Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԼՈԿՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հոկտեմբեր 18,2008 00:00

Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքական շեշտադրումները

Անդրկովկասի ու տարածաշրջանի բոլոր երկրները, բացի Իրանից, հանդիսանում են ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներ, իսկ Թուրքիան անդամակցում է նաեւ ՆԱՏՕ-ին: Ինստիտուցիոնալ տեսանկյունից՝ պայմանականորեն կարելի է համարել, որ բոլոր երկրներն էլ, բացի Իրանից, Արեւմտյան բլոկի բաղկացուցիչ մասն են, որտեղ Թուրքիան օժտված է առանցքային դերակատարությամբ, քանի որ կոնֆլիկտների կարգավորման եվրոպական ֆորմատի շրջանակներում կարող է ստանձնել ուժային կարգավորիչի պատասխանատվությունը:

Մյուս կողմից, Անդրկովկասի երեք երկրներից երկուսը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, անդամակցում են նաեւ ԱՊՀ-ին (պայմանականորեն՝ Արեւելյան բլոկ), որտեղ Հայաստանն ունի առանցքային նշանակություն, քանի որ, հանդիսանալով նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միավորներից մեկը, տեսականորեն կարող է ստանձնել ուժային դերակատարություն: Այս՝ Արեւելյան բլոկում Արեւմուտքի ազդեցությունը բնորոշվում է ինչպես եվրոպական կառույցներում ընդգրկվածությամբ պայմանավորված հանձնառություններով, այնպես էլ պսեւդոարեւելյան ենթաբլոկների (օրինակ՝ ՎՈՒԱՄ, ԵՎՐԱԶԵՍ եւ այլն) ազդեցությամբ: Մյուս կողմից Արեւելյան բլոկի առանցքը հանդիսացող Ռուսաստանի արտաքին եւ ներքին քաղաքական ուղղվածությունը (ինչը, հաշվի առնելով Ռուսաստանի ներքաղաքական բազմաշերտությունը, անկանխատեսելի է եւ իր բնույթով ավելի շուտ իռացիոնալ) մեծապես կանխորոշում է Արեւելյան բլոկի մասը կազմող երկրների արտաքին քաղաքական տեսակարար կշիռը:

Այսպիսով, ուժերի բաշխվածության իմաստով, Հարավկովկասյան տարածաշրջանում միաժամանակ փոխներգործության մեջ են գտնվում Արեւմտյան եւ Արեւելյան բլոկներն ու Իրանը: Ակնհայտ է, որ թե՛ Արեւմտյան եւ թե՛ Արեւելյան բլոկների տեսանկյունից Անդրկովկասի կառավարելիությունը շատ ավելի զգալի կլինի, եթե Իրանի ազդեցությունը վերացվի կամ գոնե հասցվի նվազագույնի: Հարկ է նշել, որ վերջերս Թուրքիայի կողմից եւ Ռուսաստանի հավանությանը արժանացած «Կովկասյան պլատֆորմի» գաղափարի շրջանառության մեջ դնելը առնչվում է հենց այս խնդրի հետ: Մանավանդ, որ առաջադրված գաղափարը բնավ էլ նոր չէ: Դեռեւս 1999թ. Ստամբուլի ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանի կողմից շեշտվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության համակարգի մշակման անհրաժեշտությունը, որն անմիջապես զարգացվեց նույն գագաթաժողովում Ադրբեջանի պաշտոնական առաջարկով՝ ստեղծել Հարավային Կովկասում անվտանգության եւ համագործակցության պակտ: Հետագայում ֆորմատների շուրջ տարաձայնությունները հանգեցրին խնդրի սառեցմանը: Մասնավորապես, Հայաստանի կողմից ներկայացված առաջարկով, նոր բլոկը ակնկալվում էր կառուցել 3+3+2 (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան + ԱՄՆ, ԵՄ) ձեւաչափով, որը, սակայն, ԱՄՆ ազդեցությամբ մերժվեց Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից: Փաստորեն, Թուրքիայի եւ Ռուսաստանի կողմից այսօր կրկին վերակենդանացվում է 1999-ին ներկայացված Հարավկովկասյան նոր բլոկի ստեղծման գաղափարը, որտեղ կրկին Իրանը որպես տարածաշրջանային միավոր ընդհանրապես չի դիտարկվում:

Մյուս կողմից, տարածաշրջանում Արեւմտյան եւ Արեւելյան բլոկների փոխներգործության տրամաբանությունը բնորոշվում է նաեւ Ռուսաստան-ՆԱՏՕ դինամիկայով: Այս առումով Ռուսաստանի մտահոգությունները աղերսվում են ՆԱՏՕ-ի ներսում ատլանտիստական առանցքի՝ ԱՄՆ-Կանադա- Մեծ Բրիտանիա, գերակայությունը նվազեցնելուն: Այս խնդիրը ստացել է «ՆԱՏՕ-ի եվրոպականացում» անվանումը, որը Ռուսաստանի կողմից հետեւողականորեն իրականացվում է միաժամանակ երկու հարթություններում՝ տնտեսական եւ քաղաքական:

Քաղաքական հարթության մեջ արդեն իսկ ձեւավորվել է Ռուսաստան-Գերմանիա-Ֆրանսիա առանցքը, որը հավակնում է փոխարինել ՆԱՏՕ-ի հիմնախարիսխը հանդիսացող ատլանտիստական եռամիությանը: Այստեղ դեռեւս չլուծված է մնում նոր առանցքի գաղափարախոսական հիմնավորման տնտեսական բաղադրիչը քաղաքականով զուգորդելու տրամաբանությունը:

Տնտեսական հարթության մեջ, սկսած 1990թ., Ռուսաստանի կողմից ստեղծված նոր տնտեսական պայմանների շնորհիվ Եվրոպական Միության (ԵՄ) երկրներում գործող խոշոր կորպորացիաները (հատկապես՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի) հնարավորություն ստացան գնելու ռուսաստանյան ցանկացած տեսակի հումք՝ համաշխարհայինից մեկուկես-երկու անգամ էժան գներով: Արտաքին դրսեւորման մեջ այս երեւույթը անվանեցին Ռուսաստանի «թալան», որի արդյունքում՝ ՆԱՏՕ-ի այլ անդամների համեմատությամբ, ԵՄ երկրների շահույթի մակարդակի տեմպերը կտրուկ աճեցին: Միաժամանակ ապահովելով ԵՄ երկրներում արտադրված ապրանքների ահռելի մասի երաշխավորված իրացումը ԱՊՀ առավել շահութաբեր շուկայում, արդյունքում Մոսկվան հասավ նրան, որ ԵՄ բոլոր երկրների միագումար ՀՆԱ-ն մոտավորապես կազմում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների նույն ցուցանիշի 56%-ը: Այսպիսով, Ռուսաստանի ազդեցությունը ՆԱՏՕ-ում, չնայած միջնորդավորված լինելով եվրոպական կառույցներով, բավականաչափ ծանրակշիռ է, եւ Մոսկվան կխրախուսի ՆԱՏՕ-ի ծավալման գործընթացները արեւելքում, եթե երաշխավորված լինի ատլանտիստական առանցքի դերի եւ ազդեցության նվազեցումը:

Ամփոփելով Հարավկովկասյան տարածաշրջանում ուժերի բաշխվածության վերը նկարագրված պատկերը՝ պարզ է դառնում, որ Հայաստանն Անդրկովկասում դիտվում է որպես որոշ չափով ապակայունացնող գործոն, որից բխում է, որ Ռուսաստանը պետք է աշխատի Հայաստանին պահել ճնշված վիճակում, օգտագործելով իրենից նրա բազմաբնույթ խիստ կախվածությունը, թուրք-ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքը, ձգտելով կտրել նրան Իրանից եւ միաժամանակ դարձնել թուրք-իրանական հարաբերությունները սրող գործիք: Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը հավանաբար կարող է իսկապես ագրեսիա հրահրել Հայաստանի դեմ, որից հետո կպահպանի մի ճնշված եւ, գուցեեւ, մեկ անգամ եւս անդամահատված Հայաստան, դրանով իրականում պահպանելով Հայկական հարցը, որպես սանձ՝ տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր նկրտումները զսպելու համար:

Հաշվի առնելով Հարավկովկասյան տարածաշրջանում քաղաքական գործընթացների՝ Հայաստանի համար սկզբունքորեն աննպաստ զարգացումների հավանականությունը, անհրաժեշտ է Արեւմուտքի նկատմամբ բարձրացնել վերջինիս քաղաքական կշիռը, վերածվելով քաղաքականության օբյեկտից շահագրգռության սուբյեկտի: Դրա համար, ինչպես նաեւ անվտանգության սեփական երաշխիքներ ստեղծելու նպատակադրմամբ, օգտագործելով արեւմտյան դիվանագիտական միջազգային ապարատի հնարավորությունները, լոյալություն պահպանելով ԱՊՀ անդամ բոլոր պետությունների նկատմամբ, Հայաստանը պետք է խաղարկի մի բլոկից մեկ այլ բլոկ տեղափոխվելու եզակի հնարավորությունը՝ իրականում նուրբ հավասարակշռություն պահպանելով նրանց միջեւ եւ միաժամանակ օժանդակի Իրանի ներգրավվածությանը տարածաշրջանի ուժային բաշխվածության համապատկերում: Այդ իմաստով՝ շատ է կարեւորվում Հայաստանում հյուսիս-հարավ երկաթգծի վերակառուցման եւ գործարկման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա Մեղրիից՝ Իրանի միջոցով, երկաթուղային կապ հաստատել մինչեւ Օրմուզի ջրանցք (Պարսից ծոց) եւ Վրաստանում անջատողական գործընթացների օբյեկտիվ զարգացման պարագայում հյուսիսից նույն երկաթգծով միանալ Ղարս-Ախալքալաք երկաթուղուն, արդյունքում՝ զարգացնելով թե՛ կոմունիկացիոն ռեսուրսը եւ թե՛ նախապայման ստեղծելով Հյուսիս-Հարավ նոր աշխարհաքաղաքական առանցքի ձեւավորման համար:

Միաժամանակ, անհրաժեշտ է, որ Հայաստանը, չմերժելով Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ կապված հնարավորությունները, արտաքին հարաբերություններում աստիճանաբար փոխելով շեշտադրումները, քաղաքական նոր տարածքի ձեւավորման ուղղությամբ ակտիվ քաղաքականություն վարի տարածաշրջանի եւ նրան հարող այն երկրների ուղղությամբ, որոնք բազմաբնույթ տարաձայնություններ ունեն Հայաստանի հիմնական հակառակորդի՝ Թուրքիա-Ադրբեջան դաշինքի հետ: Դա, առաջին հերթին, Իրանն է, Հունաստանը, Բուլղարիան, Սիրիան, Աֆղանստանը եւ Իրաքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել