Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 18,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ վեցերորդ

ԱՆԸՆԴՀԱՏ ՇԵՂՈՒՄՆԵՐ

Տաթեւիկին, իհարկե, անդրադառնալու եմ, որովհետեւ Ախալքալաքցի Աշոտից հետո Տաթեւիկն իմ կյանքում երկրորդ մարդն էր, որի շնորհիվ երկրորդ անգամ աշխատանքի ընդունվեցի՝ արդեն «Ծիծեռնակ» ամսագրում. այսինքն, եթե ուզենամ էլ, չեմ կարող Տաթեւիկին շրջանցել ու չանդրադառնալ, բայց իրեն Լիզայից միանգամայն այլ կերպ եմ անդրադառնալու, որովհետեւ երբ յոթանասունյոթի կեսերին Տաթեւիկի շնորհիվ «Ծիծեռնակում» աշխատանքի ընդունվեցի, ընդամենը մի քանի օր հետո Օսան տատիս ավագ քույր Եպրաքսյան մահացավ, եւ Պրայսի մոքիրի հոգեհանգստի ժամանակ Տաթեւիկն ու ես անսպասելիորեն իրար հանդիպելով՝ ներկաների օգնությամբ պարզեցինք, որ ինքն ու ես երկու հարազատ քույրերի հետնորդներն ենք՝ իրարից ընդամենը մի քանի պորտ հեռու, եւ, չգիտես ինչու, Տաթեւիկին էդ հանգամանքն էդ իրիկուն չափազանց էր ոգեւորել, եւ Պրայսի մոքիրենց բակում, որ էսօրվա Լուժկովի շենքի հետեւում ու Քրքորյանի համալսարանի տեղում էր, Տաթեւիկը ժպտալով ինձ ասաց՝ «փաստորեն, առանց իմանալու՝ ազգականիս լավություններ եմ արել», եւ ես ասացի՝ «ոչ թե լավություններ, այլ՝ լավություն», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ առանց ինձ «Ծիծեռնակ» ընդունվեիր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «լավություն որ ասում եմ՝ հենց «Ծիծեռնակը» նկատի ունեմ», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «բանաստեղծություններդ որ «Գարունում» տպվեցին՝ կարող ա՞ իմ մատը խառը չէր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «դու որ չըլնեիր, էդ բանաստեղծություններս դժվար թե տպվեին», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «երեւի էդ պահին գեներս մեջս խոսել են», եւ ես ժպտալով ասացի՝ «հա. երեւի արունս քաշել ա», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «բայց շա՜տ անշնորհքն ես. մի հատ մաղարիչ էլ չարիր», եւ ես ասացի՝ «կանեմ. կյանքներս դեմներս ա», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «շատ թթված տեսք ունես. հո բան չի՞ պատահել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Պրայսի մոքիրն ա մեռել», եւ Տաթեւիկն ասաց՝ «արդեն իննսունն անց էր», եւ ես ասացի՝ «մարդ կա՝ հարուրից էլ ա անցնում», եւ Տաթեւիկն ասաց՝ «տարուց ավել ա՝ արդեն անկողնային էր», եւ ես չգիտեի ինչ ասեի ու ասացի՝ «շատ ափսոս», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «բայց ոնց որ ինձնից շատ ես տխրել», եւ ես հարցրի՝ «բայց ինչի՞ պիտի քեզնից քիչ տխրեի», եւ Տաթեւիկը խորամանկ ժպտալով հարցրեց՝ «վերջին անգամ ե՞րբ ես իրեն տեսել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էսօր», եւ Տաթեւիկն ասաց՝ «մի տարուց ավել էր՝ անկողնային էր. գոնե մի անգամ էկե՞լ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «մեծերի մեղքն ա, որ ջահելները գնալգալ չունեն», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «գնալգալը կտրվում ա, բայց իրար լավություններ անում են», եւ ես ասացի՝ «հա», եւ Տաթեւիկն ասաց՝ «նոր որ մերոնց հարցուփորձ էի անում, իմացա, որ Օսան մոքիրի ամուսնու ազգանունը Շեկոյան ա էղել», եւ ես ասացի՝ «տատս՝ Օսանն էլ ա Շեկոյան», եւ Տաթեւիկն ասաց՝ «բայց իսկական ազգանունը Սարոյան ա», եւ ես ասացի՝ «իրա աղջկական ազգանունն ա Սարոյան», եւ Տաթեւիկն ասաց՝ «գիտեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «վերջը Վիլյամ Սարոյանին էլ եմ բարեկամ դուս գալու», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «շատ հնարավոր ա. մի բուռ ազգ ենք», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «Վիլյամ Սարոյանին չե՞ս օգնել», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իրան չես օգնե՞լ, որ «Գարունում» տպագրվի», եւ Տաթեւիկն ասաց՝ «կամաց ծիծաղի. պանիխիդայում ես գտնվում», եւ ես շշնջալով ասացի՝ «ոչ թե պանիխիդա, այլ՝ հոգեհանգիստ», եւ Տաթեւիկն ասաց՝ «թեկուզ» եւ շշնջալով ավելացրեց՝ «մարդ ինչ տարիքում էլ մահանա, սգո արարողությունը մնում ա սգո արարողություն», եւ ես շշնջալով հարցրի՝ «ասում ես՝ Սարոյանին չես օգնե՞լ, որ «Գարունում» տպագրվի», եւ Տաթեւիկը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «օգնել եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց ես օգնել», եւ Տաթեւիկն ասաց՝ «իրենից երեք պատմվածք թարգմանել ու «Գարունում» տպել եմ» եւ ժպտալով հարցրեց՝ «չես կարդացե՞լ», եւ ես ասացի՝ «չեմ կարդացել, բայց կկարդամ», եւ Տաթեւիկն ասաց՝ «չես էլ կարդա. դուք մենակ ձեր ոտանավորներն եք կարդում», եւ ես ասացի՝ «Սարոյանին միշտ եմ կարդում», եւ Տաթեւիկն ասաց՝ «բայց իմ թարգմանածները չես կարդացել», եւ ես ասացի՝ «կկարդամ», եւ Տաթեւիկն ասաց՝ «շատ հետաքրքիր գործեր են», եւ ես ժպտալով հարցրի՝ «երգիծա՞նք են», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «շատ անշնորհք ազգական ես. էդքան խնդրեցի, բայց էդպես էլ երգիծանք չգրեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «կգրեմ», եւ Տաթեւիկն ասաց՝ «հիմա արդեն «Ծիծեռնակի» աշխատող ես. հիմա մանկական ոտանավորներ պիտի գրես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էնպես որ, էլ քեզանից երգիծանք պահանջող չկա», եւ ես ժպտալով ասացի՝ «մեր էս պատմությունը տեղով մեկ երգիծանք ա», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «ի՞նչ պատմություն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էս մեր բարեկամ դառնալու պատմությունը», եւ Տաթեւիկը ժպտալով ճշտեց՝ «ոչ թե բարեկամ, այլ՝ ազգական», եւ ես ասացի՝ «հա. փաստորեն ազգական դառանք», եւ Տաթեւիկը ծիծաղելով ասաց՝ «ազգական չեն դառնում. ազգական ծնվում են», եւ ես ասացի՝ «փաստորեն, էրկու քրոջ թոռներ ենք», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համարյա», եւ ես ասացի՝ «էլ ի՞նչ համարյա», եւ Տաթեւիկն ասաց՝ «շատ ես ծննդաբանությանս մեջ խորանում», եւ ես ասացի՝ «բայց արյունակից ենք, չէ՞», եւ Տաթեւիկը մի քիչ մտածելուց հետո պատասխանեց ու ասաց՝ «արյունակիցը արյունակից ենք, բայց որոշ նրբություններ կան», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ նրբություններ», եւ Տաթեւիկն ասաց՝ «ծննդաբանությանս մեջ շատ չխորանանք» եւ ժպտալով ավելացրեց՝ «երկար պատմություն ա. հետո կպատմեմ», եւ ես հարցրի՝ «դու Պրայսի մոքիրի թո՞ռն ես, թե՝ չէ», եւ Տաթեւիկն ասաց՝ «խեղճ կնոջ անունն աղավաղում ես. ինքը հրաշալի անուն ուներ՝ Եպրաքսյա», եւ ես ասացի՝ «տատս ու բոլորն իրան Պրայսի էին ասում», եւ Տաթեւիկն ասաց՝ «իգդիրցիք բոլոր անուններն աղավաղում են», եւ ես նորից հարցրի՝ «հիմի մենք էրկու քրոջ թոռնե՞ր ենք, թե՝ չէ», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «եթե էդքան հետաքրքիր ա՝ կարաս ինքնուրույն պարզես», եւ ես ասացի՝ «իսկական երգիծանք ա», եւ Տաթեւիկը ծիծաղելով ասաց՝ «երգիծանքը մոռացիր. հիմա արդեն մանկական ոտանավորների գծով պիտի մասնագիտանաս»:

Հետագայում Տաթեւիկի ծագումնաբանության գծով ավելի խորանալու անհրաժեշտություն չեղավ, որովհետեւ Պրայսի մոքիրի մահվանից առաջ էլ Խորենն արդեն Տաթեւիկի համար «Ծիծեռնակ» էր գալիս, եւ շատ շուտով նրանք ամուսնացան, եւ Տաթեւիկն իմ աչքում կրճատվելով ու սահմանափակվելով՝ դառավ իմ առաջին հովանավորը, ավելի ճիշտ՝ իմ երկրորդ հովանավորը Ախալքալաքցի Աշոտից հետո, իսկ ավելի ստույգ՝ իմ երրորդ հովանավորը՝ Արշակյանից ու Ախալքալաքցի Աշոտից հետո:

Էլի շեղվեցինք: Ավելի ճիշտ՝ շեղվեցի: Իսկ ավելի ստույգ՝ շեղվեցի ու շեղեցի: Շեղվելն ու չշեղվելը ոչ թե գրողի տաղանդի կամ վարպետության հարց է, այլ՝ գրողի ու գրող մարդու բնույթն ու էությունը, եւ եթե գրողն ու գրող մարդն իր կյանքում առնվազն հազար անգամ շեղվել է իր կյանքի բուն ուղուց, եւ եթե գրողն ու գրող մարդն օրվա մեջ մի քանի անգամ իր կյանքի բուն ճանապարհից շեղվում է, ապա չի կարող պատահել, որ էդ նույն գրողն ու գրող մարդն էսքան հաճախակի չշեղվի իր բուն նյութից:

Արդեն ես էլ չեմ հիշում, թե երբ սկսեցի շեղվել Ախալքալաքցի Աշոտից ու «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթի խմբագրությունում իմ մաղարիչի արարողությունից, բայց հստակ հիշում եմ, որ գրելով ու պատմելով հասել էի էն պահին, երբ Ախալքալաքցի Աշոտը ցելոֆանով նրբերշիկները վերցրեց ու իջավ պահակ Վարոսի մոտ, եւ հենց էդ պահից էլ բուն նյութիցս շեղվեցի, եւ հիմա էդ պահին վերադառնալով՝ պիտի շարունակեմ ու առաջանամ:

Նաեւ հստակ հիշում եմ, որ բուն նյութիցս շեղվելով՝ եկել ու հասել էի Կրիվոյի միակ գեղանկարիչ Վահրամին ու իմ երրորդ հովանավոր Տաթեւիկին, եւ քանի որ Տաթեւիկին ու «Ծիծեռնակին» հետագայում վերստին անդրադառնալս անխուսափելի է, հիմա ընդամենը Վահրամի մասին ասելիքս կավարտեմ ու անմիջապես կվերադառնամ բուն նյութիս, մանավանդ որ՝ Վահրամի մասին ինչ հնարավոր էր՝ ասացի ու պրծա, եւ այլեւս դժվար թե իրեն անդրադառնամ, մանավանդ որ, համոզված եմ, ապրիլի վերջին ուրբաթ օրվա մեր էդ համատեղ մոցարտալսությունն իմ կյանքում վերջինն է լինելու, որովհետեւ էդ օրվա մեր էդ ամբողջ վեճի ընթացքում ոչ թե իր առաջ մեղա էի գալիս մի տարի առաջվա ասածիս համար, այլ մեր էդ վեճի ընթացքում ինձ մի կերպ զսպում էի, որ վերստին չասեմ ու չկրկնեմ մի տարի առաջ ասածս:

Էսպես անընդհատ շեղվելով՝ ավելի ու ավելի եմ հեռանում բուն նյութիցս եւ արդեն հասկանում եմ, որ բուն նյութիս վերադառնալու համար առժամանակ պիտի ոչ միայն Վահրամին, Տաթեւիկին ու էլի շատերին մտքիցս ու հիշողությունիցս ջնջեմ, այլեւ պիտի տանս հեռախոսն անջատեմ, որովհետեւ քիչ առաջ, երբ արդեն վերջնականապես էի տրամադրվել վերադառնալ յոթանասունվեց թվականի օգոստոս ու «Ապագա բժիշկ» բազմատիրաժի խմբագրություն, իր բջջայինով ինձ զանգահարեց արձակագիր ու արծաթավաճառ Ջավախյանն ու նեղացած տոնով ասաց՝ «ուզածդ էղավ, ախպեր», եւ երբ հարցրի՝ «ի՞նչ ա պատահել», վրդովված ասաց՝ «էնքան աչքով տվիր՝ մինչեւ աչքդ կպավ», եւ ես հարցրի՝ «կարող ա՞ էս տարվա Նոբելյանն է՛լ քեզ չեն տվել», եւ ինքը խեղճացած ասաց՝ «էնքան ասիր պրոտեզներս հաջող են, մինչեւ ներքեւինը կոտրվավ», եւ ես ասացի՝ «էդքան չալաղաջ որ դու ես ուտում՝ պրոտեզ կդիմանա՞», եւ ինքը նեղսրտած ասաց՝ «չալաղաջից չի», եւ ես հարցրի՝ «կարող ա՞ սրանրա մոտ էնքան ես ինձնից բամբասել, որ բերանիցդ ընկել՝ կոտրվել ա», եւ ինքն ասաց՝ «աչքիցդ ա. նախորդ օրն էնքան ասեցիր, որ իմ պրոտեզը քոնինից հաջող ա, հաջորդ առավոտ կոտրվավ», եւ ես ասացի՝ «էդ էժանանոց պրոտեզները չալաղաջի համար չեն նախատեսված», եւ ինքը հուզված ասաց՝ «ի՞նչ չալաղաջ. էդ առավոտ սովորական պոմիդորով ձվածեղ էի ուտում, որ գնամ վերնիսաժ», եւ ես ասացի՝ «պոմիդորով ձվածեղից պրոտեզ չի կոտրվի», եւ ինքն ասաց՝ «երեւի հացը մի քիչ չոր էր. հենց կծեցի՝ կոտրվավ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ էժանանոց պրոտեզներով շատ թարմ ու շատ փափուկ հաց պիտի ուտես», եւ ինքը հարցրեց՝ «քոնոնք թանկանո՞ց են», եւ ես ասացի՝ «իմոնք էլ են էժանանոց», եւ ինքը հարցրեց՝ «թարմ հաց ե՞ս ուտում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ես վաբշե ոչ մի բան չեմ ուտում», եւ ինքը ծիծաղելով ասաց՝ «սովամահ կըլնես, ադա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ավելի լավ ա սովամահ ըլնեմ, քան՝ պրոտեզս կոտրվի», եւ ինքն ասաց՝ «քու աչքը դժվար թե քեզ կպնի», եւ ես ասացի՝ «կակռազ ի՛մ աչքն ա ինձ գեշ կպնում», եւ ինքն ասաց՝ «դրա համար ե՞ս ամեն տեղ ասում, որ քոնն անհաջող ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դրա համար եմ ամեն տեղ ասում, որ ինձնից լավ արձակագիր ես», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ըտենց ղալաթ դժվար թե անես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան էլ գրես, մեկ ա, ինքնակենսագրական արձակի հիմնադիրը ե՛ս եմ, ոչ թե՝ դու», եւ ես ծիծաղելով ասացի՝ «առանց պրոտեզի լավ էլ ճտպտում ես», եւ ինքն ասաց՝ «դու քեզ տես. նույն օրը տարա՝ կպցնել տվի» եւ ավելացրեց՝ «կիրակի առավոտ կոտրվավ, էրկուշաբթի առավոտ կպցնել տվի», եւ ես հարցրի՝ «վրեդ ինչքա՞ն նստեց», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «հինգ հազար դրամ», եւ ես հուսադրելով ասացի՝ «շատ դարդ մի արա. էրկու կտոր արծաթ կծախես՝ տեղը դուս կգա», եւ ինքն ասաց՝ «քե՛զ տես. տեղն արդեն հանել եմ», եւ ես ասացի՝ «որ Նոբելյանդ ստանաս, իմպլանտ ատամներ սարքել կտաս», եւ ինքը հարցրեց՝ «իմպլանտը ո՞րն ա», եւ ես ասացի՝ «իմպլանտն էն ա, որ չալաղաջներին ու ամեն ինչին դիմանում ա», եւ ինքը ծիծաղելով ասաց՝ «բայց քու աչքին դժվար թե դիմանա, ադա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դու ամենակարեւորը չգիտես», եւ ինքը հարցրեց՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ ես հարցրի՝ «ասում ես՝ կիրակի է՞ր կոտրվել», եւ ինքն ասաց՝ «հա. էդ անտեր ձվածեղն ուտում էի, որ գնամ վերնիսաժ», եւ ես հարցրի՝ «ժամը քանի՞սը կըլներ», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առավոտվա տասի կողմերն էր», եւ ես ասացի՝ «փաստորեն, հենց նույն րոպեին ա աչքս կպել», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «ո՞նց նույն րոպեին», եւ ես ասացի՝ «կիրակի առավոտ վեպիս մեջ գրում էի, որ քո պրոտեզներն իմոնցից հաջող են», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ հաջող են, ադա», եւ ես ասացի՝ «որ էդ արհեստական ատամներով էդքան բնական բաներ ես գրում, ուրեմն հաջող են», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տղա ես՝ ուրիշների մոտ գովա» եւ մի քիչ էլ մտածեց, հարցրեց՝ «խի քոնոնցով չի գրվո՞ւմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «գրվելը գրվում ա, բայց քո գրածների պես բնական չի ստացվում», եւ Ջավախյանն ասաց՝ «էդ ըտենց ես ասում, որ աչքդ քեզ չկպնի, չէ՞» եւ որոշ դադարից հետո ավելացրեց՝ «փաստորեն, իմ աչքն էլ ա ինձ կպնում», եւ ես հարցրի՝ «ո՞նց ա կպնում», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «տղիս էնքան գովացի, որ Համահայկական խաղերում էդ ճլեզ տերտերին կրվավ», եւ ես ասացի՝ «ոչինչ. անհաջողությունների շրջան ա՝ կանցնի», եւ հանկարծ Ջավախյանը հեռախոսի մեջ ճչաց՝ «անհաջողությունների շրջանը շարունակվո՜ւմ ա», եւ ես զարմացած հարցրի՝ «է՞լ ինչ ա էղել», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «ըսենց միամտված քեզ եմ լսում, բայց իմ սոտըվիի փողերն են էթում», եւ ես ասացի՝ «առավոտ գիշերով դու ես զանգել՝ ինձ գործից կտրել», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գործ էիր անում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «վեպս էի գրում», եւ ինքը հարցրեց՝ «յանի էդքան շատ խի՞ ես գրում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չուզողներիս ինադու», եւ ինքը հարցրեց՝ «յանի կարդո՞ւմ են», եւ ես հարցրի՝ «չուզողնե՞րս», եւ ինքն ասաց՝ «չէ՝ վաբշե», եւ ես ասացի՝ «տնեցիք կարդում են՝ հերիք ա», եւ ինքը հարցրեց՝ «հերիք ա՞ որ», եւ ես ասացի՝ «հորքուրս էլ ա կարդում», եւ ինքը մտահոգ ասաց՝ «մեր տնեցիք ինձ վաբշե չեն կարդում», եւ ես ասացի՝ «պիտի հետները լավ ըլնես, որ կարդան», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ վատ եմ», եւ ես ասացի՝ «պիտի մեկ-մեկ էլ իրանց մասին գրես, որ կարդան», եւ ինքը զարմացած ասաց՝ «կարող ա՞ չեմ գրում», եւ ես ասացի՝ «պիտի իրանց մասին լավ բաներ գրես, որ կարդան», եւ ինքն ասաց՝ «չեն կարդում՝ հեչ էլ կարդան. չեմ խնդրելու», եւ ես ասացի՝ «փողերդ գնում են», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ փողեր», եւ ես ասացի՝ «սոտըվիիդ», եւ ինքը ճչաց՝ «ճիշտ ես ասում. ամեն անգամ ըսենց խոսալով ընկնում՝ մոռանում եմ» եւ ավելացրեց՝ «դե լավ, հաջող», եւ ես ասացի՝ «հաջող», եւ հիմա Ջավախյանի որդու՝ թեթեւատլետ Վահագի էս վերջին Համահայկական խաղերի հետ կապված պատմությունն էլ կանեմ ու հիմնավորապես կվերադառնամ յոթանասունվեց թվականի օգոստոս ու «Ապագա բժիշկ» թերթի խմբագրություն, բայց հիմա անպայման պիտի թեթեւատլետ ու հարյուր մետր վազքի Հայաստանի մշտական ռեկորդակիր Ջավախյան Վահագի էս վերջին, ավելի ճիշտ՝ էս միակ մարզական անհաջողությանն անդրադառնամ, որովհետեւ էդ անհաջողությունը ներկայացնելու ավելի հարմար առիթ դժվար թե ունենամ, ու էս հարմար առիթն օգտագործելով՝ ասեմ, որ էս երկու հազար յոթի Համահայկական խաղերից առաջ հայր Ջավախյանը որդուց թաքուն հանցավոր համաձայնության գալով Ջոնի, Հայկունի, Օրթախ Աբոյի, Արիկի եւ գիտության ու արվեստի էլի մի քանի կարկառուն ներկայացուցիչների հետ՝ մի ամբողջ դելեգացիայով ներկայացել էր Արտաշատի մարզադաշտ՝ որդու ելույթը դիտելու, եւ Վահագի էդ օրվա վազքի նշանակությունը շատ մեծ էր, որովհետեւ էդ օրվա իր վազքի արդյունքներով էր որոշվելու Պեկինի օլիմպիադային իր մասնակցության հարցը, եւ չնայած Վահագը մշտապես իր հարազատներին արգելում էր ներկա գտնվել իր մրցումներին, էս մի անգամ հայր Ջավախյանը որդուց թաքուն որոշեց ոչ միայն անձամբ ներկայանալ Արտաշատի մարզադաշտում ընթացող հարյուր մետր վազքի էդ մրցմանը, այլեւ գիտության ու արվեստի մի ամբողջ պատվիրակություն էլ հետն Արտաշատ տանել, եւ ես էդ պատվիրակության կազմում չէի եւ էդ կազմում չէի կարող լինել նախ էն պատճառով, որ էդ օրերին Ջավախյանը դեռեւս հետս խռով էր, բայց եթե խռով էլ չլիներ, ես արտաշատյան էդ պատվիրակության կազմը դժվար թե համալրեի, որովհետեւ էն գլխից գիտեի, որ կրտսեր Ջավախյանը հեչ չի հանդուրժում իր մրցումների ժամանակ ազգականների ու բարեկամների ներկայությունը, եւ, բնականաբար, հոր ընկերների ներկայությունն էլ չպիտի հանդուրժեր. այնպես որ, եթե նույնիսկ հերթական հատորիս լույսընծայման կապակցությամբ Ջավախյանը հետս խռոված էլ չլիներ, ես գիտության ու արվեստի ներկայացուցիչներից կազմված էդ պատվիրակությունը դժվար թե համալրեի, որովհետեւ չափազանց եմ հարգում էն զավակներին, որոնք իրենց ծնողներին ու ազգականներին իրենց գործերին մասնակից չեն դարձնում, եւ անձամբ իմ աղջկանից էլ չնեղացա, երբ իր գեղանկարների ցուցահանդեսի բացմանն ինձ չհրավիրեց, եւ ընդամենը մի քանի օր հետո գնացի ու իրենից թաքուն իր էդ նատյուրմորտները տեսա, բայց Ջավախյանն էդ հնարավորությունը չուներ, որովհետեւ, ի տարբերություն գեղանկարչական ցուցահանդեսների, հարյուր մետր վազքի մրցումն ընդամենը տասը վայրկյան է տեւում, եւ եթե էդ տասը վայրկյանների ընթացքում մարզադաշտից բացակայես, հարազատ որդուդ սրընթաց վազքն ընդհանրապես չես տեսնի, եւ հիմնականում էդ էր պատճառը, որ հայր Ջավախյանն իր կազմած պատվիրակությամբ հանդերձ ներկայացավ Վահագի վազքին, եւ, էս ամենից էլ բացի, հայր Ջավախյանը համոզված էր, որ էդ տեսակ բարձրակարգ պատվիրակության ներկայությամբ որդին, հնարավոր է, շատ ավելի արագ վազի եւ ո՛չ միայն Պեկինի ուղեգիր նվաճի, այլեւ, ինչու չէ, համաշխարհային ռեկորդը խփի, եւ էս ասածս ամենեւին չի նշանակում, թե Ջավախյանը հրաշքների է հավատում, այլ ընդամենը նշանակում է, որ ավագ Ջավախյանը չափազանց իրատեսորեն է վերաբերվում համաշխարհային էդ ռեկորդին՝ ճիշտ այնպես, ինչպես իր Նոբելյանին է միանգամայն իրատեսորեն հավատում, եւ չնայած Վահագն էս տարի արդեն ամուսնացել ու ընտանիք էր կազմել, հայր Ջավախյանն էլի համաշխարհային ռեկորդը յոթ սարի հետեւ չէր համարում, եւ, էս ամենից էլ բացի, հայր Ջավախյանը մտածում էր, որ շատ հնարավոր է՝ որդու էդ նախապեկինյան ու արտաշատյան վազքը որդու մարզական կենսագրության մեջ ամենաերեւելին լինի, եւ շատ էր ուզում, որ էդ վազքն ինքն ու իր երեւելի ընկերներն էլ տեսնեն, եւ, որ ամենակարեւորն է, ինքը համոզված էր, որ իր ու իր երեւելի ընկերների ներկայությունն անպայման կնպաստի որդու՝ աշխարհի ամենաարագավազ հայի էդ, ուրեմն, վճռական ու կարեւորագույն վազքին ու փորձությանը, եւ օրը եկավ ու չարը հետը, եւ չարն էս դեպքում լոսանջելեսցի մի երիտասարդ տերտեր էր, որն ինֆարկտից հետո բժիշկների խորհրդով սկսել էր առավոտները վազել եւ շուրջ մի տարի վազելով՝ որոշել էր ժամանել հայրենիք եւ իր մասնակցությունը բերել հերթական Համահայկական խաղերին, բայց սույն տերտերն ինչքան էլ հավատացյալ ու հավատավոր լիներ, մտքի ծայրով անգամ չէր կարող անցկացնել, որ ինքը հարյուր մետր վազքում կարող է վազանցել Վահագն Ջավախյանին, որը ո՛չ միայն Հայաստանի մշտական ռեկորդակիրն էր, այլեւ էն ջահակիրը, որին վստահված էր դույն Համահայկական խաղերի ջահը վառելու իրավունքն ու պատիվը, եւ բացման արարողության էդ օրը Վահագն էնպիսի արագությամբ էր կրակը Հանրապետական մարզադաշտ հասցրել, որ գրաֆիկից ահագին առաջ էր ընկել եւ արդեն մարզադաշտում ստիպված էր եղել ահագին սպասել՝ մինչեւ պատվավոր հյուրերն իրենց տեղերն զբաղեցնեին ու Քոչարյանն իր ողջույնի խոսքն ասեր, եւ միանգամայն բնական է, որ ինֆարկտ տարած էդ տերտերը Վահագին հաղթելու մասին երազել անգամ չէր կարող, բայց արի ու տես՝ հաղթել էր, որովհետեւ Վահագը ստարտի պահին հայացքն ուղղել էր աջ տրիբունա, որտեղից Ջավախյանն ու պատվիրակության անդամները սկսել էին գոռալ՝ «Վա՛-հա՛գ, Վա՛-հա՛գ», եւ գոռացողների մեջ իր հարազատ հորն ու հոր ընկերներին ճանաչելով՝ Վահագը հենց ստարտի պահին քարացել մնացել էր, եւ ստարտի ազդանշանից հետո, մինչ կհասցներ ուշքի գալ ու տերտերի հետեւից հասնել, տերտերը հասցրել էր ֆինիշի գիծը հատել ու սկսել էր վզի խաչը պաչպչել, այնուհետեւ ծունկի էր իջել ու հայացքը երկինք էր հառել, ու էս ամենը ես նույն իրիկուն արդեն Սառաջովի վետերան թեթեւատլետ Սամիկի պատմածով գիտեի, եւ երբ հաջորդ առավոտ Ջավախյանը զանգահարեց ինձ ու ասաց՝ «ո՞նց ես, ադա», ես հարցրի՝ «էս որոշել ես բարիշե՞ս», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «որ վարիանտ ունենայի՝ չէի բարիշի», եւ ես հարցրի՝ «խի՞ վարիանտ չունես», եւ ինքն ասաց՝ «մեկի առաջ սիրտս պիտի բացե՞մ, թե՝ չէ», եւ ես ասացի՝ «ընկեր չունե՞ս, ինչ ա», եւ ինքը հառաչեց ու ասաց՝ «սուս, սաղի առաջ խայտառակ եմ էղել», եւ ես հարցրի՝ «ո՞նց ես խայտառակ էղել», եւ ինքն ասաց՝ «որ ասեմ՝ ականջներիդ չես հավատա», եւ ես ասացի՝ «ասա՝ կհավատամ», եւ ինքն ասաց՝ «հավատալու բան չի», եւ ես ասացի՝ «արդեն գիտեմ», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը գիտես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «գիտեմ, որ տղեդ կրվել ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել