Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղահրամանյանի հույսերը չարդարացան

Հոկտեմբեր 21,2008 00:00

Արմավիրի մարզպետը որքան էլ ջանաց, այնուամենայնիվ, հանրապետականը մի քանի «պոստեր» զիջեց:

Կիրակի օրը համայնքապետի եւ ավագանու ընտրություններ կայացան Արմավիրի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Այս մարզերում, կարելի է ասել, ընտրական պայքարը շատ ավելի թեժ էր, քան մինչ այժմ կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Շատ քիչ համայնքներում էր, որ ընտրական «պայքարը» ծավալվում էր մեկ թեկնածուի շուրջ: Բացի այդ, այս ընտրություններում իշխանությունների համար «անակնկալները» շատ եղան: Մասնավորապես, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում իշխանական ողջ ապարատը անզոր գտնվեց եւ չկարողացավ քաղաքապետ դարձնել իր «սիրելի» թեկնածու՝ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին (Ճոյտ): Նա հավաքել էր ընդամենը 6994 ձայն, իսկ իր հիմնական հակառակորդը՝ գործող փոխքաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը հենց իր ծննդյան օրը ստացավ 12208 ընտրողի քվեն: Նույն մարզից պարտություն է կրել նաեւ մեկ այլ իշխանական թեկնածու՝ այս անգամ Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Մեծամորի գործող քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը: Նա օրեր առաջ հայտարարել էր, որ հաղթանակն իր կողմն է, քանի որ քաղաքում կատարված բոլոր դրական փոփոխություններն իր քրտնաջան աշխատանքի արդյունքն են, եւ դա մեծամորցին հաստատ կգնահատի: Փաստորեն, նա էլ «իշխանախաբ» եղավ ու իր միակ մրցակից Ռոբերտ Գրիգորյանին պարտվեց 1446 ձայնով:

Նշենք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մեծ ջանքեր էր ներդրել, որպեսզի Մեծամորի քաղաքապետի աթոռը մնա Ա. Գրիգորյանին: Մարզպետն այս ընտրություններին «զրկվեց» նաեւ մի քանի հավատարիմ գյուղապետերից: Ապագա գյուղում նա այս անգամ չկարողացավ չորրորդ անգամ անցկացնել անկուսակցական, բայց ողջ «հոգով» հանրապետական գյուղապետ Իշխան Մարգարյանին: Թեեւ 411 ձայնի առավելությամբ Արտաշես Բարսեղյանը, որն «իսկական» հանրապետական է, գտնում է, որ այս գյուղում բազմաթիվ խնդիրներ կան. մասնավորապես, ըստ Ա. Բարսեղյանի, գյուղացիները չգիտեն, թե գյուղի բյուջեի գումարները, որոնք գոյանում են իրենց մուծած հարկ ու տուրքերից, ինչպես են ծախսվում: Ընտրության օրը մենք այդ գյուղում էինք եւ նրա օգտին տարվող աշխատանքներից պարզ նկատվում էր, որ վարչական ռեսուրսը գործի էր դրվել հօգուտ Ի. Մարգարյանի: Ընտրական հանձնաժողովի նախագահ Մարտիրոս Սարիբեկյանի թողտվությամբ՝ ընտրական գործընթացը վերածվել էր զանգվածային քվեարկության՝ քվեախցերին էր մոտենում միանգամից 3-4 ընտրող եւ շատերն անգամ քվեարկում էին քվեախցերից հեռու, ասենք՝ քվեաթերթիկը պատին հենած: Բացի այդ, Մ. Սարիբեկյանը հոգեբանական ճնշում էր գործադրում վստահված անձանց վրա՝ թույլ չտալով տեղամասում ազատ շարժվել, իբր թե խանգարում են ընտրական գործընթացին:

Արմավիրի Մրգաստան գյուղի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Սերյոժա Կարապետյանին չի բավականացրել ընդամենը 36 ձայն: Նա պարտվել է անկուսակցական Ռաֆիկ Խաչատրյանին:

Թեժ է եղել պայքարը նաեւ Հացիկ գյուղում, քանի որ այս փոքր գյուղի գյուղապետի պաշտոնի համար պայքարի մեջ է մտել ոչ ավել, ոչ պակաս՝ 9 թեկնածու, որից 2-ը ՀՀԿ անդամ էին, իսկ 7-ը՝ անկուսակցական: Այստեղ հիմնական պայքարը ընթացել է անկուսակցական Արթուր Եղիազարյանի եւ հանրապետական, գործող գյուղապետ Դավիթ Ղարագյոզյանի միջեւ: Սակայն վերջինիս ընդամենը 8 ձայն պակասեց, որպեսզի վերընտրվեր: 268 քվեով գյուղապետ դարձավ Ա. Եղիազարյանը: Մյուս հանրապետական թեկնածուն հավաքել էր ընդամենը 123 ձայն:

Ակտիվ պայքար է ծավալվել նաեւ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում: 5 թեկնածուից ընտրվելու իրական հնարավորություն են ունեցել միայն ՀՀԿ-ական Արկադի Մակյանն ու ԲՀԿ անդամ Հովսեփ Օգումյանը, սակայն Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի համառ աշխատանքի շնորհիվ 543 քվեով ընտրվել է ՀՀԿ-ի թեկնածուն:

Չափազանց լարված մթնոլորտում է ընտրություններն անցել Լոռու մարզի Օձուն գյուղում: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Առավոտը» (14. 10. 2008) անդրադարձել էր Օձունի գործող գյուղապետ Մելիք Այվազյանի (Ալաբաշ Մելո) ապօրինություններին եւ այն միջադեպին, որ նրա որդին դանակի հարվածներ էր հասցրել մրցակից թեկնածուի կողմնակիցներից մեկին: Այս գյուղում ընտրության օրը նույնպես հանգիստ չի անցել եւ Մ. Այվազյանի կողմնակիցները կռիվներ են հրահել մեկ այլ թեկնածուի՝ Արսեն Տիտանյանի ընտրողների հետ: Այդուհանդերձ, իշխանությունների աջակցությամբ ու Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ, ընդամենը 7 ձայնի առավելությամբ չորրորդ անգամ գյուղապետ «ընտրվեց» Մ. Այվազյանը: Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ Օձուն գյուղում Ա. Տիտանյանի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով անվավեր համարել կայացած ընտրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել