Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊԱԿԱՑ ՔԱՅԼԵՐ

Հոկտեմբեր 21,2008 00:00

\"\"Նաեւ այսպես են գնահատվում Սերժ Սարգսյանի ուղերձում հնչած մտքերն ու ընդդիմության որդեգրած հանրահավաքային դադարի մարտավարությունը:

Սեպտեմբերի 26-ին Հյուսիսային պողոտայում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացել էր, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքում ինքը թեեւ տակտիկական գաղտնիքներ չի բացահայտի, բայց ազնվաբար կներկայացնի շարժման հետագա պայքարի ստրատեգիան:

Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանը ոչ միայն ներկայացրեց պայքարի ստրատեգիան, այլեւ շատերի համար անսպասելի հայտարարություն արեց՝ ազդարարելով շարժման հանրահավաքային «թայմ աութի» մասին՝ շեշտելով, որ իշխանությունները չպետք է ոգեւորվեն կամ չարախնդան ժամանակավոր այդ դադարի կապակցությամբ, չպետք է այն համարեն հետագա պայքարից եւ մինչ այս առաջ քաշած պահանջներից հրաժարվելու դրսեւորում: Ըստ նրա՝ դա նաեւ իշխանությունների հետ գործարքի գնալու կամ նրանց առաջ ընկրկելու տարրեր չի պարունակում, այլ պայմանավորված է ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման՝ իշխանությունների մտադրությանը չխանգարելու եւ նրանց՝ արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումներից զերծ պահելու նպատակով:

Այս որոշումը առաջին հայացքից այնքան էլ դյուրամարս չէ, եթե նկատի ունենանք, որ ընդդիմությունն էր, որպես կանոն, հայտարարում, թե ԼՂ հիմնախնդիրը իշխանությունները շահարկում են՝ փորձելով կասեցնել պայքարը՝ հանուն երկրում ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի վերահաստատման:

Հայ ազգային կոնգրեսին անդամակցած կուսակցությունների առաջնորդները կիսում են Լ. Տեր-Պետրոսյանի մտահոգությունը. «ՀԱԿ-ը գործում է ոչ թե իշխանությունների դեմ, այլ՝ ի նպաստ եւ ի շահ երկրի, եւ մեր այս քայլը պայմանավորված էր երկրի ճակատագրով ունեցած մտահոգությամբ: Այդ որոշումը ավելի բարձրացրեց ե՛ւ ընդդիմության, ե՛ւ Տեր-Պետրոսյանի՝ որպես առաջնորդի եւ անհատի, վարկը: Ես լիովին կիսում եմ նրա կարծիքը, իսկ թե ինչ են մտածում իշխանությունները՝ իրենց պրոբլեմն է: Լավ կլիներ՝ իրենք էլ երբեմն այնքան վեհություն ունենային, որ փորձեին մի քիչ էլ երկրի մասին մտածել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Լ. Տեր-Պետրոսյանի մարտավարության հետ համաձայն չէ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանը, որի կարծիքով՝ հանրահավաքները ոչ միայն չեն խանգարում բանակցային գործընթացին, այլ հակառակը՝ կարող են օգնել ԼՂ համար անցանկալի լուծումների դեմ պայքարելու իմաստով: Ըստ նրա՝ պետք է շարունակել ժողովրդական ճնշումը՝ որեւէ տարածքային զիջում թույլ չտալու համար, նաեւ՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ այս «ռեժիմի պարագլուխների» հետ որեւէ հարց լուծել հնարավոր չէ, որովհետեւ նրանք հայ հասարակության հետ կապ չունեն:

Տարբեր են տեսակետները նաեւ կոալիցիայում: ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը կարծիք է հայտնել, թե՝ ընդդիմության «թայմ աութը» իրականում պայմանավորված է հանրահավաքում մարդ հավաքելու տեխնիկական խնդրով: Նման կարծիք երեկ հայտնել է նաեւ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Իսկ ահա ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը չշտապեց պիտակավորել ընդդիմության հայտարարությունը կամ մեկնաբանել նրա ընտրած մարտավարությունը, ասելով, թե դա իրենց խնդիրն է, եւ ընդդիմությունը հաշվետու է իր ընտրազանգվածի առաջ: Ա. Սաֆարյանը նկատել է, որ ԼՂ հարցով իրավիճակի վատթարացում ինքը չի նկատում, եւ խորհուրդ տվեց «առաջնորդվել այն մարդկանց խոսքերով, ովքեր ընդգրկված են բանակցային պրոցեսում եւ պատասխանատու են դրա համար»՝ նկատի ունենալով ՀՀ նախագահին եւ ԱԳ նախարարին:

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը արձանագրեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարության առնչությամբ երկու կարծիք է ձեւավորվել: Մի մասն այդ հայտարարությունը դիտարկում է որպես ոչ ազնիվ քայլ, որի տակ ինչ-որ խարդավանք կա, մյուս մասը համարում է, որ դա ազնիվ հայտարարություն է. «Ես երկրորդ կարծիքի կողմնակիցն եմ, թեեւ այդ հայտարարությունը համարում եմ մի քիչ ուշացած: Այդուհանդերձ, որպես իշխանության ներկայացուցիչ, չեմ չարախնդում այդ որոշման առնչությամբ, ինչպես կանխատեսում էր Տեր-Պետրոսյանը, եւ կարծում եմ, որ այդ դադարը զուտ մեխանիկական չպետք է լինի: Կարծում եմ, այն խնդիրների շուրջ, որոնք մատնանշել է Տեր-Պետրոսյանը՝ ԼՂ հարց եւ հայ-թուրքական հարաբերություններ, ընդդիմությունը ոչ միայն մեխանիկական աջակցություն կարող է եւ պետք է ցուցաբերել, այլեւ կարող է իր մտավոր ներուժը, ունեցած միջազգային կապերն ու փորձը համադրել իշխանական լծակների, փորձի հետ եւ այս երկու ամսվա ընթացքում օգտակար լինել ոչ միայն մեխանիկական պասիվությամբ, այլեւ՝ մտավոր, վերլուծական աշխատանքով: Կարծում եմ, ներքաղաքական կոնսենսուսը, որի ականատեսը մենք կարող ենք լինել, շատ դրական կազդի հետագայում ՀՀ առջեւ ծառացած արտաքին մարտահրավերների լուծման համար եւ ամուր հիմք կհանդիսանա նաեւ ներքաղաքական ավելի քաղաքակիրթ փոխհարաբերությունների համար»: Իսկ ի՞նչ կստանա փոխարենը, ասենք՝ քաղբանտարկյալների ազատ արձակման իմաստով: «Չեմ կարծում, թե ընդդիմությունն այդ քայլն արել է սակարկման ակնկալիքով, որովհետեւ պետության եւ ազգային խնդիրները, հասարակության կայունությունն ու զարգացումը նաեւ ընդդիմության համար են ավելի գլոբալ խնդիրներ: Իսկ հարցերը, որոնք մատնանշեցիք, ներքաղաքական պայքարի օրակարգի խնդիրներ են, որոնք նույնպես լուծելի են: Համենայնդեպս, միտումները կարող են դրական լինել՝ շփման եզրեր գտնելու, արտաքին քաղաքականության ոլորտում համատեղ աշխատելու, դրական քայլեր արձանագրելու եւ հետո այդ փորձը նաեւ ներքաղաքական խնդիրների օրակարգ տեղափոխելու իմաստով»,- եզրակացրեց ՀՀԿ-ական պատգամավորը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ՝ «քանի դեռ չգիտենք, թե իրականում ինչ պրոցեսներ են ընթանում եւ ինչ խնդիրներ կարող են լուծվել կամ շահարկվել ի վնաս մեր պետության, ընդդիմությունը բավականին զգույշ պետք է լինի իր գործելաոճում»: Նա արդարացված համարեց ընդդիմության «թայմ աութն» ու այսպիսի դիտարկում արեց՝ «իշխանությունը եւ ընդդիմությունը հանդիպակաց քայլեր են անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել