Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Հոկտեմբեր 18,2008 00:00

\"\"«Առավոտին» իր «ոդիսականն» է պատմում գործարար Արայիկ Դալլաքյանը

2001-ից անհատ ձեռնարկատեր եմ, գրանցված եմ Մաշտոցի տարածքային հարկային տեսչությունում: Գրանցված ժամանակվանից եղել եմ պարտաճանաչ հարկատու, միշտ բարեխղճորեն եմ կատարել հարկային պարտականություններս: Ունեի խանութ եւ զբաղվում էի անվադողերի վաճառքով: 2005թ. իմ աշխատանքի մեջ ներգրավեցի մոսկվաբնակ ընկերոջս եւ, նրանից ստանալով ֆինանսական աջակցություն, սկսեցի ԱՊՀ երկրներից անվադողեր ներկրել Հայաստան եւ ինքս վաճառել դրանք: Բայց ես չէի հաշվարկել, թե ինչպիսին կլիներ Հարկային տեսչության վերաբերմունքը ներկրող կազմակերպության նկատմամբ: Իսկ վերաբերմունքը մոտավորապես այսպիսին էր. կարծես հայոց հող էր ներխուժել փողով զինված թշնամի եւ պետք էր անմիջապես նրան զինաթափել եւ գերի վերցնել: Անցավ կարճ ժամանակ, եւ ինձ մոտ սկսվեցին հարկային տարբեր բաժինների կողմից կատարվել տարատեսակ ստուգումներ, մեկը՝ օրինական, մյուսն՝ անօրինական, մեկը գնում, մյուսը գալիս էր, ընկել էի կրակը, չէի իմանում ինչ անել: Տեսնելով այս ամենը, մոսկվաբնակ գործընկերս հրաժարվեց հետագա համագործակցությունից եւ խնդրեց, որ իր ներդրած գումարը վերադարձնեմ: Անցել էր 2005-ի առաջին վեց ամիսը, ես դադարեցրի ներմուծումը եւ կամաց-կամաց վերադարձրի ընկերոջս գումարը, իսկ իմ ունեցածը չէր բավականացնում հետագա ներմուծումների համար:

Այդ վեց ամսում ես պետբյուջե փոխանցեցի 19 մլն դրամ: Եթե չլինեին նմանօրինակ խոչընդոտները, կաշխատեի տարվա երկրորդ կեսն էլ, որը համարվում է անվադողերի ավելի աշխույժ վաճառքի ժամանակահատված՝ քանի որ գալիս էր աշունը, եւ պետբյուջե կփոխանցեի ամենաքիչը մի 20 մլն դրամ: Բայց հետագա աշխատանքն անհնար դարձավ:

Մինչեւ տարեվերջ վաճառեցի ապրանքային բոլոր մնացորդները, որոշեցի 2006-ին առեւտրով չզբաղվել, աշխատանքս փոխեցի սպասարկման ոլորտի: 2006 թ. հունվարին եկա հարկային տեսչություն՝ 2005 թ. շրջանառության հաշվետվությունը տալու, որտեղ նշել էի, որ իմ շրջանառությունը կազմել է 81 520 573 դրամ եւ միաժամանակ փորձեցի ճշտել՝ կարո՞ղ եմ փոխել հարկման դաշտս, ընդհանուր հարկման դաշտից՝ պարզեցված հարկման դաշտ, քանի որ ունեի ընդհանուր հարկման դաշտի դառը փորձը: Ես լսել էի, որ 50 միլիոն դրամը գերազանցած կազմակերպությունները չեն կարող հաջորդ տարի փոխել հարկման դաշտը, դրա համար նախապես չէի գրել հայտարարագիր՝ պարզեցված հարկման դաշտ անցնելու համար: Հարկման դաշտ փոխելը ինձ պետք էր միայն աշնանը՝ առեւտուր սկսելու համար, իսկ տվյալ պահին ես զբաղվում էի սպասարկման ոլորտի աշխատանքով, որը հաստատագրված հարկման դաշտում էր: Ես դիմեցի տեսչության պետի տեղակալներից մեկին, որից ժամանակին հարկային օրենքների վերաբերյալ մի շարք պարզաբանումներ էի ստացել: Այն հարցիս, թե իմ շրջանառությունը բարձր է 50 մլն-ից, կարո՞ղ եմ փոխել հարկման դաշտը ընդհանուրից՝ պարզեցվածի, նա պատասխանեց, որ եթե 2005-ից ապրանքային մնացորդ չունեմ եւ դրամարկղը զրոյացված է, ապա կարող եմ: Ես մնացորդ չունեի եւ, վստահելով նրա ասածին, որ օրենքը նման կետ ունի, միջանցքում հապճեպ գտա պարզեցված հարկման դաշտ անցնելու հայտարարագրի բլանկը, լրացրի այն եւ 81 520 573 դրամի շրջանառությունս ցույց տվող հաշվետվությանս հետ մտա հաշվետվություններ ընդունող հանձնաժողով, որը կազմված է տեսչության պետի 5 տեղակալներից: Նրանց սեղանին դրեցի մեկը մյուսին հակասող երկու փաստաթուղթ. տիպային բլանկի վրա նշվում է, որ 50 միլիոնը գերազանցող անձը չի կարող փոխել իր հարկման դաշտը. ես չեմ նկատել այն, քանի որ ակնոցս հետս չէր եւ բլանկը լրացնել եմ տվել իրենց: Հանձնաժողովը, որը ստուգում է հիմնականում շրջանառությունների չափը, որպեսզի մուծումները շատ լինեն, առանց որեւէ բան ասելու ընդունեց երկու փաստաթուղթն էլ: Անցավ մոտ 5 օր, եւ ես ճշտեցի, որ պարզեցված հարկի մասին օրենքում այդպիսի կետ չկա, ինչպես ինձ պարզաբանել էին: Անմիջապես եկա հարկային տեսչություն, որպեսզի հերքեմ պարզեցված հարկման դաշտ անցնելու հայտարարագիրը, սակայն այնտեղ ցույց տվեցին հայտարարագիրը՝ մակագրված պետի կողմից, եւ ասացին, որ արդեն ուշ է:

Մի քանի օր անտեղի գնալ-գալուց հետո, ստիպված նամակով դիմեցի տեսչության պետին, նշելով, որ տեղի է ունեցել սխալմունք, թյուրիմացություն եւ որ ինձ չհամարեն պարզեցված հարկ վճարող, քանի որ առեւտրով չեմ զբաղվում, զբաղվելու դեպքում կաշխատեմ ընդհանուր հարկման դաշտում: Սակայն նամակիս պատասխանը չստացա: Եղա իրավաբանական բաժնի պետի մոտ, բացատրեցի իրավիճակը, նա ինձ հանգստացրեց՝ ասելով, թե եթե ինքդ ես զգուշացրել, որ առեւտրով չես զբաղվում, ապա այդ սխալմունքը ոչ մի հետեւանք չի կարող ունենալ: Երբ ավարտվեց առաջին եռամսյակը եւ եկա հաստատագրված հարկման հաշվետվություն տալու, տեսչության պետի երկու տեղակալները ինձ ստիպեցին պարզեցված հարկի զրոյական հաշվետվություն էլ տալ, քանի որ իմ գրած նամակի հետ պետք է համապատասխանի, այսինքն՝ չեմ աշխատել: Մտածեցի, որ դրանով հարցը լուծված է, անցա իմ աշխատանքին:

Վեց ամիս հետո ինձ մոտ եկան բյուջեի ստուգման: Վերահսկողական բաժնի պետը մի քանի օր էր՝ փոխվել էր. ինչպես հասկացա, ստուգումը պահանջել էր նախկին պետը: Ոչ մի խախտում չգտան եւ սկսեցին խնդրել, թե քանի որ ստուգում է բացվել, պետք է անպայման ինչ-որ գումար ակտիվ տեսքով մուծվի, որ «մենք էլ պրծնենք, դու էլ»: Պատկերացրեք՝ համաձայնեցի, որպեսզի մի կերպ պրծնեմ, ուրիշ ճար չունեի: Հետո իմ գործերում գտան այդ չարաբաստիկ հայտարարությունը, կառչեցին դրանից, մեկնաբանեցին, թե իբր ոչ ճիշտ տեղեկություններ եմ տվել շրջանառության մասին եւ փոխել եմ հարկային դաշտը: Ուշադրություն չդարձրին իմ ոչ մի բացատրության վրա, 6.304. 100 դրամ տուգանք մուծելու ակտ կազմեցին: Այդ գումարը ես չմուծեցի եւ չեմ էլ պատրաստվում երբեւէ մուծել: Հարկային տեսչությունը դիմեց դատարան, ես էլ դիմեցի հակընդդեմ դիմումով, դատարանում պատմեցի այս ամենը: Դատարանը վճռեց ակտի համապատասխան կետն անվավեր ճանաչել, պատճառաբանելով, որ տեղի է ունեցել սովորական շփոթմունք, որը ինքս հերքել եմ եւ որ հարկային տեսչության անգործության շնորհիվ է ծագել այս խնդիրը:

Հարկային տեսչությունը տնտեսական դատարանի վճիռը բողոքարկեց Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը վերադարձրեց հարկայինի բողոքը, պատճառաբանելով, որ այն չհիմնավորված է եւ ժամանակ տվեց մեկամսյա ժամկետում հիմնավորել: Մեկ ամիս հետո հարկայինը բողոքեց երկրորդ անգամ եւ Վճռաբեկ դատարանը բողոքը ընդունեց վարույթ ու բեկանեց տնտեսական դատարանի արդարացի վճիռը: Երկրորդ բողոքն առաջինից չէր տարբերվում՝ ոչ մի նոր նախադասություն: Ոլորտին ծանոթ ընկած-ելած մարդիկ հետագայում ինձ բացատրեցին, որ այդ մեկ ամիսը ինձ տրված էր տեղից շարժվելու, դատարանին շահագրգռելու համար, որպեսզի գործը վարույթ չընդունեն: Ասեմ ավելին, Վճռաբեկ դատարանը ոչ միայն վճիռը բեկանեց, այլեւ իր վճռում ակնհայտ ցուցումներ տվեց հաջորդ ստորադաս դատարանին, թե ինչպիսի վճիռ պետք է կայացնի: Հետագայում ՀՀ վարչական դատարանը քննեց այդ գործը եւ կատարեց վերադասի կողմից հրահանգված մեղմ ցուցումները: Վճիռ կայացվեց, որ հարկային տեսչության պահանջը օրինական է եւ ինձ պարտադրվեց մուծել արդեն մոտ 7 մլն դրամ դարձած գումարը:

Ինքս բողոք ներկայացրի Վճռաբեկ դատարան՝ վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար: Երկու ամիս հետո ստացա պատասխան, որով հայտնվում էր, թե վճիռը ճիշտ է, եւ բողոքը վարույթ չի ընդունվում:

Համոզված եմ, որ ես միակը չեմ, որ վայելել եմ այդ երկու պետական կառույցների թունավոր պտուղները: Դիմել եմ նաեւ ՀՀ նախագահին, խնդրել եմ միջոցներ ձեռք առնել՝ ազատելու ինձ այս պետական տեռորից եւ թույլ տալ ազատ ապրել, աշխատել՝ ի բարօրություն մեր ազգի եւ պետության, ի բարօրություն իմ թոշակառու ծնողների եւ ուսանող երեխաների:

Պատրաստ ենք հրապարակել Հարկային տեսչության պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել