Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական միջավայրը համարժեք չէ մեթոդներին

Հոկտեմբեր 18,2008 00:00

Կարծում են նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչները

«Փորձում ենք ստեղծել անվտանգ, հիգիենիկ եւ զարգացող միջավայր, որտեղ կյանքն իրական է, ոչ թե արհեստական սարքված»,- Երեւանի եւ մարզերի համայնքների նախադպրոցական հաստատությունների ղեկավարների եւ դաստիարակների`«Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» հանրապետական ծրագրով վերապատրաստման արդյունքներն ամփոփելիս երեկ «Առավոտին» հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: 2008-ի պետական բյուջեում կա մի տող, որով սահմանվում է աջակցություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին` նախադպրոցական ծրագրի զարգացման իրականացման համար, ուստի այն 100 դաստիարակները, որոնք վերապատրաստվել են՝ գումար չեն ծախսել դրա համար: «Մանկապարտեզի վարիչների հետ աշխատանքը մի քիչ բարդ է, քանի որ նրանք ավելի քմահաճ են, նրանց դժվար է աշխատանքից կտրելը, մեծամասնությանը թվում է` ամեն ինչ գիտեն»,- խոստովանում է Ա. Բլեյանը: Հետաքրքվեցինք, թե ի՞նչն է ընկած մանկավարժության՝ իրենց հեղինակած նոր մեթոդի հիմքում: «Ազատ մարդկանց փոխհարաբերություննե՛րը, նկատի ունեմ ե՛ւ երեխաներին, ե՛ւ դաստիարակներին, ե՛ւ տնօրեններին: Պիտի նաեւ միջավայրը լինի համապատասխան»,- պատասխանեց Ա. Բլեյանը: Մեր հարցին՝ հնարավո՞ր է իրենց ստեղծած ազատ եւ անվտանգ միջավայրը հակասի արտաքին միջավայրին, Ա. Բլեյանը այսպես պատասխանեց. «Այդ հակասությունն անպայման առաջանում է: Դա պիտի հաղթահարվի մանկավարժների եւ ծնողների ամենօրյա պայքարի միջոցով: Բացի այդ, մեր կրթական գործընթացները չեն ավարտվում, դրանք շարունակական են»: Պարոն Բլեյանից հարցրինք՝ ինչպե՞ս է բացատրում նախակրթարանների նկատմամբ հասարակության այն վերաբերմունքը, ըստ որի՝ դրանք օջախներ են, որտեղ երեխային ծնողները տանում են պարզապես զբաղեցնելու համար: «Նոր սերունդն ավելի լուրջ պահանջներ է ներկայացնում: Եթե չլիներ հասարակական պահանջ՝ կրթահամալիրի կազմում նոր նախակրթարաններ չէին բացվի»,- հնչեց պատասխանը: Վերապատրաստված ուսուցիչները կրթահամալիրի Գեղարվեստի վարժարանում երեկ ներկայացրին իրենց կատարած աշխատանքների անհատական փաթեթները, ձայնասկավառակները: Հետո «պոդիումի» վրա ցուցադրեցին իրենց հեղինակած գլխարկները: Կրթահամալիրի սաներն էլ ներկայացրին, թե ինչ դպրոցական համազգեստ են իրենք ուզում կրել. սկսած Զորոյի հագուստից՝ մինչեւ Սարդ- մարդունը: «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» հանրապետական ծրագրի վերապատրաստումների պատասխանատու Կարինե Խաչատրյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Վերապատրաստման առաջին շաբաթը նվիրված էր տեսական աշխատանքին, երկրորդը` հմտությունների կիրառմանը: Նախադպրոցական հաստատություններում աշխատող մանկավարժների մեթոդները մի փոքր քարացած վիճակում էին, ինչը բարելավելու առումով էլ կատարվել են աշխատանքները»: Զրուցեցինք նաեւ վերապատրաստված մասնագետների հետ: Երեւանի թիվ 11 մանկապարտեզի նորանշանակ տնօրեն Նուրիցա Շարբաթյանն ասաց. «Մարդու մտքին տեղ լինի՝ ամեն նոր մեթոդ էլ կարող ենք յուրացնել: Պարզապես ֆինանսավորման խնդիր կա: Օրինակ` այժմ մեր մանկապարտեզը ոչ բարվոք շենքային պայմաններում է: Նոր-նոր են սկսվում վերանորոգման աշխատանքները»:

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի մեթոդական գծով տնօրենի տեղակալ Տիրուհի Ավետիսյանն էլ նկատեց. «Կրթական միջավայրը պիտի համապատասխանի կրթական նոր մեթոդներին, այնինչ՝ դրանք դեռ շատ հեռու են միմյանցից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել