Պատասխան Ս. Գեւորգյանի «Անտերության» սինդրոմ» հոդվածին («Առավոտ», 11.10.2008)
Խնդրո առարկա հոդվածի հեղինակի հետ թեկուզեւ մամուլի միջոցով հարաբերվելու ոչ մի ցանկություն չունենալով հանդերձ՝ ստիպված էինք, այնուամենայնիվ, արձագանքել հրապարակմանը՝ հասարակությանը ապակողմնորոշելու վտանգը կանխելու նկատառումով եւ ելնելով ընթերցողների հանդեպ ունեցած մեր հարգանքից:
Հայտնի անեկդոտի՝ «ուղտ չլինելու» մեջ արդարացող հերոսի վիճակում չհայտնվելու համար՝ հենց սկզբից նշենք, որ Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ֆինանսատնտեսական գործունեությունը վերջին տարիներին սահմանված կարգով իրավասու մարմինների կողմից ենթարկվել է պլանային ստուգումների, եւ որեւէ չարաշահում չի հայտնաբերվել եւ չէր էլ կարող հայտնաբերվել՝ վերջիններիս բացակայության պատճառով: Մերկապարանոց արտահայտություններ անելու մեջ չկասկածվելու համար բերենք մի պարզ օրինակ. ըստ հոդվածագրի՝ «ինստիտուտային մակարդակի չինովնիկներին հնարավորություն է տրված գիտության փողերի մինչեւ 90%-ը վերածել աշխատավարձի ֆոնդի». ընդամենը հիշեցնենք, որ պետության կողմից գիտական կազմակերպությունների ֆինանսավորման համամասնությունները (աշխատավարձ/տնտեսական եւ այլ ծախսեր) սահմանվում են ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով, եւ ինստիտուտի տնօրինությունն, անգամ մեծ ցանկության դեպքում, դրանք փոխելու որեւէ հնարավորություն չունի: Նույնքան անհիմն են հոդվածագրի մնացած բոլոր «բացահայտումները»:
Չենք կարծում, որ հոդվածի հեղինակն այդ մասին տեղյակ չէ. պարզապես տոգորված՝ ինստիտուտն ու գիտության կառավարմանն առնչվող պետական մարմիններն ամեն գնով վարկաբեկելու անզուսպ ցանկությամբ, նա իր խառնափնթոր շարադրանքում բերված, այսպես կոչված, «փաստերը» համեմում է սարսափազդու մակդիրներով եւ վիրավորական արտահայտություններով՝ ապաշնորհ կերպով փորձելով դրանցով քողարկել իր մշուշոտ փաստարկների սնանկությունը: Ընդ որում, նրա կողմից այդքան չսիրված «ինստիտուտային մակարդակի չինովնիկները» խոշոր ֆիզիկոսներ են, հայաստանյան եւ միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիրներ: Եվ, ընդհանրապես, Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում աշխատում են ամենահեղինակավոր գիտական պարբերականներում հոդվածներ տպագրող, միջազգային լայն ճանաչում ստացած, աշխարհի խոշորագույն գիտական կենտրոնների հետ համագործակցող, մեր հանրապետությանն ու ժողովրդին պատիվ բերող գիտնականներ, եւ ոչ ոք մեղավոր չէ, որ հոդվածագիրն իրեն նրանց շարքում իրավացիորեն չի տեսնում:
Ըստ երեւույթին, մեր հոդվածագրին իսկապես հանգիստ չի տալիս Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի բարի համբավն ու միջազգային ճանաչումը, նրա լայն ներգրավվածությունը դարի խոշորագույն գիտական ծրագրերին. բավական է նշել միայն ինստիտուտի մասնակցությունը վերջերս Շվեյցարիայում թողարկված մեծ հադրոնային արագացուցչի (LHC) վրա կատարվող գիտական հետազոտություններին:
Մասնավորապես, նրան, չգիտես ինչու, դուր չի գալիս, որ նույնիսկ ինչ-որ «չինովնիկներ», ինտերնետ նայելով, հասկացել են, որ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը Հայաստանի հիմնարար գիտության առաջատարն է: Պարզապես՝ դա օբյեկտիվ իրականություն է, որը շատ հեշտ է ստուգել ինտերնետով կամ առանց ինտերնետի, լայն հասարակայնությանը մատչելի այլ եղանակներով, քանի որ գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված հստակ չափանիշներ, որոնցով կարելի է գնահատել այս կամ այն գիտնականի կամ գիտական կազմակերպության աշխատանքի արդյունավետությունն ու որակը: Առնվազն տարօրինակ է ինստիտուտն ամեն գնով վարկաբեկելու ցանկությունը մեկի, որը, չնայած իր սկանդալային հակումներին, հնարավորություն ունի ինստիտուտում զբաղվել հետազոտություններով (որոնք, իմիջիայլոց, ինստիտուտի գիտական հիմնական ուղղության հետ այնքան էլ կապ չունեն) եւ ստանալ «ինստիտուտային մակարդակի չինովնիկների» հնարավոր օգնությունը: Պարզվում է՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում ավանդաբար գոյություն ունեցող ազատամտության ու հանդուրժողականության մթնոլորտը, որը եղել է եւ է մեր հպարտությունը, կարող է ընկալվել նաեւ որպես ամենաթողություն:
ԱՇՈՏ ԱԽՊԵՐՋԱՆՅԱՆ
Ա. Ի. Ալիխանյանի անվան
Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի
տնօրենի տեղակալ,
ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր,
Դեկարտի անվան մրցանակի դափնեկիր