Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուժեղ, ծաղկուն Հայաստանը շահեկան է բոլորի համար

Հոկտեմբեր 18,2008 00:00

Վստահ է Դենիել Ֆրիդը

«Պիտի փորձենք տարածաշրջանային խնդիրները լուծել, ոչ թե վիճարկել դրանք: Չեն կարող շարունակվել այս լարվածությունը, ժամանակ առ ժամանակ գրանցվող միջադեպերը: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի բնակիչները արժանի են ավելիին»,- երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած ասուլիսին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նա ասաց, որ ժամանել է երեկ եւ հանդիպել ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների՝ Հայ ազգային կոնգրեսի անդամների, ՀՀ նախագահի, վարչապետի, կաթողիկոսի, քաղաքացիական հասարակության անկախ խմբերի ներկայացուցիչների, Վարդան Օսկանյանի, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Այսօր կհանդիպի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին եւ կմեկնի Թբիլիսի: «Այցիս նպատակն է Հարավային Կովկասի բոլոր երկրների համար մեկ անգամ եւս կարեւորել իրենց երկրների ընտրությունների ազատության, ժողովրդավարական, տնտեսական բարեփոխումները: Իսկ ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի լավ հարաբերությունները կխորանան եւ կզարգանան: Ձեր վարչապետը վերջերս այցելել է Վաշինգտոն՝ հանդիպել պետքարտուղարին եւ նախագահին: ՆԱՏՕ-ն Հայաստանում առաջին անգամ (իրականում երկրորդ անգամ.- Տ. Հ.) վարժանքներ է իրականացնում: Ողջունում ենք ՀՀ նախագահի՝ Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրելու նախաձեռնությունը, հուսով ենք՝ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կգրանցվի: Ուժեղ, ծաղկուն Հայաստանը շահեկան է բոլորի համար: Ակնկալում ենք մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված խնդիրների հանգուցալուծումը: Փաստահավաք խմբի ձեւավորումը, որին ընդդիմությունը համաձայնել է մասնակցել, կառուցողական քայլ է, խորհրդարանական հանձնաժողովը՝ եւս: Կարծում ենք, որ դեռ անազատության մեջ գտնվող շուրջ 70 մարդկանց հարցը կկարողանա արագ, արդարացի կարգավորվել: Այսօր ընդդիմությունը ցույց է անցկացնում, ինչը բնորոշ է ժողովրդավարական երկրներին»,- իր խոսքում նշեց պետքարտուղարի տեղակալը եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Նրանք հետաքրքրվեցին, թե ի՞նչ է արել ամերիկյան կառավարությունը մարտի 1-ի դեպքերի արդարացի քննության համար: «Խրախուսել ենք ՀՀ կառավարությանը, որ անազատության մեջ գտնվողների եւ այլ հարցերը արագ կարգավորվեն: Ժողովրդավարությունը սոսկ ընտրություններ չէ, այն նշանակում է օրենքի գերակայություն, անկախ դատական համակարգ, ազատ տնտեսական հնարավորություններ, մամուլ, ուժեղ քաղաքացիական հասարակություն եւ այլն»,- պատասխանեց Դ. Ֆրիդը:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերընտրումը ինչպե՞ս կնպաստի ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: «Ադրբեջանը շատ լավ գիտի, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, թե պատերազմը որքան կործանարար կարող է լինել»,- համոզված է Դ. Ֆրիդը: Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարության մասին էլ ասաց. «Իմ գործընկերոջ խոսքերի վերաբերյալ մամուլի հաղորդագրություններից ոչ բոլորն են ճշգրիտ: Կարծում ենք, որ տարածքային ամբողջականությունը կարեւոր սկզբունքներից է: Մենք սկսել ենք այդ սկզբունքով, բայց երբեք չենք ասել, որ այն միակն է: Ընդունված են նաեւ այլ միջազգային իրավական նորմեր, որոնցից է ինքնորոշման իրավունքը: Մենք բոլորս գիտենք, թե ինչի մասին ենք խոսում»: Լրագրողներին նաեւ հետաքրքրեց, թե Դ. Ֆրիդն ինչպե՞ս է գնահատում այն, որ այժմ ԼՂՀ հարցը շարունակվում է քննարկվել առանց Ղարաբաղի ժողովրդի: «Մինսկի խմբի շրջանակներում զգալի առաջընթաց է գրանցվել, այս ձեւաչափը նորմալ աշխատում է: Նախագահ Սարգսյանի հետ խոսեցի այդ մասին: Ուզում ենք աշխատել Հայաստանի, Ադրբեջանի, Մինսկի խմբի հետ, տեսնենք՝ ինչ կարելի է անել»,- նշեց պրն Ֆրիդը: Լրագրողները փորձեցին մանրամասնել, թե առաջընթացն ինչո՞ւմ է: Պրն Ֆրիդը պատասխանեց. «Եթե դա հրապարակավ ներկայացնելու հարց լիներ, դրան հրապարակավ կանդրադառնայի»:

Հ. Գ. Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Դենիել Ֆրիդն ասաց, որ ղարաբաղյան խնդիրը, հնարավոր է, կկարգավորվի մինչեւ այս տարվա վերջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել