հովանավորողներին ուզում ես գլխի գցել, արդ, գործի անցեք, Լեռնային Ղարաբաղի հարցի ոչ հայանպաստ եւ ձեզ համար ավելի ցանկալի պայմանների մասին երազել անգամ չեք կարող: Ավելին, դու, ի հաստատումն այդ մեսիջի, Արեւմուտքին քաջալերում ես՝ ասելով. «Որքանով էլ պարադոքսալ թվա, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանի ազդեցությունը այս տարածաշրջանում ոչ թե մեծանալու, այլ նվազելու միտումներ է դրսեւորում»: Ավելին՝ երազածդ ես բարձրաձայնում առ այն, որ «Ռուսաստանը դուրս է մղվում Մինսկի խմբի ձեւաչափից, հետեւաբար կորցնում իր դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»: Նման դատողություններ անելով՝ Լեւոնը անթաքույց քծնում է Արեւմուտքին՝ հեգնելով, փորձում է հիմնավորել, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սանձազերծած աննախադեպ հակառուսական քարոզչական պատերազմը տվել է վերջիններիս կողմից ակնկալած արդյունքը, այն է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը թուլացել է: Ավելին, Լեւոնը կասկածի տակ է դնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերջերս՝ 2008 թ. օգոստոսի 31-ին Ռուսաստանի մի քանի հեռուստաալիքների լրագրողների, մասնավորապես՝ հեռուստալրագրող Ա. Կանդրաշովի հարցին տված պատասխանը. «Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է լինելու աշխարհի ապագան, աշխարհակարգը եւ այնտեղ մեր երկրի տեղը»: Ռուսաստանի նախագահը պատասխանել է. «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը իրագործելիս ես հենվելու եմ հինգ սկզբունքների վրա: … եւ, վերջապես, հինգերորդը: Ռուսաստանի, ինչպես եւ աշխարհի այլ երկրների մոտ կան տարածաշրջաններ, որտեղ գտնվում են արտոնյալ հետաքրքրություններ: Այդ տարածաշրջաններում տեղակայված են երկրներ, որոնց հետ մեզ կապում են ավանդական, բարեկամական հարաբերություններ, պատմական հատուկ հարաբերություններ: Մենք շատ ուշադիր ենք աշխատելու այդ տարածաշրջաններում եւ զարգացնելու ենք բարեկամական հարաբերություններ այդ պետությունների հետ, մեր մոտիկ հարեւանների հետ»: Արձանագրենք, որ ԼՏՊ-ն Ռուսաստանին վերաբերող վերը նշված իր գնահատականով, փաստորեն, հերքում է Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդեւի արտահայտած հարեւան բարեկամ երկրներին առնչվող այդ հստակ ձեւակերպված սկզբունքային մոտեցումը: Հանդես գալով, իբր, ռուսամետ քաղաքական գործչի դիրքերից, նա, ըստ էության, մեր հանրությանը հասկացնում է, որ վերանայեք դարերից եկող ձեր ռուսական կողմնորոշումը, այն այլեւս արդարացված չէ: «Իրականության ողջ դառնությունն այն է,- ասում է ԼՏՊ-ն,- որ ինչպես Արեւմուտքը չկարողացավ Ռուսաստանին խանգարել լուծելու Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունը, այնպես էլ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը չի կարողանալու Արեւմուտքին խանգարել լուծելու Ղարաբաղյան խնդիրը»: Մեր տարածաշրջանին առնչվող հարցերի կարգավորման գործում Ռուսաստանին լուսանցք տեղափոխելով, իսկ Արեւմուտքի դերակատարությունն էլ բարձրացնելուց հետո՝ Լեւոնը ամենեւին կանգ չի առնում, այլ խորացնում է իր քծնանքը առ Արեւմուտք. «Կարգավորման հիմքում, անկասկած, ընկած է լինելու 2007թ. դեկտեմբերին Մինսկի խմբի համանախագահության անունից հակամարտող կողմերին ներկայացված Մադրիդյան առաջարկը, որի գաղափարախոսությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է»: Այլ կերպ ասած՝ ԼՏՊ-ն Լեռնային Ղարաբաղի հարցի մոտալուտ լուծման գործընթացում Ռուսաստանի դերակատարությունը նսեմացնելուն զուգընթաց, ըստ էության, գովաբանում է Արեւմուտքը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որոնց շնորհիվ է, որ, վերջապես, առաջարկվող փաստաթղթում երաշխավորված է երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումը: Բայց չէ՞ որ հենց այդ երկու սկզբունքների ներդաշնակության ապահովության հարցն է մշտապես եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում մեր դիվանագիտության բոլոր ձեռնարկումների մեխը, մայր խնդիրը: Այդ թվում նաեւ հենց նրա՝ ԼՏՊ-ի նախագահության տարիներին խնդրո առարկայի շուրջ վարվող արտաքին քաղաքականության առանցքը եղել է այս մոտեցումը մինչեւ այն պահը, երբ 1997թ. խախտվեց այդ ներդաշնակությունը եւ բանակցային սեղանին դրվեց փաստաթուղթ, ուր գրեթե անտեսված էր ազգերի ինքնորոշման սկզբունքը: Փաստաթուղթ, որի տակ ստորագրելու իր պատրաստակամությունը ԼՏՊ-ն պայմանավորում էր «լրջանալու պահի» անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ «պատերազմի եւ խաղաղության» միջեւ ընտրություն կատարելու հանգամանքով: Թե ինչով այդ ամենն ավարտվեց, բոլորս հիշում ենք: Եվ, ահա, տասը տարի անց ԼՏՊ-ն խոստովանում է, որ այժմ առաջարկվող փաստաթղթում Արեւմուտքը (քանի որ Ռուսաստանի դերակատարությունն այդ հարցում, ըստ ԼՏՊ-ի, չնչին է) ապահովել է մեզ առավել քան հուզող՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի ներդաշնակությունը տարածքային ամբողջականության սկզբունքի հետ:

Եվ այս պնդումներից հետո, ինքն իրեն հակասելով, ԼՏՊ-ն իր ելույթի ամփոփիչ հատվածում հայտարարում է. «Կասկածից վեր է, որ Արեւմուտքը ձեռքից բաց չի թողնելու Ղարաբաղի հարցի լուծման իր համար հարմարագույն այս առիթը, ինչը լրջագույն խնդիրների առջեւ է կանգնեցնում Հայաստանի իշխանություններին»:

Ինչեւէ, պարոն Տեր-Պետրոսյանի մտասեւեռումներից, ինչքան էլ նա փորձի խճճել իր եզրահանգումները, ունկնդիրներին եւ ընթերցողներին ակներեւ է դառնում մի իրողություն. Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը երբեք ու երբեք չի կարող միաժամանակ գոհացնել հակամարտող երկու կողմերին: Ակնհայտ է, որ չեն արդարացվելու ո՛չ ադրբեջանական եւ ո՛չ էլ հայկական կողմի սպասելիքները: Ահա հենց սրա գիտակցումով է, որ ԼՏՊ-ն պարարտ հող է պատրաստում իր հետագա քայլերի համար: Հետագայում շահարկելով մարդկանց արդարացի դժգոհությունները, որոնք, անտարակույս, լինելու են, Լեւոնը ի ցույց է դնելու իր այսօրվա զսպվածություն դրսեւորելու կողմերը՝ հանրահավաքում հայտարարված քաղաքականությունը՝ իշխանություններին չխանգարելու մասին: Սա ներքին օգտագործման համար:

Առավել ուշագրավ են ԼՏՊ-ի արտաքին լսարանին ուղղած հավակնությունները: Նա իր ելույթում քանիցս անթաքույց շեշտում է մեր տարածաշրջանում Արեւմուտքի դերակատարության բարձրացման, ինչպես նաեւ Ռուսաստանի ազդեցության նվազեցման մասին: Տպավորություն է ստեղծվում, որ նա Արեւմուտքին հասկացնում է, որ, լինելով իրատես քաղաքական գործիչ, գալով իշխանության՝ բնավ էլ մտադրություն չունի մեր երկրի ապագան կապել տարածաշրջանում թուլացող Ռուսաստանի հետ: Ապագայում նա, անշուշտ, հաշիվ կներկայացնի իր արեւմտյան հովանավորներին: Ավելին՝ հանդես կգա պահանջատիրոջ դիրքերից՝ ասելով, որ ինքը անգամ իսկ գիտակցելով Արեւմուտքի կողմից առաջարկվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի ոչ հայանպաստ լուծումները, այնուամենայնիվ, ժողովրդին ոչ միայն տուն ուղարկեց՝ դրանով պայմաններ ստեղծելով ոչ հայանպաստ փաստաթղթի ստորագրման համար, այլեւ մեր ախոյաններին՝ ադրբեջանցիներին զինեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «լեգիտիմության պակասի» քարտը շահարկելու հնարավորությամբ:

Ընթերցողը, անշուշտ, կհարցնի, իսկ, այնուամենայնիվ, Ռուսաստանը մի՞թե չի գիտակցում, որ ի դեմս ԼՏՊ-ի՝ գործ ունի Ներսես Բյուզանդացու (Հուստինիանոս Ա-ի օրոք անվանի զորավարի ու դիվանագետի) արժանավոր ժառանգի հետ: Չստացվի, որ Լեւոնին միայն ու միայն քննադատում եմ, մի քիչ էլ գովեմ, հատկապես նշելով բյուզանդական քաղաքականություն որդեգրածի իր առաքելությունը մեր երկրում: Կարծում եմ, անտարակույս, Ռուսաստանը քաջ գիտակցում է, թե ում հետ գործ ունի: Դիցուք, թե այն «հանճարեղ» ձեւակերպումները, որով ԼՏՊ-ն զարդարեց իր ելույթը. «Հայաստանը փորձել է լինել ո՛չ ռուսամետ, ո՛չ արեւմտամետ, այլ առաջնորդվել է բացառապես սեփական ազգային շահերով: Իմ նախագահության օրոք նման դիրքորոշումը կոչվում էր «բալանսավորման» կամ հավասարակշռման քաղաքականություն, Քոչարյանի օրոք՝ «կոմպլեմենտարիզմի» կամ փոխլրացման քաղաքականություն, որոնց տարբերությունը սոսկ տերմինաբանական է»: Բա՛, սիրելի ընթերցող, ինչպես կասեր մեծ մտածող ՀՀՇ-ի Գեւորիկը, հասանք Ուլուխանլու: ԼՏՊ-ն, որը 10 տարի շարունակ իր ենթակայության ներքո գործող թե՛ քաղաքական գործիչների եւ թե՛ ՀՀՇ-ական լրատվամիջոցներով դատափետում էր Քոչարյան-Օսկանյանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, հիմա, իր իսկ խոսքով, արդ, համերաշխություն է հայտնում Քոչարյանի նախագահության տարիներին վարված արտաքին քաղաքականությանը: Պահն էլ, կրկնեմ, «պատահականորեն» ընտրված է ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցի նախօրեին: Լեւոնը ասես թե ՌԴ-ի ղեկավարին մեսիջ է ուղարկում առ այն, որ ինքը պատրաստակամ կլինի Հայաստանում հայտնի դրսի ուժերի կողմից հրահրված իշխանափոխության արդյունքում նախագահ դառնալով շարունակել Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությունը: Քաղաքականություն, որը Ռուսաստանի կողմից դրականորեն է ընկալվել: Եվ դա նա ներկայացնում է որպես հակակշիռ Ս. Սարգսյանի դեպի Արեւմուտք թեքվելու, իբր, կայացած փաստի: Լեւոնը նշում է, որ թեպետ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիններից էր, որ շնորհավորեց Ս. Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ, մտածելով, որ վերջինս կշարունակի Քոչարյանի արտաքին քաղաքական կուրսը, սակայն նա, ըստ ԼՏՊ-ի, չարդարացրեց այս սպասումները: Դրա հետ մեկտեղ իր ելույթում նա տողատակով, ասես թե, հասկացնել է ուզում տալ, որ Ռուսաստանի համար անհեռանկարային է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն, քանի որ մարտ ամսից ի վեր լեւոնական 7-8 լրատվամիջոցները ամեն օր մեր ժողովրդի մոտ կերտում են Քոչարյանի միակ մեղավոր լինելու հանգամանքը մարտի 1-ի դեպքերի տասը զոհերի հարցում: Այնպես որ, ռուս բարեկամներ, Հայաստանում ձեր շահերի միակ պաշտպանը, գիտցեք, դա ինքն է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արդարության առաջ չմեղանչելու համար նշեմ, որ անցած տասը տարիների ընթացքում գոնե մեկ հարցում ԼՏՊ-ն եւ Ռ. Քոչարյանը գործել են համերաշխ. դա Հայաստանի Հանրապետությունում ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների, տնտեսական լիարժեք ինտեգրման կարեւորությունը գիտակցողներին ամեն գնով քաղաքական ասպարեզից եթե ոչ ամբողջությամբ մեկուսացնելու, ապա նրանց դերակատարությունը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ կատարված քայլերն են եղել: Սա, իմիջիայլոց, ապագայում հարկ եղած դեպքում այդ քաղաքականության վտանգավորությանը կանդրադառնանք առանձին՝ կարեւորելով մեր երկրի համար դրա ծայրաստիճան անցանկալի հետեւանքները:

Կարելի էր ԼՏՊ-ի ելույթի երկվությունը հաստատող, տրամաբանորեն իրարամերժ այլ գոհարներ էլ ներկայացնել ընթերցողի դատին, բայց, կարծում եմ, բերված փաստերն էլ բավարար են մի քանի կարեւոր հետեւություններ անելու համար:

Առաջին. Հարավային Կովկասում ձեւավորվող նոր պայմաններում, որոնք իրենց հետեւից բերելու են աշխարհաքաղաքական զգալի տեղաշարժեր, խիստ վտանգավոր է ՀՀ նախագահին «կապել» ուժի այս կամ այն կենտրոնների հետ, առավել եւս, որ մենք կանգնած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շեմին: Դա էլ այն դեպքում, երբ ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումները հստակ ձեւակերպված են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգում՝ փաստաթուղթ, որը հանրապետության իշխանությունների կողմից առ այսօր անվավեր չի ճանաչվել:

Երկրորդ. չէր խանգարի, որ Հայաստանի Հանրապետությունում իրենց խորաթափանց եւ քաղաքական ռազմագետ համարող բոլոր գործիչները մեկընդմիշտ հասկանային մի պարզ ճշմարտություն. ԱՄՆ-ն, Եվրամիությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը, այո, իրապես շահագրգռված են Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու գործում: Այլ խնդիր է, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի դրդապատճառներն այս հարցում տրամագծորեն տարբեր են: Ռուսաստանը, կարծում եմ, շատ լավ հասկանում է, որ Մեծ Կովկասում նրա օրըստօրե աճող ազդեցությունը մեծապես պայմանավորված է հայերի եւ ալանների (օսերի) պետությունների բարիդրացիական վերաբերմունքից: Ինչ վերաբերում է Օսեթիային (Հյուսիսային եւ Հարավային), ապա ռուս-վրացական հնգօրյա պատերազմի արդյունքում Օսեթիայի հետ Ռուսաստանն այլեւս խնդիրներ չունի: Այնպես որ, Հայաստանի հետ խնդիրներ ստեղծելը նախ ոչ մի հիմք չունեն, ավելին, բացարձակապես չեն տեղավորվում Ռուսաստանի Դաշնության շահերի ծիրում: Կարծում եմ, Ռուսաստանում քաջ գիտեն, թե այսօր ուր են նայում Վրաստանի իշխանությունները, ուր է նայում Ադրբեջանի ղեկավարը: Առաջինը՝ ԱՄՆ եւ Եվրամիություն, երկրորդն էլ, ինչպես գայլն է նայում անտառին, այնպես էլ Բաքուն՝ Անկարային:

Երրորդ. թուրքերը տարածաշրջանում աննախադեպ ակտիվություն դրսեւորելով, ՌԴ-ի հետ դիվանագիտական խաղեր տալով՝ ԱՄՆ-ին հասկացնել են տալիս, որ հանկարծ մտքով չանցկացնեն, թե կարող են Հյուսիսային Իրաքում քրդերի անկախ պետություն ստեղծել: Իսկ աշխարհաքաղաքական առումով նշենք, որ Թուրքիան մեր տարածաշրջանում շարունակում է մնալ ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակիցը:

Չորրորդ. ԱՄՆ-ն էլ, իր հերթին, շահագրգռված է Վրաստանից զատ մեր տարածաշրջանում ավելի ծավալուն հիմնավորվել, թեկուզեւ սկզբնական շրջանում հայ-ադրբեջանական հակամարտության գոտում՝ սահմանափակ քանակությամբ խաղաղապահ զորքերի տեղավորմամբ՝ ԼՂ հարցի բանակցային գործընթացի «բարեհաջող» ավարտից հետո: Հատկապես նրանք կկարեւորեն այդ ուժերի տեղակայումը իրանական սահմանի վրա: Թե ինչո՞ւ, կարծում եմ, բոլորս հասկանում ենք:

Հինգերորդ. Եվրամիությունը նույնպես շահագրգռված է ԼՂ հարցի շուտափույթ լուծմամբ, ըստ որում, ավա՜ղ, ադրբեջանական կողմին գոհացնելու նախապատվությամբ, ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով տարեկան կտրվածքով անխափան 50 մլն տոննա նավթ ստանալու հեռանկարով, այլեւ մեծապես այլ դրդապատճառով՝ Ադրբեջանին տրամադրելով ամենաակտիվ դերակատարում ստանձնելու Nabucco գազատարի շինարարությունը սկսելու հարցում: Գազատար, որի տարողունակությունը տարեկան կտրվածքով լինելու է 32 մլրդ խորանարդ մետր գազ: Ինչը հնարավորություն կընձեռի եվրոպական երկրներին մեղմելու իրենց կախվածությունը Ռուսաստանից ներկրվող գազից: Չմոռանանք նշել, որ 3.5 հազար կիլոմետր երկարությամբ այդ գազատարը անցնելու է Կասպից ծովի հատակով (շրջանցելով Ռուսաստանը), հետո Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի վրայով Կենտրոնական Ասիայի գազը հասցնելու է Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, այնտեղից էլ Արեւմտյան Եվրոպա: Նշենք նաեւ, որ նախագծի արժեքը կլինի շուրջ 7,5 մլրդ եվրո, իսկ Nabucco-ի կառուցման բաժնետերերն են լինելու ավստրիական, գերմանական, հունգարական, բուլղարական, ռումինական եւ թուրքական կազմակերպությունները: Այս հանգամանքը ինքնին պարզորոշ է դարձնում Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հարցում:

Վեցերորդ. լեւոնականների կողմից քաղաքական այս բալագանը առավել անհեթեթ հնչեղություն ու երանգներ կունենար, եթե իշխանական կոալիցիայի մաս կազմող ուժերը, օգտագործելով ի պաշտոնե իրենց ընձեռված բազում հնարավորությունները, կարողանային մեր հանրությանը բացատրել Միավորված ազգերի կազմակերպության 63-րդ Գլխավոր ասամբլեայում ունեցած նախագահ Ս. Սարգսյանի ելույթի իմաստը, ուր սպառիչ տրված են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման մեզ համար ընդունելի մոտեցումները: Այնուհետեւ ժամանակը օգտագործեին ոչ թե օրումեջ դատարկ ասուլիսների անցկացմամբ՝ առաջ մղելով տոլմա փաթաթելու մեջ հմտացած անլուրջ կանանց, որոնք իրենց բարոյախրատական տափակ ճառերով ձանձրացրել են մարդկանց կամ քաղաքականությունից հեռո՜ւ, հեռո՜ւ կանգնած մարդկանց գովազդմամբ: Էլ չեմ ասում մարտի 1-ի ողբերգության ամենատարբեր շահարկումների մասին, երբ բազմաթիվ ասուլիսների ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե խնդիր ունեն նշելու սեփական անձերի բացառիկ «անկողմնակալությունն» ու «ազնվությունը»՝ շրջանցելով խորքային հարցեր, արդ, Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած քաղաքացիական պատերազմի սանձազերծման վտանգի հետ կապված: Ավելին, այս ընթացքում հայտնվեցին հոդվածներ, ուր նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի, թերեւս, ամենաշահեկան պնդումները որակվեցին որպես «անհաջող» կամ «ամենաանհաջող» բնութագրականներով: Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ իշխանությունը ներկայացնողները խոսեին պետության առաջ ծառացած մարտահրավերների դեմն առնելու մեխանիզմներից ու մոտեցումներից, աշխարհի համայն հայության ուժերը համախմբելու անհրաժեշտությունից, ինչի մեկնարկը նույնպես տրվել էր Սերժ Սարգսյանի կողմից ԱՄՆ-ում սփյուռքահայ գործարար եւ քաղաքական ընտրանու հետ հանդիպման ժամանակ:

Յոթերորդ. ստեղծված իրավամբ բարդ իրավիճակում եկել է պահը, որ յուրաքանչյուրս գիտակցի մի պարզ ճշմարտություն. հրապարակում ունենք Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ուր տրված են մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, ձեւակերպված են ԼՂ-ի կարգավորման մեզ համար ընդունելի սկզբունքները: Ուրեմն, մեր պետության շահը բոլորիս առաջ դնում է գեթ մեկ խնդիր. համախմբվել այդ գաղափարները կյանքի կոչելու ճանապարհին՝ անկախ մեր անձնական վերաբերմունքից գործող իշխանությունների եւ երկրի նախագահի հանդեպ: Սա է օրվա հրամայականը:

Եվ, վերջապես, երբեք չմոռանանք, որ չարաչար սխալված կլինեն նրանք, ովքեր տարածաշրջանային զարգացումներից փորձեն դուրս մղել մեր հարեւանի եւ բարեկամի՝ Իրանի Իսլամական Հանրապետության գործոնը:

Լինելով «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահը՝ ես գործընկերներիս հետ մեր երկրի համար բախտորոշ այս օրերին երբեք չենք շահարկի այն բազում հետապնդումները, անարդարությունները, որոնց ենթարկվել ենք մենք իրար հաջորդող իշխանությունների կողմից՝ սկսած կուսակցության հիմնադրման առաջին իսկ օրվանից, այն է՝ 1997թ. փետրվար ամսից:

Հետգրության փոխարեն: Օրերս ռուսական մամուլում կարդացի հայկական ծագում ունեցող ռուս վեհապետականամետ հայրենասեր, ճանաչված քաղաքական ռազմագետներից մեկի վերլուծությունը: Ի թիվս բազմաթիվ հետաքրքիր դիտարկումների՝ բերեմ Լեւոնի դեպքին ճիշտ եւ ճիշտ համապատասխանող մի մեջբերում. «Հիմարությունը՝ սադրանքի մերձավորագույն հարեւանն է: Երիտասարդ հասակում ես հաշվում էի, որ հիմարությունը դա ուղեղի վնասվածքի հետեւանք է, ոչ ավելին: Տարիների ընթացքում ես համոզվեցի, որ ամեն ինչ շատ ավելի տխուր է: Եվ սովորեցի հարգել հիմարությունը՝ հաշվի նստելով դրա հետ որպես լուրջ թշնամու»: Լեւոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 17-ի ելույթը տեղավորվում է ճիշտ այս տրամաբանության շրջանակում. բովանդակության առումով լինելով կատարյալ հիմարություն՝ այն չափազանց վտանգավոր է մեր հասարակության, մեր պետականության համար:

Անկեղծորեն ասած՝ ուշադիր կարդալով Լեւոնի ելույթը (նա այդպես էր հորդորել ընթերցողներին), ինձ, այնուամենայնիվ, զարմացնում է մի բան, որը հարցի տեսքով էլ ուզում եմ ուղղել նրան. «Պարոն Տեր-Պետրոսյան, ինչո՞ւ եք այդ աստիճան ռուսատյաց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել