Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿՍԱՏԱՐԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Հոկտեմբեր 21,2008 00:00

\"\"Իսկ վերջինս, հավանաբար, կբողոքարկի Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների արդյունքները

Կիրակի օրը Էջմիածնում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթել է պաշտպանության նախկին փոխնախարար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը: Ընտրություններին մասնակցել է 20 հազար 527 ընտրող՝ ընտրողների ընդհանուր թվի 50,5 տոկոսը: Ըստ նախնական արդյունքների, Կարեն Գրիգորյանի օգտին տրվել է 12 հազար 208 քվե, նրա մրցակից, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ում սատարում է իշխող Հանրապետական կուսակցությունը, ստացել է 6 հազար 994 ձայն, իսկ երրորդ թեկնածուն՝ Արտակ Պողոսյանը, ստացել է 169 ձայն: Ի դեպ, վերջինս Մանվել Գրիգորյանի փեսան է: Ըստ շրջանառվող լուրերի, նա առաջադրել էր իր թեկնածությունը՝ իբրեւ «պահեստային տարբերակ»: Սպասումները, որ Էջմիածինը մարտի դաշտի է վերածվելու, բարեբախտաբար՝ չարդարացան եւ այդ նպատակով քաղաքում կենտրոնացված ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները հանգիստ ծառայություն անցկացրին: Բանն այն է, որ ՀՀԿ-ն սատարելով Հակոբ Հակոբյանին՝ իբր ցանկանում էր վերջնականապես «կոտրել» Մանվել Գրիգորյանին, ով պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատվել էր այս տարվա ապրիլի 2-ին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, ենթադրաբար՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը աջակցելու համար: Ընտրություններն ընդհանուր առմամբ անցնում էին խաղաղ մթնոլորտում: Արձանագրված ոչ մեծաթիվ խախտումներն էլ որեւէ կերպ չէին կարող էական ազդեցություն ունենալ արդյունքների վրա: Ընտրատեղամասերում երբեմն անիմաստ աղմուկ էր բարձրացնում Հակոբ Հակոբյանի վստահված անձ Սուսաննա Հարությունյանը, որը հասցրել էր լինել բոլոր 23 ընտրատեղամասերում էլ: Ականատեսները պատմում էին, որ Սուսաննա Հարությունյանը ընտրական հանձնաժողովի նախագահներին, անդամներին, վստահված անձանց եւ նույնիսկ լրագրողներին սովորեցնում էր, թե ով ինչպես պետք է աշխատի: Հետաքրքիրն այն է, որ այս կինը նախընտրական շրջանում հանդես էր գալիս ընդդեմ Հակոբ Հակոբյանի: Մամուլում տպագրված հարցազրույցներում նա Հակոբյանին մեղադրում էր թալանի եւ ընդդիմությանը սատարելու մեջ:

Ուշ երեկոյան Էջմիածնի հրապարակում հրավառություն էր: «Այսօր մեր ժողովրդի անկախությունն ու ազատությունը վերականգնվեց»,- հայտարարեց Մանվել Գրիգորանը եւ էջմիածինցիներին շնորհավորեց որդու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: Իսկ Կարեն Գրիգորյանը պատասխանելով «Առավոտի»՝ անակնկալ չէ՞ր հաղթանակը, քանի որ բոլորը վստահ էին, որ իշխանության թեկնածու Հակոբ Հակոբյանը պիտի հաղթի հարցին, ասաց. «Անակնկալ չէր այն առումով, որովհետեւ ես վստահություն ունեի, որ մեր ժողովուրդը իմաստուն է եւ միշտ էլ իր խոսքն ասում է: Այլ հարց, որ պիտի ժողովրդի խոսքը պահող մարդիկ լինեին. ամեն մի թեկնածու իր կողմից, իր տեղում պարտավորվեր եւ ապահովեր նորմալ ընթացք ու տեր կանգներ ժողովրդի խոսքին: Մեր բան ու գործը միայն խոստում տալը չէր: Ի դեպ, իմ առաջին խոստումը եղել է՝ ապացուցել, որ մեր քաղաքը ամեն ինչով առաջինն է, որ յուրաքանչյուր ձայն՝ անկախ նրանից, թե ում օգտին է քվեարկված, տեղ հասնի: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ դա հնարավոր է: Էջմիածինն ապացուցեց, որ ժողովրդավարական քաղաք է»: Նոյեմբերի 1-ից Կարեն Գրիգորյանը կստանձնի Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը. ո՞րն է լինելու առաջին գործը՝ «Սկսած գործերի շարունակությունը, քանի որ ես գործող թիմում փոխքաղաքապետ եմ՝ գազիֆիկացում, ջրմուղ-կոյուղու խնդիրներ, առաջիկա ձմռան պատրաստություններ, մանկապարտեզների ջեռուցում եւ համաքաղաքային մի շարք այլ խնդիրներ»: Ի դեպ, Մանվել Գրիգորյանի եղբոր որդին՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, մեր ունեցած տեղեկություններով, սատարում էր Հակոբ Հակոբյանին: Հիշեցնենք, որ Հրանտ Գրիգորյանն առաջիններից էր, որ դեմ դուրս եկավ Մանվել Գրիգորյանին եւ հրապարակավ իր հավատարմությունը հայտնեց Սերժ Սարգսյանին: Ինչպե՞ս է այս իրողությանը վերաբերվում Կարեն Գրիգորյանը. «Նա իմ հորեղբոր որդին է եւ իմ արյունն է: Ամեն մարդ ունի ընտրություն կատարելու իր իրավունքը, բայց ես չեմ լսել, որ նա նման հայտարարություն անի: Շատ բան են ասում… Մեր ազգում էդպիսի բան չի եղել՝ ոչ ոք մյուսի ցանկության վրա չի բռնացել, բայց ես վստահ եմ նաեւ, որ նա նման հայտարարություն չի արել, ամեն ասեկոսեի համար ես չեմ կարող պատասխան տալ: Համ էլ՝ նա մեր բնակիչը չէ. իր տարածքում նա օգնելու, սատարելու խնդիր ուներ, իմ հորեղբայրն էր ընտրվում (խոսքը Մեծամորի քաղաքապետի թեկնածու Աշոտ Գրիգորյանի մասին է, որը պարտվել է- Ն. Գ.)»: Իսկ ինչպե՞ս է վերաբերվելու իր մրցակից-բնակչին՝ Հակոբ Հակոբյանին: «Շատ նորմալ: Ես ե՛ւ ինձ ընտրողի, ե՛ւ չընտրողի քաղաքապետն եմ ու պատրաստ եմ ցանկացած հարցով սատարել իմ բոլոր բնակիչներին»,- ասաց Կարեն Գրիգորյանը:

Հակոբ Հակոբյանն առայժմ չցանկացավ պատասխանել մեր հարցերին, միայն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, ինքը կբողոքարկի ընտրությունների արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել