Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՅԱՍՆԻԿԻ ՁՈՂԸ

Հոկտեմբեր 21,2008 00:00

\"\"Ոստիկանների տված ցուցմունքների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը բերման ենթարկվելիս ասել էր, թե այդ ձողն իրենը չէ:

ԱԺ բազմաթիվ պատգամավորներ էին մարտի 4-ին իրենց ընդդիմադիր 4 գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ քվեարկելն այսպես բացատրում, թե բա հո չէի՞ն սպասելու, մինչ Մյասնիկ Մալխասյանը կգար ու իր ձողով կխփեր իրենց գլխին:

Այդ ձողի մասին «Մարտի 1»-ի գործում առաջին վկայությունը Մյասնիկ Մալխասյանին բերման ենթարկելու մասին արձանագրության մեջ է, որտեղ ոստիկանները նշում են, թե մարտի 2-ին, ժամը 6-ի սահմաններում, Շահումյանի անվան հրապարակից նրան բերման են ենթարկել «ապօրինի զենք, զինամթերք պահելու եւ մասսայական անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: Բերման ենթարկելու ժամանակ նրա ձեռքին կար երկաթյա ձող»: Հիշեցնենք, որ պատգամավորն այդ պահին եղել է տաքսու մեջ: Մեկ այլ՝ անձնական խուզարկություն կատարելու մասին արձանագրության մեջ նշվում է, թե այդ ձողը 55,5 սմ երկարություն ուներ, մի ծայրը ծռված էր ու կանաչ գույնի էր, եւ այն «առգրավվել է, փաթեթավորվել ու կնքվել»: Նրան բերման ենթարկած 3 ոստիկաններն ավելի ուշ իրենց ցուցմունքներում նշել են, թե Մյասնիկ Մալխասյանի ձեռքում նկատել էին ձող, որը նա իջնելուց առաջ թողեց մեքենայի մեջ. «Մենք առաջարկեցինք նրան, որպեսզի իր հետ վերցնի այդ ձողը, սակայն նա հրաժարվեց եւ ասաց, որ դա իրենը չէ»: Փաստորեն, հերքվում է առաջին արձանագրությունը, թե բերման ենթարկելիս այդ ձողը Մյասնիկ Մալխասյանի ձեռքին էր: Ոստիկանները վկայել են, թե իրե՛նք են տաքսու միջից վերցրել ձողը: Նաեւ նշենք, որ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի մարտի 20-ի եզրակացության համաձայն՝ այդ մետաղյա ձողը «հարմարացված չէ ջարդող-փշրող հարվածներ հասցնելու համար, չի հանդիսանում սառը զենք»:

Մյասնիկ Մալխասյանի հետ միասին բերման էին ենթարկվել եւս 4 հոգի՝ նույն տաքսու եւ դրա հետեւից ընթացող մեքենայի մեջ գտնվող անձինք՝ «զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով»: Ահա նրանցից մեկի մոտ, որն ապարանցի երկրապահ է եւ բերման էր ենթարկվել «ապօրինի զենք, զինամթերք պահելու, կրելու եւ տեղափոխելու» կասկածով՝ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Ի դեպ, նշենք, որ մյուս բերման ենթարկվածների մոտ, խուզարկության արձանագրությունների համաձայն, չի հայտնաբերվել ոչինչ: Իսկ այս մեկը, որի մոտ դանակ է հայտնաբերվել՝ մարտի 2-ին իր ցուցմունքում նշել է, թե մարտի 1-ին իր ընկերոջից իմանալով, որ «երվանում նախագայի թեգնացու լեվոն տեր պետրոսյանի կողմնակիցները խուլիգանական գործողուցուներ են ձերնարկել, Առանց օրինական թույլ տվության հանրա հավակ եվ փողոցային երթեր պետկ ե վարարավեն ես եվ լովան միյասին վորոշիցինք վր մենք էլ գանք երեվան եվ մասնԱքցենք այտ ան օրինական, օրենքով չըթուլատրվաց հանրա հավակին եվ խուլիգանական գորցուղութեներին եվ փողոցային երթերին»: Մենք միտումնավոր այս ցուցմունքը մեջբերեցինք առանց խմբագրման, որպեսզի ակնհայտ դառնա, որ նման գրագիտության տեր մարդը նման արտահայտություններ՝ «օրենքով չթույլատրված հանրահավաք» եւ այլն՝ կարող էր օգտագործել թերեւս միայն քննիչի թելադրանքով: Վերջինս, ի դեպ, վկային փաստորեն սադրել է ցուցմունք տալ ինքն իր դեմ:

Այդ ապարանցի երկրապահը ցուցմունք է տվել նաեւ Մյասնիկ Մալխասյանի դեմ՝ նշելով, թե նա ելույթում ասում էր, որ հարկավոր է պայքարել եւ «բռնի կերպով տապալել պետական իշխանուցյունը եւ թույլ չտալ, որ ընտրուցուների արցյունքում հայաստանի հանրապետուցան նախագա ընտրվաց Սերժ Սարկսյանը Ստանցնի նախագայի պաշտոնը եւ կազմի կառավարուցուն, խեկավարի հանրապետուցունը եվ միյասնիկ մալխասյանը կոչ եր անում ժողվրդին վոր հնարավոր բոլոր ան օրինական եվ բռնի գորցխնո գործոխությունների հարկավոր ե դիմել, ընդհուպ մինչյիվ հրկիզումներ, կրակոցնիր եվ ծեցուջարդ. եթե կարիք լինի նայեվ պետական իշխանության, կառավարության, ոստիկանության եվ միյուս իրավա պամարմիններին կառուցների շենկերի վրա հարցակվելը զավթելը եվ գրավելը: Միյասնիկի այդ ելութին եվ առտահայտվաց կոչերին հավաքվաց այդ անկառավարելի մարդկանց ամբոխը, վորոնց մեց մասը այդ պահին գտնվում եր ալքալով ալկոհոլի եվ թմրա նութերի ազդեցության տակ, արձագանկում եր ցնցությանբ եվ հավանույան եվ ոգեվորության կոչերով եվ վանկարկելով լեվոն, լեվոն, լեվոն, միյասնիկ, միյասնիկ Անուններով»:

Ցանկալի ցուցմունքը ստանալուց հետո քննիչը վկային ձերբազատել է իր իսկ ստանձնած քրեական պատասխանատվությունից: «Ձեր բանավոր հարցին պատասխանում եմ, որ ես ինքս իմ ցուցմունկում նկագրաց բռնի խուլիգանական անկարկուցուներին չիմ մասնակցել, այտ պահին ես այտ անբոխից հեռացել եի»,- գրել է վկան ցուցմունքի վերջում, որի սկզբում հիշեցնենք՝ գրել էր, թե Երեւան էր եկել՝ մասնակցելու խուլիգանական գործողություններին: «Ձեր հաջորդ հարցին պատասպանում եմ որ այդ ամբոխում հավաքվաց եվ անկակուցուներին մասնակցոխ մարտկանց պահվացկից, վարքագցիծ եվ խոսելաձեւից հասկացա, որ նրանք բոլորն ել լկտի խուլիգաներ են եվ գտտնվում են հարփաց եվ թմրանույթ օգտագործաց վիծակում,- նաեւ գրել է նա:- միյասնիկի այս ան օրինական կոչերից ոգեորվաց այդ հարփաց թմրամոլները եվ մնացաց ամբոխը սկսեցին քարկոցել վոստիկաներին»:

Մեկ այլ վկա, որ Մյասնիկ Մալխասյանի շենքի շինարարության վրա էր աշխատել, իսկ փետրվարի 19-ից հետո հանրահավաքներում նրա կողքին էր գտնվել՝ ցուցմունքում նշել է, թե մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ իր ելույթում «Մյասնիկ Մալխասյանը կոչ էր անում հավաքված ժողովրդին, որ հարկավոր է բռնի ուժով, անօրինական բոլոր միջոցներով տապալել պետական իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը զավթել, գրավել բոլոր պետական կառույցների, ոստիկանության եւ մյուս իրավապահ կառույցների շենքերը եւ հեռուստատեսությունը, կոչ էր անում բռնի ուժով կատարել իշխանափոխություն, որպեսզի ընտրությունների արդյունքում որպես ՀՀ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը չհասցնի ստանձնել հանրապետության նախագահի պաշտոնը»: Նկատեցի՞ք ընդհանրությունը գրագիտության խիստ տարբեր աստիճաններ ունեցող այս երկու ցուցմունքների միջեւ: Այս երկու վկաներին հարցաքննել է նույն մարդը՝ ավագ քննիչ Գ. Շահինյանը: Եվ ինչպես ԵԿՄ անդամ վկան՝ այս շինարարն էլ է ցուցմունքում ճիշտ նույն արտահայտություններով վկայել. «Մյասնիկ Մալխասյանի տրված կոչերին հավաքված ժողովուրդը, որոնց մեջ հիմնականում ալկահոլ եւ թմրանյութեր օգտագործած մարդիկ էին՝ ինչը ես հասկացա այդ մարդկանց պահվածքից, խոսելաձեւից եւ վարքագծից, բոլորը լկտի խուլիգանական հայհոյանքներով էին արտահայտվում ոստիկանների եւ բոլոր պետական կառույցների հասցեին:…Այս անկառավարելի խուլիգան ամբոխը ոգեւորվելով եւ հրճվելով Մյասնիկ Մալխասյանի արտահայտած այդ կոչերից՝ արձագանքում են. Լեւոն-Լեւոն, Մյասնիկ-Մյասնիկ»: Եվ նա էլ է քննիչի բանավոր հարցին ի պատասխան նշել, թե ինքն այդ «բոլոր խուլիգանական գործողություններին» չի մասնակցել եւ փորձում էր հեռանալ ամբոխից:

Նշենք, որ մարտի 4-ին, երբ գլխավոր դատախազը դիմել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով, որ նա պատգամավորներին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու համաձայնություն տալու միջնորդության քննարկման համար հրավիրի ԱԺ արտահերթ նիստ՝ մեղադրանքը հաստատող որեւէ այլ ապացույց, քան վերոհիշյալ իրար խիստ կասկածելիորեն նման 2 ցուցմունքները եւ ոչ սառը զենք այդ ձողն էին՝ չկար: Համենայնդեպս՝ դա են վկայում գործի նյութերը: Մյասնիկ Մալխասյանն ինքը հրաժարվել էր ցուցմունք տալուց՝ բազմիցս հայտարարելով. «Զանգվածային անկարգություններ չեմ կազմակերպել եւ չեմ հրահրել, պետական իշխանությունը յուրացնելու որեւէ փորձ չեմ կատարել, հանրահավաքներին մասնակցել եմ զուտ որպես մասնակից, այլ ոչ կազմակերպիչ, իմ ելույթներում կոչ եմ արել հանդարտության եւ զսպվածության»:

Հ. Գ. Ի դեպ, այս գործի նյութերն ընթերցելուց հետո կորցնում ես հավատը, թե մեզանում իրականում կա «բանկային գաղտնիք» եւ հեռախոսազրույցների գաղտնիություն: Անխտի՛ր բոլոր բանկերը տրամադրել են տեղեկանքներ այս գործով անցնող անձանց բանկային հաշիվների եւ դրանցում գումարների շարժի մասին: Եվ կապի բոլո՛ր օպերատորները տրամադրել են տեղեկանքներ, թե ինչ զանգեր են կատարվել տվյալ անձի հեռախոսից, ում են պատկանում այն հեռախոսահամարները, որոնց նա զանգել է եւ այլն: Մյասնիկ Մալխասյանի գործում 40 էջ են կազմում նման տեղեկանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել