Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՔԱՅԼԸ

Հոկտեմբեր 21,2008 00:00

\"\"Ըստ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանի՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմամբ Սերժ Սարգսյանը կմնա պատմության մեջ՝ «որպես մեծ գործ արած ղեկավար»:

– ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը բավականին կոշտ գնահատական տվեց գործող իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը: Ստացվում է, որ կովկասյան վագրի երբեմնի թռիչքները գործող իշխանություննե՞րն են կաշկանդում:

– Աբդուլլա Գյուլի այցից հետո բոլոր խոսակցություններից ինձ համար ամենազարմանալին հենց Վարդան Օսկանյանի հայտարարությունն էր այն մասին, որ եթե Կարս-Գյումրի երկաթուղին չբացվի 6 ամսից, այդ հրավերը եւ այցը իզուր էին, եւ դրանով իբր Թուրքիան հնարավորություն ստացավ շահարկել երկու երկրների նախագահների հանդիպումը: Եթե այսպիսի բան ասեր պատահական մեկը՝ ես կհասկանայի, բայց չեմ կարծում, որ Օսկանյանն այնքան միամիտ է դարձել, որ կարծում է, թե Սերժ Սարգսյանն ու Էդուարդ Նալբանդյանն այնքան միամիտ են, որ Գյուլին հրավիրելով՝ ակնկալում էին, որ երկաթուղին պիտի բացվի: Ինքս այդ պաշտոնյաների մասին այլ կարծիքի եմ: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի առաջին ուղերձում բացահայտվեց ամեն ինչ. թե՛ Ղարաբաղի, թե՛ Գյուլի այցելության հարցում: Այդ ուղերձով նախագահը բոլոր առկա հարցերին պատասխանեց մի շատ կարեւոր որոշումով՝ նկատի ունեմ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին հայտարարությունը: Սա ուղերձի ամենակարեւոր կետն եմ համարում, որովհետեւ ե՛ւ Ատոմակայանի, ե՛ւ համահայկական բանկի մասին շատ էր խոսվել, իսկ երկաթուղու հարցը դեռ օդում էր: Եվ այն նախագահի ուղերձում առաջին անգամ մարմնավորում ստացավ: Ես չեմ կարծում, թե Օսկանյանը չի կռահել, որ Իրանի հետ երկաթուղու կառուցումը նշանակում է առեւտրատնտեսական մերձեցում: Իսկ թե ինչ երկիր է Իրանը Արեւմուտքի համար՝ բոլորին է հայտնի: Նկատի ունեմ ե՛ւ նրա դեմ եղած պատժամիջոցները, ե՛ւ այլ հարցեր: Իսկ արդյոք հե՞շտ է լինելու Հայաստանի համար Իրանի հետ երկաթուղու կառուցումը: Վստահ եմ, Սերժ Սարգսյանը դրա բարդությունը հիանալի գիտակցում է: Եվ երբ Գյուլին հրավիրելուց հետո Թուրքիան իր տոնը չփոխեց, շարունակեց մեզ համարել «օկուպանտ» եւ այլն, որքան էլ տարօրինակ է, սա մեր օգտին էր: Իրականում՝ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրեց, որպեսզի աշխարհին ցույց տա, որ ինքն ամեն ինչ արեց հարեւանի հետ դրացիական հարաբերությունների հաստատման համար, բայց սահմանը մնաց փակ, Թուրքիան չփոխեց իր քաղաքականությունը, եւ հիմա Հայաստանն ուղղակի պարտադրված է Իրանի հետ երկաթուղի կառուցել։ Սա ես համարում եմ ամենակարեւոր եւ խելացի դիվանագիտական քայլը:

– Այս համատեքստում ի՞նչ եք ակնկալում այս օրերին ընթացող Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպումից:

– Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի այսօր-վաղը ՌԴ նախագահից ստանալ օժանդակություն Հայաստան-Իրան երկաթուղին հնարավորինս արագ կառուցելու համար՝ մենք կհամարենք սա մեծ նվաճում: Ռուսաստանն էլ, եթե ուզում է իր ստրատեգիական գործընկերը ավելի լայն հնարավորություններ ունենա իր պարտավորությունները կատարելու համար, պիտի ամեն ինչ անի, որ այս երկաթուղին կառուցվի: Ինքս Սերժ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումից ամենից շատ ակնկալում եմ այդ երկաթուղու խնդիրն առավել առարկայացնելը ու հնարավորինս արագ իրագործելը: Եթե հիշում եք, դիվանագետներին ուղղված իր խոսքում նախագահը կոչ արեց այս խնդիրը բարձրացնել, դա հենց այնպես չէր: Մյուս կողմից, եթե Ռուսաստանը իսկապես Անդրկովկասում ուզում է պահպանել այն դերը, որ ունի, ապա հույսը չի կարող դնել Ադրբեջանի վրա:

– Ձեր ասածներից ենթադրվո՞ւմ է, որ տարածաշրջանում Հայաստանը դառնում է կարեւոր գործոն եւ նախաձեռնող ուժ:

– Եթե երկաթուղին կառուցվի, այո, ես տեսնում եմ դա եւ ողջունում եմ: Այո, Արեւմուտքը պիտի տեսնի, որ մենք ունենք ելք եւ պիտի ճնշում բանեցնի Թուրքիայի վրա, որ երկաթգիծը բացվի, որովհետեւ, եթե Իրան-Հայաստան երկաթուղին բացվի՝ Հայաստանը կկարողանա շատ ավելի կոշտ խոսել եւ նախապայմաններ առաջարկել: Սա ամենակարեւոր հարցն է, եւ ուրախ եմ, որ իր առաջին ուղերձում նախագահը խոսեց այդ մասին: Եվ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի կառուցել այդ երկաթուղին կամ դնել կառուցման հիմքը, նա կմնա մեր պատմության մեջ, կմնա՝ որպես մեծ գործ արած ղեկավար: Եվ ես կուզեմ, որ այդպես լինի՝ Հայաստանի շահերից ելնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել