Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամ. «Պավլիկին եմ հաղթանակ մաղթում»

Հոկտեմբեր 18,2008 00:00

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցանկանում է, որ նոյեմբերի 18-ին նշանակված WBC-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի եւ Բեռնարդ Հոպկինսի հետ մենամարտում հաղթի Պավլիկը: «Ցանկացած այլ մարտի դեպքում ես կասեի՝ թող հաղթի ուժեղագույնը: Սակայն այս պարագայում հաջողություն, շատ պարզ պատճառով, մաղթում եմ Պավլիկին,- հայտարարել է «Ռինգի արքա» Արթուր Աբրահամը:- Ես ցանկանում եմ լինել առաջինը, ով կհաղթի Պավլիկին: Դրա համար էլ ուզում եմ նրա հետ հանդիպել՝ որքան հնարավոր է շուտ եւ միավորել մեր չեմպիոնական գոտիները: Անգամ պատրաստ եմ ինքս գալ նրա հայրենի քաղաք՝ ապացուցելու, որ աշխարհում լավագույնը միջին քաշում ես եմ»: Բայց մինչ այդ, այս երկու ականավոր բռնցքամարտիկները դեռ պետք է պաշտպանեն իրենց կոչումները: Արթուրը՝ Ռաուլ Մարկեսի, Պավլիկը՝ Բեռնարդ Հոպկինսի հետ: «Պարտադիր հավակնորդ Ռաուլի հետ մարտը ծանր է լինելու,- ասել է Աբրահամը:- Դրա համար էլ ամբողջապես տրամադրված եմ նոյեմբերի 8-ի խաղին: Մարկեսը շատ փորձառու եւ ուժեղ բռնցքամարտիկ է: Նրան հաղթելու համար ես պետք է դնեմ այն ամենը, ինչ ունեմ: Եվ երբ նրան հաղթեմ՝ իմ թիմը կսկսի բանակցել Պավլիկի բանակի հետ»:

Աբրահամի պրոումոթեր Վիլֆրեդ Զաուերլանդն իր կողմից նշել է, թե Պավլիկի կողմնակիցներն անսպասելի կորցրել են հետաքրքրությունն իր սանի եւ Պավլիկի միջեւ մրցամարտի նկատմամբ: «Երբ Արթուրը նոկաուտի ենթարկեց Էդիսոն Միրանդային,-ասել է նա,- Պավլիկի ներկայացուցիչներից այլեւս ծպտուն չենք լսել: Մենք նրանց հետ գլխավոր խնդրի՝ Աբրահամ-Պավլիկ մարտի կազմակերպման օրվա (հունվարի 24-ին) եւ հոնորարի գումարի շուրջ համաձայնության էինք եկել: Սակայն Պավլիկն իր ուշադրությունը անսպասելի սեւեռեց այլոց կողմը: Ինչո՞ւ: Գուցե նա արդեն խուսափո՞ւմ է Արթուրից»: Զաուերլանդը պատմել է նաեւ, որ Ռոնալդ Վինկի Ռայթն էլ իր հերթին է հրաժարվել Աբրահամի հետ Գերմանիայում մենամարտելու գաղափարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել