Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր օրինակը վարակիչ է դարձել»

Հոկտեմբեր 18,2008 00:00

\"\"Միխայիլ Սահակաշվիլին բացահայտում է Ռուսաստանի «հարձակման» իրական պատճառները

Օրերս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ելույթ ունենալով Թբիլիսիի պետական համալսարանում, կարծիք հայտնեց, որ իր ղեկավարած երկիրը դարձել է պետության հաջող զարգացման օրինակ, եւ հենց դա է զայրացրել Ռուսաստանին: «Հայտնի է, որ Պուտինը չի սիրում Վրաստանը՝ անկախ նրանից, թե ով է մեր երկրի նախագահը: Վրաստանը ռմբակոծում էին այն ժամանակ, երբ նախագահը Շեւարդնաձեն էր: Պուտինը վարչապետ էր, երբ ընդունվեց Սուխումում եւ Ցխինվալիում ռուսաստանյան անձնագրերի բաժանման աննախադեպ որոշումը»,- ասաց Սահակաշվիլին: Բայց այն ժամանակ, ըստ Վրաստանի նախագահի, բավարար էին ընդամենը մանր սադրանքները մի երկրի դեմ, որը համարվում էր ավերված, դժբախտ, չկայացած:

«Սակայն վերջին ժամանակներս մենք կարողացել ենք բոլորին ապացուցել, որ հետխորհրդային տարածքում, նույնիսկ ամենաթույլ երկրում, նավթի եւ գազի բացակայության եւ բազմաթիվ սադրանքների պայմաններում հնարավոր է զարգացած պետություն կառուցել: Ռուսաստանի համար դա մեծ անակնկալ էր, նրանք դա չէին կարող պատկերացնել: Մեր օրինակը վարակիչ դարձավ. Ղազախստանը, Ուկրաինան, Հայաստանը, այլ երկրներ տեսան, որ կարելի է զարգանալ Ռուսաստանից տարբերվող ճանապարհով, եւ հենց դա էր դարձել Վրաստանի վրա հարձակման պատճառը»,- կարծում է Միխայիլ Սահակաշվիլին:

«Պարզվեց, որ տնտեսությունը զարգանում է, որ մեր ճանապարհները ռուսաստանյան ճանապարհներից լավն են, որ տոկոսային առումով մենք ավելի շատ զբոսաշրջիկներ ունենք, որ բիզնես-մթնոլորտը Վրաստանում զգալիորեն ավելի լավն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք առաջին տեղում ենք, իսկ Ռուսաստանը վերջերում է»,- իր երկրի նվաճումները թվարկեց Սահակաշվիլին: Ռուսաստանը, նրա կարծիքով, չէր սպասում, որ Վրաստանը չի քանդվի ՌԴ-ի տնտեսական էմբարգոյի, բնական գազի սակագնի քառակի բարձրացման, ռուսաստանյան շուկայի փակման պատճառով: «Ահա սա է, որ Ռուսաստանը չկարողացավ տանել, այդ պատճառով է, որ ռուսաստանյան հարձակումը Վրաստանի վրա անխուսափելի դարձավ»,- ամփոփեց բանախոսը:

«Մոսկվային ոչ մի Աբխազիա կամ Հարավային Օսեթիա պետք չէր՝ նրան պետք էր թաղել մեր պետությունն ու հասարակությունը, բայց դա նրան չհաջողվեց»,- ընդգծեց Վրաստանի նախագահը, տեղեկացնելով, որ եվրոպական հանդիպումների ժամանակ նրան ուղղակիորեն ասվում էր, որ Ռուսաստանն ուզում է Վրաստանում իշխանություն փոխել: «Իհարկե, կար Եվրոպայի աջակցությունը, ԱՄՆ նախագահի հայտարարությունները, բայց, ուշադրություն դարձրեք՝ Ռուսաստանը մի քանի օր կանգնել էր Իգոեթիի մոտ (Գորիի մոտակայքում գտնվող գյուղ է – խմբ.) եւ մտածում էին՝ գնա՞լ դեպի Թբիլիսի, թե՞ ոչ: Նրանք վճռականություն չունեցան, որովհետեւ տեսան՝ բնակչությունը պատրաստ է դիմադրություն ցուցաբերել»,- հայտարարեց Միխայիլ Սահակաշվիլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել