Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ՓԱԽԵԼ Է

Հոկտեմբեր 18,2008 00:00

\"\"Մեր դատարանների ներողամտությունն արթնանում է միայն ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողների հանդեպ:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից այս տարվա օգոստոսի 16-ի որոշմամբ «Թամսար» ՍՊԸ տնօրեն Սաղաթել Սաղաթելյանի երկամսյա կալանքը փոխարինվեց 750 000 դրամ գրավով: Գրավի որոշման մեջ դատարանը եզրակացրել էր, թե Ս. Սաղաթելյանը չի խուսափի վարույթն իրականացնող մարմնից, չի խոչընդոտի դատարանում քրեական գործի դատաքննությանը, չի թաքցնի գործի համար էական նշանակություն ունեցող նյութերը, ապացույցները, կներկայանա վարույթն իրականացնող մարմնի կանչով:

Չնայած դրան, Ս. Սաղաթելյանը դիմեց փախուստի ու մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ: Նրա նկատմամբ այս պահի դրությամբ ընտրվել է դարձյալ խափանման միջոց կալանքը:

Ինչո՞ւ է մեղադրվում տնօրենը, որը չի ընդունել իրեն մեղսագրված արարքը:

Ըստ քրեական գործի նյութերի, նա հուլիսի 30-ին իր «ԲՄՎ» մեքենան է նստեցրել (Եղեգնաձոր տանելու պատրվակով) Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակչուհի, անչափահաս Ն. Ղ.-ին: Վերջինիս տարել է «Պարույրի մոտ» սննդի օբյեկտ, նրա հյութի բաժակի մեջ լցրել թմրանյութ՝ կոկաին: Անչափահաս աղջկան հասցնելով անօգնական վիճակի, վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել: Ըստ նախաքննական մարմնի, նա մեկ այլ մեքենայով Ն.Ղ.-ին տարել է Վայք-Ջերմուկ ճանապարհին գտնվող գետափ, շարունակել «հակաբնական սեքսուալ գործողությունները»՝ նրա նկատմամբ «իր սեռական կրքերին խաթարված ձեւով հագուրդ տալու նպատակով»:

Գրավով կալանքը փոխելու ժամանակ դատարանը հանգեց նրան, որ «քրեական գործի նյութերի հետազոտմամբ՝ հիմնավոր կասկածներ չկան այդ արարքների կատարմանը նրա առնչության վերաբերյալ»:

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ն. Մարգարյանը վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: Մեղադրողն իր բողոքն է հայտնել ընդհանուր իրավասության դատարանի դեմ, պարզել, որ «Դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել քրեական գործով մեղադրյալի՝ ազատության մեջ մնալու պարագայում քննությանը խոչընդոտելու արդեն իսկ առկա փաստերին: Քրեական գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ տուժող Ն.Ղ.-ն, գտնվելով հոգեպես ճնշված, ընկճված վիճակում, վախենալով մեղադրյալ Ս. Սաղաթելյանից, քննիչին խնդրել է՝ առերես չհարցաքննել իրեն»:

Բացի դրանից, տուժողը մի անգամ փոխել է ցուցմունքը, հետագայում պնդել այն՝ «իր հրաժարվելը բացատրելով մեղադրյալից ունեցած վախի զգացումով»:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, դատարանը խախտել է Քրդատօրի մի քանի հոդվածներ, ծանր հանցագործության մեջ մեղադրվողի նկատմամբ ցուցաբերել «ավելորդ ներողամտություն», կիրառել գրավ:Օրեր առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Հ. Ասատրյանի նախագահությամբ, դատախազի բողոքը բավարարեց եւ Սաղաթելյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանքը: Գրավը կվերադարձվի գրավատուին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել