Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐԱԴԱՏ» ՎԵՐԵԼԱԿՆԵՐԸ

Հոկտեմբեր 18,2008 00:00

Բեռլինի կենցաղային տեխնիկայի խանութներից մեկի վերելակում հայտնված տղամարդու փրկությունը վերածվեց զավեշտալի հանցագործության բացահայտման: Պարզվեց, որ «ազատազրկվածը» գող է, իսկ նրա մոտ հայտնաբերված պայուսակը լեփ-լեցուն էր այդ խանութի ապրանքներով: 27-ամյա Հենրիխ Կլոպպը ավարին (նոթբուքեր, բջջային եւ լարային հեռախոսներ) հեշտությամբ տիրանալուց հետո ծրագրել էր անաղմուկ իջնել խանութի բակ, որտեղ նրան սպասում էին հանցակիցները, սակայն գողոնն այնքան ծանր էր, որ նա որոշեց օգտվել վերելակից: Այստեղ էր, որ հաջողությունը երես թեքեց, եւ վերելակը արգելակվեց հարկերից մեկում: Ճարահատյալ՝ հանցագործը զանգեց փրկարար ծառայություն: Վերջիններս վերելակից դուրս բերեցին «տուժածին»՝ ոչինչ չկասկածելով: Սակայն փրկարարներից մեկի ուշադրությունը գրավեցին վերելակի անկյունում դարսված 4 համակարգիչները: Դրանից հետո «տուժածը» տեղափոխվեց ոստիկանության բաժին, որտեղ պարզվեց, որ սա երիտասարդի առաջին փորձերն էին, եւ նա խոստովանեց, որ «այս գործը այնքան էլ իր սրտով չէր»:

Նմանատիպ մի դեպք էլ տեղի էր ունեցել Մոսկվայում, երբ վերելակի անսարքության պատճառով հանցագործներին բռնել էին «տաք հետքի» վրա: Բնակարանային գողերը հերթական զոհի՝ մայրաքաղաքի թատրոններից մեկի գլխավոր ռեժիսորի տունը թալանելուց հետո «լռվել» էին վերելակում: Գողերը սողոսկել էին բնակարան, երբ տանտերը գնացել էր աշխատանքի: Նրանք հափշտակել էին $50 հազարից ավելի գումար, թատերական պարգեւներ, այդ թվում՝ նաեւ ադամանդներով զարդարված «Ոսկե դիմակ» հեղինակավոր մրցանակը: Փախուստի պահին վերելակը արգելակվեց հարկերի արանքում: Երկու հանցագործի, այնուամենայնիվ, հաջողվեց դռները բացել եւ փախչել: Սակայն այդ պահին անսպասելի վերադարձավ տանտերը եւ, հայտնաբերելով բնակարանը թալանված վիճակում, անմիջապես ահազանգեց ոստիկանություն: 4 գողերից երկուսին ձերբակալեցին՝ շնորհիվ վերելակի անսարքության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել