Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐՆ ՍԿՍԵՑԻՆ ՊԱՅՔԱՐԸ

Հոկտեմբեր 18,2008 00:00

\"\"Երեկ Հունաստանի Կալիթեա քաղաքում մեկնարկեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց՝ 24-րդ եւ կանանց՝ 13-րդ ակումբային առաջնությունները: Տղամարդկանց 64 եւ կանանց 21 թիմերը շվեյցարական մրցակարգով յոթ տուրում որոշելու են հաղթողներին եւ մրցանակակիրներին:

Հայաստանից տղամարդկանց պայքարին մասնակցելու իրավունք նախապես վերապահված էր երկու ակումբի եւ երկրի ակումբային առաջնության արդյունքներով այդ իրավունքը նվաճել էին ՖԻՄԱ-ն ու «Միկա Երեւանը»: Սակայն հանրապետության շախմատի ֆեդերացիան (ՀՇՖ) եւ «Բանկային Արքա» ակումբի ղեկավարությունը ժամանակին պաշտոնական նամակով դիմել էին մարզաձեւի եվրոպական միություն՝ տեղեկացնելով, որ ներհանրապետական ակումբային առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ հանկարծամահ է եղել թիմի առանցքային խաղացողը՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանը: Մինչեւ մրցաշարի մեկնարկը՝ մնացած կարճ ժամանակահատվածում նրան արժանի փոխարինող գտնել հնարավոր չի եղել: Եվ չնայած «Բանկային Արքան» հանդես է եկել թերի կազմով, այն էլ՝ առանց իր առաջատարի, լրացուցիչ ցուցանիշներով գրավել է երրորդ տեղը: Նամակը քննարկվել է եւ որոշում կայացվել՝ հաշվի առնելով Կարեն Ասրյանի արժանի վաստակը համաշխարհային շախմատի զարգացման գործում, ընդառաջ գնալով ՀՇՖ-ի եւ ակումբի դիմումին, բացառության կարգով հրավիրել «Բանկային Արքա» ակումբին՝ նրան նույնպես թույլ տալով մասնակցել Եվրոպայի ակումբային առաջնությանը:

Կալիթեայում Հայաստանի տղամարդկանց երեք ակումբներից ուժեղագույնը, անկասկած, Հայաստանի չեմպիոն «Միկա Երեւանն» է, որի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, նորվեգացի Մագնուս Կարլսենը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, Գաբրիել Սարգսյանը, վրաստանցի Բաադուր Ջոբավան, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արման Փաշիկյանը:

Հիմնականում փորձառու շախմատիստներով է համալրվել «Բանկային Արքան»: Այս ակումբը ներկայացնում են Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Տիգրան Քոթանջյանը, Արթուր Չիբուխչյանը եւ Աշոտ Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է ՖԻՄԱ-ին, այստեղ նախապատվությունը տրվել է երիտասարդներին՝ Զավեն Անդրիասյանին, Ավետիք Գրիգորյանին, Հրանտ Մելքումյանին, Արման Հայրապետյանին, Յուրի Համբարձումյանին, որոնց օգնելու են բազմափորձ Հովիկ Խալիկյանն ու Գագիկ Հակոբյանը:

Կալիթեա լուրջ մտադրություններով է մեկնել նաեւ «Միկա Երեւան» կանանց ակումբը, որի պատիվը, Հայաստանի լավագույն երկու շախմատիստուհիներից՝ Էլինա Դանիելյանից եւ Լիլիթ Մկրտչյանից բացի, պաշտպանել համաձայնել են աշխարհահռչակ շախմատիստներ Մայա Չիբուրդանիձեն, Կատերինա Լախնոն (Ուկրաինա), Նինո Խուրցիձեն (Վրաստան):

Հիշեցնենք, որ մեր աղջիկները 2006 թվականին նվաճել են Եվրոպայի ակումբային չեմպիոնի կոչումը: Նույնպիսի հաջողություն 1995-ին ունեցել է նաեւ տղաների «Chess Club»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել