Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայկական ժամանակի» հայցը մերժվեց

Հոկտեմբեր 18,2008 00:00

Վստահ հաղթանակին՝ պատասխանող թաղապետարանը չէր ներկայացել վճռի հրապարակմանը

Երեւանի Կենտրոն թաղապետարանը, հետընտրական զարգացումներից անմիջապես հետո՝ մարտի 28-ին, որոշում էր կայացրել, ըստ որի՝ Իսրայելյան 37 հասցեն 5 տարի զբաղեցնող «Դարեսկիզբ» ընկերության «Հայկական ժամանակ» օրաթերթը պետք է ազատի զբաղեցրած տարածքը: Ըստ նրանց՝ այդ տարածքում գեղագիտական դաստիարակություն պիտի ստանան համայնքի երեխաները: «Դարեսկիզբ» ընկերությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով թաղապետարանի որոշումը: Հայցվոր կողմը, հիմնվելով առկա փաստերի վրա, դատարանում պնդում էր, որ Կենտրոնի թաղապետարանը, որոշումն ընդունելիս, հաշվի չի առել բազմաթիվ հանգամանքներ, խախտել է բազում օրենսդրական դրույթներ եւ անժամանակ է խմբագրության տնօրինությանն իրազեկել ընդունված որոշման մասին:

Նախքան երեկվա դատարանի վճռի հրապարակումը՝ «Առավոտը» զրուցեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հետ, փորձելով պարզել, թե «Դարեսկիզբ» ընկերությունն ի՞նչ գործողություններ կծավալի այն դեպքում, եթե դատավոր Ռուզան Հակոբյանը չբավարարի իրենց հայցը: «Բողոքարկելու ենք վճիռը, այսինքն՝ մենք այդ գործով հասնելու ենք մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ունենք համապատասխան փաստեր, որոնց հիման վրա դիմել ենք դատարան՝ ընդդեմ թաղապետարանի, եւ այդ նույն փաստերի շահարկմամբ էլ հետամուտ ենք լինելու ԵԴ-ում»,- ասաց տիկին Հակոբյանը: Մեր հարցին, թե մինչեւ մարտի 28-ի որոշումն ընդունելը, թաղապետարանի ղեկավարությունը տարածքն ազատելու հարցով ընկերությանը անհանգստացրե՞լ է, եւ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Կենտրոնի թաղապետարանի դիրքորոշումը զբաղեցրած տարածքի ազատման վերաբերյալ, Ա. Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե՝ չեն անհանգստացրել: Մեր մեկնաբանությունը մեկն է. թաղապետ Գագիկ Բեգլարյանը որոշել է ինչ-որ լավ գործ անել իր ղեկավարության համար, ցույց տալ, թե ինքն ինչ լավ ծառայող է, կարող է «ՀԺ»-ին տարածքից զրկել: Սակայն պետք է կարեւորեմ, որ մենք դրա հետ կապված խնդիրներ առանձնապես չունենք: Մենք մտադիր ենք գնալ մինչեւ ԵԴ, որովհետեւ պետք է կոմպենսացնենք: Եթե դատարանի վճիռն, ի վերջո, լինի իրենց օգտին եւ մենք այս տարածքից դուրս գանք, ֆինանսական կորուստներ ենք ունենալու: Մեզ նեղություն է պատճառելու նաեւ այն, որ առանց թերթի տպագրությունն ընդհատելու՝ պետք է հասցնենք այդ գործն անել: Մենք պահանջելու ենք փոխհատուցել մեզ պատճառած ֆինանսական բոլոր վնասները, իսկ տարածքի հետ կապված՝ բացարձակապես խնդիր չունենք: Եթե դատարանը վճռի, որ պետք է դուրս գանք, մենք դուրս կգանք եւ կզբաղեցնենք մեկ այլ տարածք, այսինքն՝ տարածքի առումով բացարձակ խնդիրներ չունենք, ուղղակի մինչեւ վերջ իրենցից վերցնելու ենք մեզ վնաս հասցրած գումարները»:

«Առավոտի» դիտարկմանը՝ եթե թաղապետարանը խմբագրությանն այլ տարածք տրամադրի, այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի իրենց դիրքորոշումը, Ա. Հակոբյանն ասաց. «Մինչ օրս նման խոսակցություն, առաջարկ չի եղել, ու նրանք մեկ այլ տարածք տրամադրելու նպատակ չունեն: Նման բան ինձ հայտնի չէ»: Ապա հավելեց. «Մենք չենք ուզում ասել, որ մեզ ճնշում են: Ըստ էության, դրանով մեզ չեն ճնշում, եւ մենք դա ճնշում չենք դիտում: Բացարձակ որեւէ խնդիր այս գործընթացի հետ չունենք: Մենք կարող ենք դուրս գալ, կարող ենք շատ ավելի լավ տարածք ունենալ, պարզապես կգնանք մինչեւ վերջ՝ պահանջելով այն բոլոր վնասները, որոնք կրելու ենք տեխնիկապես»:

Դատավոր Ռ. Հակոբյանը հրապարակեց վճիռը՝ մերժելով թերթի հայցադիմումը: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Առավոտին» հայտնեց, որ վճիռը բողոքարկելու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել