Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայում կստեղծվի՞ պրոֆեսիոնալ բանակ

Հոկտեմբեր 18,2008 00:00

Թուրքական ուղեկալի վրա հարձակումը զինվորականներին կանգնեցրել է նոր ռազմավարության որդեգրման խնդրի առջեւ:

Թուրքիայի քաղաքական ու զինվորական իշխանությունները կանգնել են ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարական մոտեցումների անհրաժեշտության առջեւ: Քուրդ զինյալների կողմից հոկտեմբերի 3-ին թուրք-իրաքյան սահմանին տեղակայված Աքթյութունի զինվորական ուղեկալի վրա հարձակման հետեւանքով զոհ գնաց թուրքական բանակի 17 զինծառայող: Թուրքական օդուժը շարունակաբար սկսեց օդային հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքի Քրդական բանվորական կուսակցության դիրքերին:

Այդ իրադարձությունը արդեն լուրջ քննարկումներ է առաջացրել երկրի ներքաղաքական շրջանակներում՝ է՛լ ավելի սրելով քաղաքական ուժերի միջեւ առկա դիմակայությունը: Դա կարող է նաեւ նոր առիթ հանդիսանալ երկրի բարձրագույն զինվորականության ու կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության միջեւ՝ առանց այն էլ ոչ հարթ հարաբերությունների սրման համար: Դեպքից հետո թուրքական մամուլում հրապարակումներ եղան, որոնք ուղղակի մեղադրանք էին երկրի բարձրագույն զինվորականությանը: Թեեւ Հյուսիսային Իրաքի ՔԲԿ բազաները վերացնելու եւ քուրդ զինյալներին ոչնչացնելու թուրքական բանակի նախորդ ռազմական գործողությունները երկրի բարձրագույն զինվորականության կողմից որակվել են արդյունավետ, այնուամենայնիվ, իրականությունը ցույց է տալիս թուրքական բանակի ձախողումն այդ հարցում: Դա այն դեպքում, երբ ահաբեկչությունը Թուրքիայում հռչակված է ազգային անվտանգության առաջնային մարտահրավերներից:

Հոկտեմբերի 7-ին թուրքական «Զաման» թերթում հայտնվեց չափազանց ուշագրավ մի տեղեկատվություն, որն այնուհետեւ տարածվեց ողջ մամուլում: Ըստ թերթի հրապարակման՝ Թուրքիայի հարավարեւելյան Հաքքյարի նահանգի Շեմդինլի շրջանում տեղակայված Աքթյություն զինվորական կայանի վրա կատարվելիք հարձակման մասին 10 օր առաջ զգուշացվել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (ԱՀԿ) ու անվտանգության մարմինների կողմից: Նման տեղեկատվություն էր ստացվել նաեւ ռազմական հետախուզությունից, որից հետո ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները: Ժանդարմերիայի սահմանապահ վաշտում տագնապ հայտարարվելուց հետո ուժեղացվել է զինվորական անձնակազմը, ինչպես նաեւ ավելացվել սահմանային դիտակետում հերթապահություն կատարող զինվորների թիվը: Նման պարագայում տարօրինակ է ոչ միայն թուրք զինծառայողների մեծ կորուստների փաստը, այլեւ այն, թե ինչպես են քուրդ զինյալները կարողացել ճեղքել հսկողությունն ու նույնիսկ ներխուժել ուղեկալի տարածք: Հետագայում թուրքական մամուլում հայտնվեց հարձակման ժամանակ այդ նույն ուղեկալում վիրավորված զինծառայողի հարցազրույցը, ըստ որի՝ երկար ժամանակ օգնություն են սպասել, որը գրեթե 8 ժամ ուշացել է:

Նույն օրը թուրքական «Յենի Շաֆաք» թերթը հրապարակեց թուրք-իրաքյան սահմանին Հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար, թոշակի անցած գնդապետ Ըշըք Միդհաթի հարցազրույցը, որտեղ թուրք գնդապետը առաջ էր քաշում վերջին հարձակման հետ կապված հետախուզության, զինվորների կրթության ու օպերացիոն գործողությունների քննության հարցը: Ըստ նրա՝ սահմանային այդ անցակետում բավականին լուրջ է փորձառու, պատրաստված զինվորականների խնդիրը, քանի որ «այդ տարածաշրջանում հատուկ պատրաստված, կրթված կադրերը փոխադրվել են, սակայն նորերով չեն փոխարինվել»: Գնդապետը մատնանշել է հետախուզական տեղեկատվության, օպերացիոն գործողությունների կոորդինացման թերացումները: Նա նաեւ անօգուտ է համարել ամերիկյան հետախուզական տեղեկատվությունը՝ նշելով, որ իրականում կոնկրետ գործողություններ չեն իրականացվում: Թուրքական զինվորական ուղեկալի վրա վերջին հարձակումները թուրքական քաղաքական ու զինվորական բարձրագույն ղեկավարությանը կանգնեցրին հակաահաբեկչական պայքարի ռազմավարական նոր ուղեգծերի սահմանման անհրաժեշտության առջեւ: Արդեն պարզ դարձավ, որ ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը էապես փոփոխության է ենթարկվելու: Կառավարության ու անվտանգության ուժերի համատեղ պատրաստվող նոր ռազմավարական պլանի հիմնական դրույթը վերաբերում է «պրոֆեսիոնալ բանակին»: Համաձայն նոր ռազմավարության՝ թուրք-իրաքյան սահմանային 11 շրջաններում հիմնվելու են զինվորական կայաններ: Թուրքիայի անվտանգության մարմինների ու ուժային համակարգի հրամանատարների մասնակցությամբ գումարված Ահաբեկչության դեմ պայքարի բարձրագույն խորհրդի շրջանակներում կազմվել եւ հստակեցվել են նոր ռազմավարության հիմնական ուղենիշները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել