Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄՆ-Ը ՓՈԽԵԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Հոկտեմբեր 18,2008 00:00

Բաց նամակ՝ ուղղված Մեթյու Բրայզային եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը

Մեծարգո պարոն դիվանագետներ, դիմում եմ ձեզ, որովհետեւ հիմնականում ձեզանով է պայմանավորված մեր երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը:

Դուք ավելի լավ, քան ցանկացած մեկը, գիտեք, թե ինչ բռնություններ, ընտրական խախտումներ ու կամայականություններ են կատարվել ու կատարվում մեր երկրում՝ գործող իշխանությունների կողմից: Դուք եւ ԱՄՆ պետքարտուղարությունը բազմաթիվ անգամ այդ կապակցությամբ հանդես եք եկել հրապարակային ու անաչառ հայտարարություններով: Բայց Սերժ Սարգսյանի հայ-թուրքական հարցին վերաբերող հայտարարությունից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել: Մենք ականատեսն ենք դառնում ձեր կողմից երկակի չափանիշների կիրառման իսկական օրինակի: Դեռ երեկ չարդարացված բռնությունների, ընտրակեղծիքների ու խաղաղ ցուցարարներին գնդակահարելու համար ԱՄՆ իշխանությունների կողմից արդարացիորեն քննադատվող հայաստանյան իշխանություններն այլեւս քննադատությունից դուրս են: Տեւական ժամանակ է՝ ինչ ամենաբարձր մակարդակներում տեղի են ունենում ՀՀ եւ ԱՄՆ իշխանության ներկայացուցիչների հանդիպումներ, որոնց ընթացքում ցուցադրաբար շրջանցվում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Անդրադարձ է կատարվում միայն տարածաշրջանային խնդիրներին: Մոռացության են մատնվում քաղբանտարկյալները, սպանված խաղաղ ցուցարարները, ամենօրյա շարունակվող բռնությունները եւ ժամանակին այս ամենի մասին ձեր իսկ հրապարակած հայտարարությունները:

ԱՄՆ նախագահների ուղերձներում հաճախ է հնչում այն միտքը, որ ազատության, ժողովրդավարության եւ խաղաղության համար պայքարողները միշտ էլ կարող են ակնկալել ԱՄՆ աջակցությունը: Ի՞նչ աջակցություն կարող են ակնկալել քաղաքական գործունեության համար հայաստանյան բանտերում հայտնված բազմաթիվ քաղբանտարկյալները, քաղաքացիական իրավունքներից զրկված ՀՀ քաղաքացին, եթե դուք այդքան թեթեւությամբ կանաչ լույս եք վառում դեռ երեկ ձեր քննադատության տարափից գլուխը կորցրած՝ տասը խաղաղ ցուցարար սպանած, սեփական ժողովրդի վրա կրակող, բանտերը քաղաքական հակառակորդներով լցրած իշխանավորների առաջ, ովքեր ձեր քաջալերանքից ոգեւորված՝ շարունակում են բռնությունները եւ շինծու քաղաքական դատավարությունները:

Ի՞նչ է փոխվել Հայաստանում: Ազատվե՞լ են քաղբանտարկյալները, կենդանացե՞լ են գնդակահարված խաղաղ ցուցարարները, գնդակահարողներից գոնե մեկը պատժվե՞լ է, հանրապետությունում թույլատրվո՞ւմ են բողոքի խաղաղ ցույցերն ու հանրահավաքները, դադարե՞լ են անթաքույց բռնություններն իրենց քաղաքացիական իրավունքները պաշտպանողների նկատմամբ, դատական համակարգը սկսել է անկախության նշույլնե՞ր ցուցաբերել: Ի՞նչ է փոխվել, որ ԱՄՆ-ը որոշել է փոխել իր վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ: Մի՞թե միայն հայ-թուրքական հարաբերությունների մասին ոչինչ չպարտավորեցնող մեկ հայտարարությունը եւ Գյուլի ֆուտբոլային այցը բավական են, որ մոռացության մատնվեն ե՛ւ քաղբանտարկյալները, ե՛ւ զոհերը, ե՛ւ բռնությունները, ե՛ւ լեգիտիմության պակասը, ե՛ւ ազատության, արդարության ու ժողովրդավարության մասին արած ձեր իսկ հայտարարությունները:

Հնարավո՞ր է, արդյոք, պատկերացնել, որ խաղաղ ցուցարարների վրա կրակող, բազմաթիվ քաղբանտարկյալներով բանտերը լցրած, կեղծված ընտրություններով իշխանությունը խլած իշխանավորներն ի վիճակի լինեն լուծել երկու ժողովուրդների միջեւ ծագած երկու հարյուր տարուց ավելի ձգվող վեճը: Մի՞թե ակնհայտ չէ, որ խաղաղությանը միտված քայլերի շուրջ կարելի է բանակցել միայն այն ուժերի հետ, որոնք հակամարտող երկրներում ունեն վստահություն եւ ընտրողների քվեն, ինչի վրա հիմնված նրանք կկարողանան այնպիսի լուրջ խնդիրներ լուծել, ինչպիսիք հայ-թուրքական հարաբերություններն ու հայ-ադրբեջանական հակամարտությունն են: Հակառակ դեպքում՝ կամ խաղաղության մասին դատարկ հայտարարություններից զատ որեւէ իրական քայլ չի արվի, կամ էլ կարվեն իրավիճակային այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի կխճճեն դրությունը: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանի իշխանություններն իրենց այդ հայտարարությամբ ընդամենը լուծում են իրենց լեգիտիմության խնդիրը՝ փորձելով ձեր օգնությամբ ձեռք բերած արտաքին լեգիտիմացմամբ փոխհատուցել ներքին լեգիտիմության իսպառ բացակայությունը:

Տխուր է ու զարմանալի, որ դուք եւ ձեր գործընկերները լծվել եք Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացման գործին՝ հույս ունենալով ձեր աջակցության դիմաց թույլ ու դիմադրություն չցուցաբերող հայկական կողմից մաքսիմում զիջումներ կորզելով՝ տարածաշրջանային լրջագույն խնդիրներ լուծել: Բայց ինչքան էլ աջակցեք նրանց՝ նրանք բուն Հայաստանում չեն լեգիտիմացվելու եւ նրանց ցանկացած քայլ՝ լինի դա հայ-ադրբեջանական, թե հայ-թուրքական խնդիրներին վերաբերող, չեն ընդունվելու հայ ժողովրդի կողմից եւ խաղաղության հաստատմանն ուղղված ձեր ջանքերը վերջին հաշվով զուր են անցնելու:

Մենք թուրք եւ ադրբեջանցի ժողովուրդների հետ դարեր ենք միասին ապրել: Դարերով էլ, անկասկած, որպես բարեկամներ ապրելու ենք: Բայց դրա համար առաջին հերթին մեր երկրներում ժողովուրդների վստահությունը վայելող, ժողովուրդների կողմից ընտրված իշխանություններ են պետք, որոնք օժտված կլինեն իրենց ժողովրդի անունից բանակցելու եւ առաջադրված խնդիրները փոխադարձ զիջումներով լուծելու իրավունքով, այլ ոչ՝ պարտադրված քայլեր անելով: Խաղաղության հաստատման այլ ճանապարհ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել