Ըստ մասնագետների՝ մայրաքաղաքը Ալեքսանդր Թամանյանի նախագծից շեղումներ ունի
«Մեզ միշտ էլ անհանգստացրել է այն, որ Երեւանի գլխավոր պողոտայի մի հատվածում մնացել է 19-րդ դարում կառուցված՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի շենքը, որը հետո շարունակվել է Պատմության թանգարանի եւ Պատկերասրահի շենքերով: Այդ հատվածում Թամանյանի նախագիծն իրագործելը լավ ցանկություն է, բայց թե որքան շուտափույթ լուծում է պահանջում դա՝ արդեն քննարկման առարկա է: Եթե Թամանյանի նախագիծն իրականացվի, ապա անհրաժեշտություն կառաջանա Պատմության թանգարանի, Պատկերասրահի, համերգասրահի համար նոր շենքեր կառուցել…»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես պատասխանեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ Հայաստանի գլխավոր ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ցանկանում է Ա. Թամանյանի նախագծած Հանրապետության հարապարակը ավարտին հասցնել: Ն. Սարգսյանի այդ ծրագիրը հավանության են արժանացրել ՀՀ նախագահն ու վարչապետը: Մ. Մինասյանի փոխանցմամբ՝ Թամանյանի նախագծած Հանրապետության հրապարակն այսպիսին էր. «Թամանյանի նախագծում չկային ոչ Բաբաջանյանի անվան համերգասրահի, ոչ էլ Պատմության թանգարանի ու Պատկերասրահի շենքերը: Դրանց բացակայության դեպքում Գլխավոր պողոտան կբացվեր, որը կձգվեր Վարդան Մամիկոնյանի արձանից մինչեւ Զանգվի ձոր: Մինչդեռ թամանյանական նախագծում կառավարական շենքի հետեւի՝ բակի կողմից բարձրանում էր աշտարակատիպ մի կառույց, որն ուներ դահլիճներ: Այն կարծես ավարտում էր շենքը»: Չնայած շատերն այսօր կարծում են, թե Հանրապետության այսպիսի հրապարակը հենց Թամանյանի մտահղացումն է, բայց ամենեւին էլ այդպես չէ: Երբ 30-ականների վերջին Թամանյանը մահացավ, ձերբակալվեց Երքաղգործկոմի նախագահ Արամայիս Երզնկյանը, թամանյանական նախագծի լիարժեք իրականացում տեղի չունեցավ:
«Առավոտը» Մ. Մինասյանից հետաքրքրվեց, թե Երեւանի՝ թամանյանական նախագծից էլ ի՞նչ շեղումներ կան: «Դրանք այլեւս անուղղելի են, կամ քաղաքը պիտի հիմնովին վերակառուցվի: Օրինակ՝ Օղակաձեւ զբոսայգին կիսատ է մնացել: Այն այժմ երկու կողմերից ավարտվում է «Նաիրի» եւ «Այրարատ» կինոթատրոնների մոտ, քանի որ այդ հատվածներում կառուցված շենքերը թույլ չեն տալիս այգին շարունակել, մինչդեռ այն կոչվել է Օղակաձեւ, քանի որ պիտի օղակեր քաղաքի այդ հատվածը՝ կրկեսի շենքի մոտից շարունակվելով՝ միանար Օպերայի կողմից եկող մասին»,- նշեց Մ. Մինասյանը: Հետո շարունակեց. «Վերջին ժամանակներում մենք աշխատում ենք հնարավորինս խուսափել թամանյանական նախագծից: Նրա պատկերացրածի եւ այժմյան Երեւանի միջեւ մեծ տարբերություններ կան»: Դիտարկմանը, թե այժմ շատերը, անկախ նրանից՝ մասնագետ են, թե ոչ, բողոքում են քաղաքի տեսքից, պարոն Մինասյանն այսպես պատասխանեց. «Քաղաքի կենտրոնը բարձրությունների առումով այսքան խայտաբղետ չպիտի լիներ: Օրինակ՝ Վաշինգտոնի Կապիտոլիումից բարձր շենք քաղաքի կենտրոնում չկա: Այսինքն՝ երկրի իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում կենտրոնին: Մեզ մոտ այդպես չէ, դրա համար էլ Աբովյան-Թումանյան անկյունում, դրանից ներքեւ բազմահարկեր բարձրացան, եւ չես կարող ասել, էլի կբարձրանա՞ն, թե՞ ոչ: Դրանք իրականում «նսեմացնում» են Հանրապետության հրապարակն ու կենտրոնում տեղակայված այլ արժեքներ»: Ի պատասխան հարցրինք՝ երբ կառուցվում էին այդ շինությունները, ինչո՞ւ չեղավ լուրջ մասնագիտական դիմադրություն: «Բազմիցս ասվել է, բայց մեզ ոչ ոք չի լսում, քանի որ մենք խորհրդակցական բնույթի կազմակերպություն ենք: Դա ճարտարապետական վարչական մարմինների գործն է»,- բացատրեց Մ.Մինասյանը: Նա անդրադարձավ նաեւ մեկ այլ խնդրահարույց թեմայի. «Քաղաքի՝ այսպիսի խիտ կառուցապատումը մեզ պետք չէ, առավել եւս՝ կենտրոնում: Դա կարող էր արվել առանձնացված շրջանում, ինչպես Փարիզի Դե Ֆանսը, որտեղ, բարձրահարկերից բացի, այլ կառույցներ չկան: Իսկ երբ քաղաքի կենտրոնում մի ֆիրմա 20 հարկանի շենք է կանգնեցնում, մյուսը մտածում է, որ իրեն էլ է դա կարելի»: Զրույցի վերջում «Առավոտը» պարոն Մինասյանից հետաքրքրվեց, թե նախկինում վարդագույն քաղաք կոչվող Երեւանին այժմ ի՞նչ անուն կտա: «Չգիտեմ ինչ անուն տալ»,- երկար մտածելուց հետո պատասխանեց մեր զրուցակիցը: Մեր դիտարկմանը, որ եթե Երեւանին որեւէ բնորոշ անուն գտնել դժվարանում ենք, դա չի՞ նշանակում, թե մայրաքաղաքը կորցրել է դեմքը, Մ. Մինասյանը պատասխանեց. «Գուցե այդ բանը կա: Բայց քաղաքի համար բազմազանությունն էլ է հետաքրքիր, եթե այն ամբողջականության մեջ է»: