Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԱՏՕ-ն Հայաստանում անելիք չունի»

Հոկտեմբեր 18,2008 00:00

ՀԿԿ-ն կոչ է անում ՆԱՏՕ-ին ընդդիմադիր հայաստանյան ուժերին՝ անդամակցել ԱՊՀ-ում ձեւավորվող ընդդեմ ՆԱՏՕ-ական բլոկին:

Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը՝ Պետդումայի մի խումբ պատգամավորների հետ, հանդես է եկել ԱՊՀ երկրներում ընդդեմ ՆԱՏՕի՝ բլոկ ստեղծելու նախաձեռնությամբ: ՀԿԿ կենտկոմը, բնականաբար, պաշտպանում է սույն նախաձեռնությունը եւ իրեն համարում է այդ բլոկի անդամ: «Ես կոչ եմ անում մյուս կուսակցություններին էլ՝ եթե իսկապես համարում են, որ ՆԱՏՕ-ն մեր երկրի համար չարիք է, միանան այդ բլոկին»,- ասում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ նկատի ունենալով «Հայրենիք ու պատիվ» կուսակցությանը, ՍԴՀԿ-ին, ՀԺԿ-ին, Սոցիալիստական ուժերի միավորմանը, որոնք վերջին շրջանում հանդես են գալիս հանուն ՀԱՊԿ-ի եւ ընդդեմ ՆԱՏՕ-ի: Ընկեր Թովմասյանը, ընդհանրապես, զարմացած է վերոնշյալ կուսակցությունների վրա, քանի որ վերջիններս ակնկալել են ՆԱՏՕ-ի անկեղծությունը. «ՆԱՏՕ-ն երբեք՝ ոչ իր պատասխաններում, ոչ էլ պրակտիկ գործերում անկեղծ չէ եւ չի էլ լինելու: Այդ կառույցը իրեն համարել է եւ կմնա իբրեւ համաշխարհային ժանդարմ՝ բոլոր ազատագրական եւ ժողովրդավարական շարժումները հօգուտ իրեն օգտագործելով: ՆԱՏՕ-ն եղել է ու կմնա երկդիմի՝ բացառապես իր շահը հետապնդելով»:

Մեր զրուցակիցն իր ձայնն է բարձրացնում նաեւ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի դեմ. հենց այդ ծրագրի շրջանակներում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցում Հայաստանը եւ ԱՊՀ մնացյալ երկրները: «Այդ ո՞ր երկրում է ՆԱՏՕ-ն մտել եւ խաղաղություն ապահովել, եթե ոչ՝ մտել եւ ապակայունացրել է իրավիճակը»,- ասում է մեր ՀԿԿ ղեկավարը՝ իբրեւ օրինակներ բերելով Հարավսլավիան, որտեղ արհամարհվեց սերբ ժողովրդի կամքը, եւ այդ ժողովուրդը զրկվեց ինքնորոշման իրավունքից, Աֆղանստանը, Իրաքը եւ, վերջապես, Վրաստանը: Վերջինիս պարագայում նա նաեւ հավելում է. «Փառք ռուսական ուժին, որ այնպիսի շառաչուն ապտակ հասցրեց Ամերիկային ու ՆԱՏՕ-ին, որ մինչեւ հիմա խելքները գլուխները չի գալիս: Ի՞նչ է, կարծում էին, որ Ռուսաստանն այնքան թույլ է, որ իր քթի տակ կհանդուրժի՞ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ցանկացած կեցվածք: ՌԴ-ն ցույց տվեց, որ իր հետ այդպես խաղալ չի կարելի: Ու թող չփորձեն իրենց աշխարհի տեր կարծել»: Ընկեր Թովմասյանը մտավախություն ունի, որ «այդ խայտառակ պարտությունից հետո ՆԱՏՕ-ն իր շոշափուկները մեկնում է Հայաստան», ինչի ապացույցը համարում է Հայաստանում անցկացված վերջին զորավարժությունները, որոնք, նրա կարծիքով, մեզ ոչինչ չտվեցին: «Ես չէի ցանկանա, որ զորավարժությունների մասնակից այդ 20 երկրների զինվորների սապոգներն արատավորեին մեր սուրբ հողը, որի մասին Խաչատուր Աբովյանն ասել էր. «Օրհնվի էն սհաթը, որ ռուս զինվորի ոտը մտավ Հայաստան»,- ասում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը: Բայց նա հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները դեռ այնքան խոհեմություն ունեն, որ գրկաբաց չընդունեն «Հայաստանը գրավելու» ՆԱՏՕ-ական նախաձեռնությունը: Այս առումով ընկեր Թովմասյանը նույնիսկ ողջունում է Ռոբերտ Քոչարյանի՝ ժամանակին արած այն հայտարարությունը, որ Հայաստանի առաջիկա ծրագրերում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց ընդգրկված չէ:

Ռ. Թովմասյանը կոչ է անում համարձակություն ցուցաբերել եւ հայտարարել, որ «ՆԱՏՕ-ն Հայաստանում անելիք չունի: Այդ կառույցը, բացի ջլատումից եւ ստրկացումից՝ իր հետ այլ բան չի տանում: ՆԱՏՕ-ի ամենաարյունարբու եւ ամենազինված երկիրը Թուրքիան է: Միգուցե փոխենք մեր հարցադրումները՝ համագործակցություն Թուրքիայի հետ՝ հանուն խաղաղության: Հայ ժողովուրդը վաղուց հասկացել է, թե իր բարեկամն ով է եւ ինչ են նրա նպատակները»: Նաեւ՝ «Եթե ՆԱՏՕ-ն այդքան ազնիվ էր՝ Վարշավայի պայմանագրից հետո կարող էր լուծարվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել