Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիի կենտրոնը՝ քաղաքապետի անունո՞վ

Հոկտեմբեր 21,2008 00:00

Գյումրիի «համեստ» քաղաքապետն ամեն ինչ անում է՝ պատմության գիրկն անցնելու համար

Այն պահից սկսած, երբ Գյումրիի ավագանին քաղաքապետի հրահանգով որոշեց Կենտրոնական հրապարակում Վարդանանց արձանախումբ տեղադրել ու այն Վարդանանց հրապարակ անվանել, գյումրեցիներն անմիջապես հասկացան, որ Վարդան Ղուկասյանը պատմական հերոսների անվան տակ սկսել է իրեն մեծարել: Եվ այդպես էլ եղավ. ուղիղ երեք օր առաջ՝ Գյումրիի տոնը նշելիս, արտիստներն ու երգիչները ջանք չխնայեցին բնակիչներին համոզելու, որ Վարդան Ղուկասյանը քաղաքին ամենանվիրված մարդն է, աշխարհի ամենաընտիր քաղաքապետը, եւ որ առանց Ղուկասյանի քաղաքը ուղղակի կկործանվի: Տեղեկացնենք, որ քաղաքի օրը Գյումրիում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, որը, սակայն, չմասնակցեց քաղաքապետի նախընտրական PR-ին եւ կես բառ անգամ չասաց Վարդանի ու նրա հրապարակի մասին. հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելուց հետո անմիջապես հեռացավ: Անվտանգության միջոցառումներն աննախադեպ էին. կեսօրին հրահանգել էին կողպել Կենտրոնական հրապարակում գտնվող շենքի բոլոր պատշգամբները՝ աշխատակիցներին արգելելով քաղաքի տոնին հետեւել այնտեղից: Բացի այդ, հրապարակը հսկայական թվով ոստիկաններով ու հատուկ ջոկատայիններով էին լցրել, որը եւս նորություն էր գյումրեցիների համար: Զգուշավոր էին նաեւ լրագրողների հարցում, անծանոթ մի դեմք տեսնելով՝ մոտենում ու հարցնում էին՝ «Դուք հավատարմագրվա՞ծ եք», որին ի պատասխան՝ լրագրողներն ապշում էին, թե «էս ի՞նչ նորություն է, նախագահի կողքից քայլելու համա՞ր էլ է հավատարմագրվել պետք»:

Գյումրիի տոնը սկսվեց Անի թաղամասից, ուր քսան տարի շարունակ անօթեւաններին արհամարհելուց հետո պատրաստվում են բնակարաններ կառուցել նրանց համար: Այս ամենը մեծ լավություն համարելով ու ամեն ինչ նախագահ Սարգսյանին վերագրելով՝ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը չլսված մի գովք սկսեց նախագահի հասցեին: «Ես ասում եմ, որ նրա հենց այս քայլն է պատճառը, որ աղետի գոտու հարյուր հազարավոր բնակիչներ նրան ձայն տվեցին, տվեցին իրենց վստահության քվեն: Ընտրություններից անցել է ընդամենը մի քանի ամիս, եւ այդ խոստումը դառնում է իրականություն: Հանրապետության նորընտիր նախագահի առաջին իսկ հանձնարարականով կառավարությունը սկսեց մշակել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգ: Հայեցակարգի համաձայն, մինչեւ 2013 թ. նախատեսվում է լուծել 6985 ընտանիքների բնակարանային խնդիրները, որից Շիրակի մարզում՝ 4420, Լոռու մարզում՝ 2403, Արագածոտնի մարզում՝ 149 եւ Տավուշի մարզում՝ 13: Գյումրու Մուշ եւ Անի թաղամասերում իրականացվող աշխատանքների վերաբերյալ նշեմ, որ պայմանագիր է կնքվել «Գլենդել Հիլս» կազմակերպության հետ, իսկ ժամանակացույցի վերաբերյալ կարող եմ ասել, որ շինարարական աշխատանքները կտեւեն ութ հարյուր օր եւ կավարտվեն 2010 թվականին: Գյումրիի Անի թաղամասում կկառուցվեն առնվազն չորս հարյուր բնակարան եւ սպասարկման օբյեկտ, Մուշ 2 թաղամասում՝ հազար ինը հարյուր բնակարան, այդ թվում՝ ավարտման ենթակա կիսակառույց շենքերը կավարտվեն, ընդամենը՝ առնվազն երկու հազար երեք հարյուր բնակարան, եւ հնարավորություն կա այդ թիվը հասցնել երեք հազարի»,- անօթեւաններին տեղեկացրեց քաղաքաշինության նախարարը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը պատասխանեց բացառապես «Հայլուրի» հարցին եւ ասաց հետեւյալը. «Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կայուն է, այսօր քաղաքական դաշտում շահարկվում է երեք թեմա՝ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող, ես ուզում եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, եւ դրա առհավատչյան ամսի 20-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցելությունն է Հայաստան, կան շուրջ 170 միջպետական եւ միջկառավարական համաձայնագրեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, այսօր Հայաստանում գործում են 1000-ից ավելի ռուսական ձեռնարկություններ, 70-ից ավելի մարզեր եւ ինքնավար հանրապետություններ համագործակցում են Հայաստանի Հանրապետության հետ, այսինքն՝ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Երկրորդ շահարկումը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին. մեր մոտեցումը հստակ է, որ փոխընդունելի փոխըմբռնումը շատ ավելի կարեւոր է, քան անխոհեմ առճակատումը, եւ այսօր թե՛ նախագահ Սարգսյանը, թե՛ Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի հարցում որեւիցե զիջման գնալու նպատակ չունեն, այդ մասին բազմիցս խոսվել է, եւ իզուր շահարկումները ոչ մի լավ բան չեն բերում: Եվ երրորդը, ի վերջո, մեր հարաբերություններն են եվրոպական կառույցների հետ. Հայաստանը հանդես է գալիս եվրոպական կառույցների հետ իր համագործակցությունը խորացնելու հետեւողական կուրսով, դրա վկայությունն է նաեւ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը՝ Հայաստանի նախագահի կարգադրությամբ, եւ մենք արդյունավետ աշխատում ենք եվրոպական կառույցների հետ: Այնպես որ, ներքաղաքական իրավիճակը գնահատում եմ նորմալ՝ այն ծրագրերը, որոնք նախանշել է Հայաստանի նախագահը, նոր քաղաքական իշխանությունը՝ դրանք վճռականորեն առաջ են գնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել