Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԿԱԼԱՆՎԱԾ

Հոկտեմբեր 18,2008 00:00

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն տվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությանը, որով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել ԱԺ այն որոշումները, որոնցով թույլտվություն տրվեց պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին որպես մեղադրյալներ ներգրավել եւ նրանց նկատմամբ կալանքը կիրառել որպես խափանման միջոց: Բացասական եզրակացություն ստացավ նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի նախաձեռնությունը, ըստ որի՝ այդ նույն որոշումներում պիտի արվեր փոփոխություն ու հանվեին «եւ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու» բառերը:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, որի նիստը երեկ վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը՝ բացասական եզրակացություն տվեց նաեւ Արմեն Մարտիրոսյանի մեկ այլ նախաձեռնությանը՝ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Ըստ այդ նախագծի՝ ընտրությունները պիտի անցկացվեին միայն համամասնական ընտրակարգով, կրկնակի քվեարկություններից խուսափելու համար՝ պիտի օգտագործվեր մատի թանաքոտման մեխանիզմը, ընտրությունների մասնակիցների ցուցակը ընտրություններից հետո պիտի փակցվեր տեսանելի վայրում եւ այլն: Օրինագծով առաջարկվում էր նաեւ ԿԸՀ նախագահ նշանակել ընդդիմության ներկայացուցչին: Արտյուշա Շահբազյանը մասնավորապես անընդունելի համարեց քվեաթերթիկների տպագրությունը արտերկրում կազմակերպելը: Նախագծին բացասական եզրակացություն էր տվել նաեւ կառավարությունը:

Հ. Գ. Ի դեպ, հանձնաժողովը որոշեց եւս 30 օրով հետաձգել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը, որը, Սահմանադրության համաձայն, արդեն վաղո՜ւց պիտի ընդունված լիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել