Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ «ՀԱՆՁՆԵՑԻՆ» ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 21,2008 00:00

«Ժառանգություն» խմբակցությունը երեկ խորհրդարանին էր ներկայացրել թվով ութ օրինագիծ՝ յուրաքանչյուր ազատազրկված պատգամավորի համար մեկական՝ խափանման միջոցի վերանայում եւ մյուսը՝ ազատազրկված 4 պատգամավորների մեղադրանքը եւ կալանքը փոփոխել եւ ուժը կորցրած ճանաչել: ԱԺ մեծամասնությունը, բնականաբար, սեղմեց «ճիշտ» կոճակները: Ըստ էության, պատգամավորները դարձյալ դեմ քվեարկեցին իրենց գործընկերներին ազատ արձակելու հնարավորությանը եւ երկրորդ անգամ «հանձնեցին» իրենց գործընկերներին: Օրինագծերի համահեղինակ Զարուհի Փոստանջյանը «Առավոտի» հետ զրույցում գնահատելով այս իրավիճակը՝ ասաց. «Եթե այլ հարցերի քվեարկության դեպքում գործում է գաղտնի քվեարկությունը, այս դեպքում պատգամավորները ուղղակի ստիպված էին պատռել իրենց դիմակները եւ ցույց տալ իրենց իրական դեմքը: Այս անգամ մեծամասնությունը կամ ընդհանրապես չքվեարկեց, կամ ձեռնպահ մնաց, կարծում եմ, սա շատ լավ քննություն էր կամ՝ թեստ՝ Ազգային ժողովի բարոյական նկարագիրը ունենալու համար»: Տիկին Փոստանջյանը ասաց, որ այս ամենը իրենց համար անսպասելի չէր, բայց եւ ավելորդ անգամ ապացուցվեց, թե ով ով է. «Մի բան է կարեւոր՝ այսօր ընթացող դատավարությունները ապացուցում են, որ այն միջնորդագիրը, որը գլխավոր դատախազը ներկայացրեց ԱԺ-ին՝ բացարձակ օրենքի սահմանում չէր, այն որոշումները, որ դատարանները կայացրել են՝ այս մարդկանց համար խափանման միջոց ընտրելով կալանքը, օրինականության սահմանում չեն, հետեւաբար, սրանք պետք է քննարկման առարկա դառնան, եւ ԱԺ-ն պետք է փորձեր շտկել իր սխալները: Մենք եւս մեկ անգամ փորձեցինք իրենց հուշել, բայց մեր հորդորները, որ նաեւ առաջացած փակուղուց դուրս գալու խնդիր էին լուծելու, չընդունվեցին»: Նկատենք, որ բացի «Ժառանգության» պատգամավորներից, ազատազրկված պատգամավորներին ազատ արձակելու կամ՝ մինչ դատավարությունը խափանման միջոցը փոխելու մասին օրինագծերին «կողմ» էին քվեարկել նաեւ թվով 15 այլ պատգամավորներ, որոնց ընդդիմադիր չես համարի, այդ թվում՝ նաեւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Մեկ այլ նկատառում եւս՝ դահլիճում ներկա պատգամավորների ճնշող մեծամասնությունը կամ չի մասնակցել քվեարկությանը, կամ ձեռնպահ է քվեարկել: Այնուամենայնիվ, հարցերը օրակարգ չեն մտել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել