Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օդանավակայանը չպատժվեց

Հոկտեմբեր 18,2008 00:00

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ժամանակ խնդրեց՝ իր սահմանած բարձր եւ խտրական գները

հիմնավորելու համար։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության (ԱՄՕ) դիմումի համաձայն, այս տարվա մարտին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սահմանել էր, որ 1 տոննա ավիավառելիքը $1164-ով ձեռք բերելու դեպքում ԱՄՕ-ն կարող էր այն իրացնելիս այդ արժեքին ավելացնել $141: Սակայն հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ ընկերությունը հունիսին վառելիքի գինն ավելացրել է $265-ով, իսկ օգոստոսին՝ $212-ով։ Ուշագրավ է, որ այս ամիսներին օդանավակայանը վառելիքի իրացման գնին ավելացրել է նաեւ տրանսպորտի ծախսերը՝ 1 տոննայի գինը թանկացնելով եւս $10-ով: Բայց քանի որ օդանավակայանին վառելիք մատակարարողը «Միկա Լիմիթեդ» ընկերությունն է, ուստի այդ ծախսերը կատարվում են հենց այդ ընկերության հաշվին: Բացի այդ, ավիավառելիքն իրացնելիս, ԱՄՕ-ն կիրառել է խտրական եւ տարբերակված գին: Օրինակ՝ այս տարվա օգոստոսի 23-ին «Աերոֆլոտ-Ռուսական ավիաուղիներին» 1 տոննա վառելիքը վաճառել է մոտ $1700-ով, «Արմավիային»՝ մոտ $1640-ով, հաջորդ օրն էլ «Տաջիկստան ավիաուղիներին»՝ մոտ $1740-ով։ ԱՄՕ-ի իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանն այս հանգամանքը հանձնաժողովին այսպես բացատրեց. «Մենք չգիտեինք՝ ինչի համար ենք տվյալներ ներկայացնում»։ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի հարցին՝ իսկ եթե իմանայիք՝ ա՞յլ թվեր էիք ներկայացնելու, Ա. Տեր-Տաճատյանը պատասխանեց. «Թվերը չէին փոխվելու, մենք ուղղակի փաստարկներ էինք ներկայացնելու»: «Առավոտի» հետ զրույցում պարոն Տեր-Տաճատյանը դժգոհեց, որ հանձնաժողովի ներկայացրած ծանուցագրերում նշված չի եղել, թե իրենք ինչի համար են տեղեկատվություն պահանջում կամ ինչի համար են իրենց տուգանում. «Մենք մեր տեղը նստած՝ իրենք իրենց վճիռներն են կայացնում»։ Քանի որ հանձնաժողովը պատրաստվում էր խտրական գների կիրառման համար տուգանել ԱՄՕ-ին, վերջինիս ներկայացուցիչները հանձնաժողովին խնդրեցին հետաձգել տուգանքը եւ իրենց ժամանակ տրամադրել՝ լրացուցիչ փաստեր ու հիմնավորումներ ներկայացնելու համար։ Հանձնաժողովի անդամներն ընդառաջեցին այս խնդրանքին:

Երեկ հանձնաժողովը հրապարակեց նաեւ ցորենի եւ բրնձի շուկայում կատարված մոնիտորինգի արդյունքները։ Հանձնաժողովի անդամներին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է բրնձի գինն անընդհատ աճում։ Ըստ Աշոտ Շահնազարյանի՝ այս շուկայում գործունեություն ծավալող ընկերություններից մի քանիսը գերշահույթներ են ստացել, քանի որ բրինձն իր ինքնարժեքից մոտ 1,7-2,5 անգամ ավելի գնով է վաճառվել. «Կարի Թով» ընկերությունը հայտնել է, որ իրենք լուծարվելու գործընթացի մեջ են։ Շուկայում գործող 2 ընկերություն եւս արդեն դադարեցրել են գործունեությունը։ Մենք դիմել ենք գլխավոր դատախազություն՝ «Կարի Թովի» լուծարման գործընթացը կանխելու, ինչպես նաեւ գործունեությունը դադարեցրած ընկերությունների կողմից օրենսդրական հնարավոր խախտումների հարցերը քննարկելու նպատակով»։ Նկատենք, որ Մաքսային կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն, այս շուկայում սուբյեկտները հաճախակի են փոխվում, ինչից կարելի է ենթադրել, որ նույն ընկերությունը կարող է տարբեր իրավաբանական անուններով բրինձ ներկրել ու վաճառել՝ ինչ գնով որ ցանկանում է, իսկ երբ բավարար շահույթ ստանա՝ դիմի լուծարման։ Հաշվի առնելով սա, հանձնաժողովը որոշեց վարույթի արդյունքները տրամադրել Պետական եկամուտների կոմիտեին։

Ինչ վերաբերում է ալյուրի շուկայում կատարած ուսումնասիրությունների արդյունքներին, ապա, ըստ հանձնաժողովի, ցորենի գինն իջել է, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադարձել հացի գնի վրա։ Հանձնաժողովը որոշեց առաջիկայում ուսումնասիրել ինչպես հացի, այնպես էլ երկաթուղային բեռնափոխադրումների շուկան, ինչի բաժինը գնագոյացման մեջ, ըստ տնտեսվարողների բողոքների, նշանակալի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել