Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ ոք առանձնապես չբողոքեց

Հոկտեմբեր 21,2008 00:00

Վերընտրվեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը

Կիրակի օրը Վանաձորում կայացան ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու թեկնածուների ընտրություններ, որի արդյունքում արդեն երրորդ անգամ Վանաձորի քաղաքապետ վերընտրվեց Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Դարբինյանը, իսկ տասնհինգ տեղի համար պայքարող հիսունութ ավագանու թեկնածուներից ընտրվեցին 950 ձայնից ավելի հավաքած թեկնածուները:

Ավագանիների թեկնածուներից առավելագույն ձայները հավաքել էր ՀՀՇ անդամ Կարեն Ադամյանը (1820 ձայն): Ընդհանուր առմամբ՝ ընտրական իրավունք ունեցող 94.102 քաղաքացիների 48.5 տոկոսն է մասնակցել ընտրություններին:

Համայնքի ղեկավար դառնալու համար, բացի 25493 ձայն ստացած Սամվել Դարբինյանից, պայքարում էին եւս 5 թեկնածուներ, որոնցից ընտրությունների արդյունքում առավելագույն ձայն են հավաքել Հանրապետական Էդվարդ Խլղաթյանը (8402 ձայն) եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Գառնիկ Սահակյանը (3411 ձայն): Քաղաքապետի մյուս երեք թեկնածուները չեն հաղթահարել 3000-ի շեմը:

Ընտրությունների օրը Էդ. Խլղաթյան ի շտաբից ահազանգ ստանալով՝ «Առավոտը» զրուցեց թեկնածուի հետ, որն էլ նշեց. «Արդեն մենք նկատում ենք խախտումներ, մասնավորապես, կան բնակիչներ, ովքեր դիմել են մեզ՝ ասելով, որ իրենց բնակարաններում գրանցված են մարդիկ, ում իրենք չեն ճանաչում»:

Այդպիսի քաղաքացիներից մեկը Ներսիսյան փողոցի 12 շենքի 1-ին տան բնակիչ Ֆելիքս Շախկուլյանն էր, որն էլ մեզ հետ ունեցած զրույցում հայտնեց. «Մեր տանը գրանցված ենք ես, կինս եւ տղաս, բայց կան «գրանցված» եւս երկու հոգի, ում ես չեմ էլ ճանաչում»: Այս նույն շենքի բնակիչ, քաղաքապետի թեկնածու Սենիկ Էվինյանի վստահված անձ Եղիշե Թորոսյանն էլ վստահեցրեց, որ մի այդպիսի «անծանոթ բնակիչ» էլ իր տանն է գրանցված՝ ոմն Մելինե Հարությունյան, որը, ի դեպ, արդեն եղել էր 30/20 ընտրատեղամասում եւ ընտրություն կատարել: Ընտրատեղամասի նախագահ Ավագ Ավագյանն ասաց, որ դա իրենց խնդիրը չէ. «Այդ բնակիչները մեզ ներկայացել են անձնագրերով եւ գրանցված են եղել այդ բնակարաններում: Ես հո չե՞մ կարող իմանալ, թե ով որտեղ է բնակվում. կարեւորը գրանցման կնիքն էր, որ կար այդ մարդկանց անձնագրերում: Բացի այդ, մենք չենք կարող իմանալ Ներսիսյան փ-ն փողո՞ցն է, թե՞ փակուղի. փ-ն փ է»: Անձնագրային բաժանմունքի պետ Հայկ Դավթյանը սխալը վերագրեց համակարգչին, որը սխալ է մուտքագրել թվերը. «Քանի որ Ներսիսյան 1-ը դարձել է Ներսիսյան 12, առաջ են եկել ահա այսպիսի սխալներ»,- ասաց Անձնագրային բաժանմունքի պետը:

Չնայած ընտրությունների օրը քաղաքապետի թեկնածուների վստահված անձանց կողմից նկատված այլ խախտումներին, Ընտրատարածքային ընտրական տեղամասի նախագահ Մինաս Սայադյանն ասաց, որ որեւէ դիմում-բողոք չի ստացել. «Արդեն քվեարկության արդյունքներն ամփոփել ենք՝ ուղարկելով ԿԸՀ, սակայն մինչ սահմանված ժամը որեւէ դիմում-բողոք չենք ստացել»: Սա այն դեպքում, երբ ընտրությունների ավարտից կես ժամ առաջ Էդվարդ Խլղաթյանի շտաբը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ ՏԻՄ ընտրությունները անցել են ոչ արդար եւ թափանցիկ, գրանցել էին այլ խախտումներ եւս:

Ընտրությունների հաջորդ օրը բողոքների բացակայությունը Էդվարդ Խլղաթյանը բացատրեց հետեւյալ կերպ. «Ձայների տարբերությունը շատ մեծ էր, եւ հետո մեր ուղարկած դիմում-բողոքները որեւէ էական փոփոխություն չէին կարող մտցնել արդյունքների հարցում: Խախտումներ, ինչ խոսք, եղել են, սակայն դա արդեն այս պահին ինձ համար կարեւոր չէ: Ես չեմ ուզում փչացնել հարաբերություններս իմ ժողովրդի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել