Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՇԱՐՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ» ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ

Հոկտեմբեր 18,2008 00:00

\"\"Խիստ զարմանալի կլինի, եթե «Մարտի 1»-ի գործով այս վկաները նաեւ դատարանում ցուցմունք տան իրավական նույնպիսի տերմիններով:

Չհեռանա՛ք զանգվածային անկարգությունների վայրից

«Մարտի 1»-ի մայր գործի լեզուն մի առանձին անդրադարձի նյութ է: Մի քանի տասնյակ հատորանոց այս գործի գերակշիռ մասում Ազատության հրապարակն անվանվում է «Թաթերական»: Եվ այս միեւնույն տառասխալը ոչ միայն վկաների ցուցմունքներում է, այլ՝ նաեւ քննիչների:

Ընդհանրապես՝ վկաների ցուցմունքներում բառերի ընտրությունը կասկածելի է դարձնում, թե արդյոք դրանք իրո՞ք շարադրված են նրանց խոսքերից: Մանավանդ՝ երբ խոսքն այնպիսի վկաների մասին է, որոնք իրենց կրթությամբ ու զբաղմունքի բնույթով դժվար թե լինեին իրավական առումով այդչափ գրագետ: Մի քանի օրինակներով փորձենք ապացուցել մեր պնդումը՝ առանց անուններ նշելու:

Փարաքարի գյուղացի, միջնակարգ կրթություն ունեցող մի հրաձիգ իր ցուցմունքում օգտագործել է արտահայտություններ, որոնք կարծես արտագրված լինեն նախաքննական մարմնի որոշումներից: Նա գրել է. «ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն պարտված չհամարելով՝ իր համախոհների հետ միասին Ազատության հրապարակում եւ Մատենադարանում սույն թվականի փետրվարի 20-ից կազմակերպում էր չարտոնված հանրահավաքներ»:

Դարձյալ միջնակարգ կրթություն ունեցող ու մանրածախ առեւտրով զբաղվող մի վկա, որն ըստ իր հուլիսի 8-ի ցուցմունքի՝ «հետաքրքրությունից դրդված» էր մարտի 1-ին եկել Մյասնիկյանի արձանի մոտ, նշել է. «Շանթ Հարությունյանն իր ելույթներում ժողովրդին հորդորում էր դրսեւորել անհանդուրժողականություն, չենթարկվել իրավապահների օրինական պահանջներին… Իր ելույթներում Շանթը ժողովրդի մեջ անվստահություն էր սերմանում իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ… Նա հորդորում էր, որ անհրաժեշտություն առաջանալուն պես պետք է կազմակերպվեն ջոկատներ՝ մայրաքաղաքում ռազմական ապօրինի գործողություններ իրականացնելու համար»:

Գյուղում ծնված, միջնակարգ կրթություն ունեցող եւ հավաքարար աշխատող մի կին օգոստոսի 11-ին հետեւյալ ցուցմունքն էր տվել Շանթ Հարությունյանի ելույթի մասին. «Նա կոչ էր անում, որ ոչ ոք չհեռանա զանգվածային անկարգությունների վայրից… Կոչ էր անում ժողովրդին լինել անհնազանդ, չենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին, անհրաժեշտության դեպքում ցույց տալ դիմադրություն… Նա այնպիսի տոներով, բառերով եւ արտահայտություններով էր դիմում բազմությանը, որ վերջիններս իրենց կամքից անկախ վարակվում էին ջարդարարական, վնասարարական տրամադրություններով: Շանթը կոչ էր անում երիտասարդներին զինվել ինչով որ հնարավոր է, որպեսզի անհրաժեշտության դեպքում տան հակահարված իրավապահներին եւ կազմակերպեն ապօրինի մարտական գործողություններ մայրաքաղաքի տարբեր մասերում»:

Սակայն նախաքննական մարմնի համար նման ցուցմունքների անհրաժեշտությունն առավել խնդրահարույց է, եթե հաշվի առնենք, որ մարտի 1-ի գիշերը Մյասնիկյանի արձանի մոտ Շանթ Հարությունյանի ելույթներն ԱԱԾ-ն ձայնագրել է, եւ դրանց վերծանումներն առկա են գործում: Ուստի, նրա խոսքին որեւէ բան ո՛չ ավելացնելու, ո՛չ պակասեցնելու խնդիր կարծես թե չպիտի լիներ: Մի առիթով արդեն առանձին մեջբերումներ արել ենք այդ ելույթներից: Հավելենք, որ ըստ գործի նյութերի՝ Նիկոլ Փաշինյանի այն ելույթից հետո, որ ժողովուրդը չհեռանա, որովհետեւ նոր հարձակումների վտանգ կա՝ խոսափողը վերցրել էր Շանթ Հարությունյանը եւ հայտարարել. «…Ի՞նչ հարձակում, ի՞նչ վտանգ: Ոչ մի բան չկա: Մենք կանգնած ենք մեր երկրում, ու մենք ուզում ենք մեր ազատությունը, մեր երեխաների ազատությունը, մեր իրավունքներն ենք պաշտպանում: Այնպես չանեն, որ մեր քայլելով, սաղին տրորելով գնանք, մի հատ էլ գիշերը երթ անենք: Խնդիր չկա այստեղ, ուղղակի ես մտածում եմ՝ կլինի՞ մեր մեջ մարդ, որ իրա խոսքը թողի կիսատ, էթա տանը քնի: Ես վստահ եմ, որ ով որ գնա տուն՝ պիտի գյոզերով մտնի կռավաթ, որ երեխան չտեսնի նրան»:

Ի դեպ, նկատենք, որ Շանթ Հարությունյանն այս գործով միակն է, որը մեղադրվում է բացառապես հենց այս ելույթների՝ խոսքի համար, եւ չի արել ոչ մի գործողություն:

«Ելույթներից ժողովուրդը գնալով կատաղում էր»

Նույն օրը՝ ապրիլի 29-ին, քննչական խմբի անդամները հարցաքննել էին ցույցերի 3 շարքային մասնակիցների: Բազմահազարանոց հանրահավաքներից ընտրվել էին միայն այն մասնակիցները, որոնք այնպիսի՜ անձնական հակակրանք են զգացել ընդդիմության հանդեպ, որ ուղղակի ուտել չեն կարողացել:

Ասենք, միջնակարգ կրթությամբ մի տնային տնտեսուհի, որը, ըստ իր ցուցմունքի՝ հետաքրքրությունից դրդված էր մի քանի անգամ մասնակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա կողմնակիցների կազմակերպած հանրահավաքներին եւ երթերին, պատմել է. «Դրանց ընթացքում բորբոքված ամբոխի առջեւ ընդդիմության առաջնորդները ելույթներ էին ունենում… Հիշում եմ, որ Մատենադարանի մոտ մի խումբ բորբոքված ժողովուրդ սկսեցին վանկարկել «հիմա» կարգախոսը՝ ցանկություն հայտնելով հենց տվյալ պահին գնալ Բաղրամյան պողոտա եւ բռնի ուժով իրականացնել իշխանափոխությունը… Բոլորն էլ պարբերաբար ելույթներ էին ունենում: Նրանց ելույթներից ժողովուրդը գնալով կատաղում էր»:

Հարցաքննվել է նաեւ միջնակարգ կրթությամբ մի թերթավաճառ, որը բավական հայտնի է լրագրողական շրջանակներում, քանի որ անընդհատ խնդիրներ էր ունենում իր կրպակի կամ բացօթյա տաղավարի հետ կապված եւ բողոքում մամուլին: Բացի այդ՝ նա վկա էր նաեւ 2007-ի հոկտեմբերի 23-ին ընդդիմության ակտիվիստների վրա հարձակվելու գործով, եւ այդ ժամանակ, ինչպես հրապարակվել է մամուլում՝ Նիկոլ Փաշինյանը միջնորդել էր նրան ենթարկել հոգեբանական փորձաքննության: Ահա այս թերթավաճառը ցուցմունք է տվել, թե հետաքրքրության համար հաճախակի ներկա է եղել «չարտոնագրված» հանրահավաքներին. «Ես շատ մոտ էի կանգնած եւ տեսնում էի, թե ինչպես էին Ալիկ Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Գուրգեն Եղիազարյանը իրենց գործողություններով, կոչերով եւ մարդկանց մոտենալով հորդորում եւ ասում էին, որ հասել է հատուցման պահը: Այսօր վերջին օրն է, պետք է Հայաստանից գնան ղարաբաղցիները: Ոստիկանները բացատրում էին, որպեսզի հանրահավաքի մասնակիցները չենթարկվեն նրանց հորդորներին ու խորհուրդներին: Սակայն հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներից քարեր, երկաթյա ձողեր էին հավաքել ու պահել իրենց մոտ՝ հավանաբար ոստիկանների վրա հարձակվելու համար»:

Այնուամենայնիվ, կա նման ցուցմունքներ տված նաեւ մի բարձրագույն կրթությամբ վկա, որը հայտնել է, թե նախագահական ընտրություններում «իմ ձայնը տվել եմ հանուն կայուն եւ հզոր Հայաստանի»: Թերեւս ակնհայտ է՝ խոսքը որ թեկնածուի մասին է: Եվ, այնուամենայնիվ՝ փետրվարի 21-ից նա էլ է, ըստ իր ցուցմունքի, հետաքրքրությունից ելնելով մասնակցել հանրահավաքների՝ «հասկանալու համար, թե ի վերջո ի՞նչն է պատճառը, որ չեն համաձայնում ընտրության նախնական արդյունքների հետ»: Այդպես մասնակցել է 5-6 հանրահավաքների. «Մի գիշեր էլ մնացել եմ մինչեւ ժամը 4-ը. դա փետրվարի 26-ին էր, որի ընթացքում օգտվել եմ սնունդից, նկատել, որ մարդկանց 3-ից 5000 դրամ գումար են բաժանում երկու անծանոթ տղաներ»: Սակայն այս մի վկայի ցուցմունքն էլ է խիստ կասկածելի, քանի որ մի քանի ակնհայտ ստեր կան: Ասենք, նշել է, թե մարտի 1-ին, ժամը 11-ին, հասնելով Մյասնիկյանի արձանի մոտ՝ այնտեղ իբրեւ կազմակերպիչ տեսել է Նիկոլ Փաշինյանին: Մինչդեռ հայտնի է, որ նա այնտեղ հայտնվել է ավելի ուշ ժամի: Կամ վկան նշել է. «Ոստիկաններին ծեծի ենթարկելուց, նրանց մեքենաները այրելուց հետո էլ Գուրգեն Եղիազարյանը եւ Արարատ Զուրաբյանը կրկին հորդորում էին մարդկանց մնալ ու զինվել պայքարելու իշխանությունը տապալելու համար»: Դարձյալ հիշեցնենք, որ կան այնտեղ հնչած ելույթների ձայնագրությունները, եւ փաստ է, որ չեն հնչել նման կոչեր:

…Մի նկատառում՝ այս ամենի կապակցությամբ. քննչական խումբը չի փորձել գոնե ձեւ անել, թե վարում է համակողմանի եւ անաչառ նախաքննություն, եւ թեկուզ նմուշի համար հարցաքննել նաեւ մի այնպիսի շարքային ցուցարարի, որը մեղադրական եզրակացությունը կանխորոշող բառերով չէր արտահայտվի ընդդիմության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել