Լրահոս
Օրվա լրահոսը

Կկրկնվի՞ 1998-ի սցենարը

Հոկտեմբեր 17,2008 00:00

\"\"Կանանց կոչն ամուսիններին

«Ինչպես 1988-ին, երբ վտանգված էր Արցախ աշխարհը՝ հայ կանայք կոչով դիմեցին հայ ժողովրդին՝ պաշտպանելու հող հայրենին, այնպես էլ այսօր, երբ իրական է դառնում ազատագրված տարածքները թշնամուն հանձնելը, կոչով դիմում ենք մեր ամուսիններին, եղբայրներին, որդիներին՝ կանխեք, արգելեք այն ստոր գործարքը, որ փորձում է այսօր կատարել իշխող վարչախումբը»,- սա հատված է հայտարարությունից, որն ընդունեցին երեկ՝ «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության կանանց միության կազմակերպած կլոր սեղանի մասնակիցները: Կանայք՝ զոհված ազատամարտիկների մայրեր, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներ, նախկին ազատամարտիկներ, հասարակական տարբեր տրամաչափի գործիչներ, համախմբվել էին այն մտավախությամբ, որ գործող իշխանությունները պատրաստվում են վերադարձնել ազատագրված տարածքները, քանի որ չեն հերքել ոչ Թուրքիայի նախագահի, ոչ ՌԴ արտգործնախարարի արած հայտարարությունները, եւ ոչ էլ միջազգային մամուլում ԼՂՀ հարցի կարգավորման մասին հրապարակված «ոչ հայանպաստ» տեսակետները:

Դիտարկմանը, որ պաշտոնապես նման հայտարարություն չի հնչել, ուստի վաղաժամ է այս անհանգստությունը՝ Երանուհի Հյուսյանն արձագանքեց, որ ժամանակին Մեղրիի տարբերակի մասին խոսակցությունների մասին էին ասում՝ իրականությանը չեն համապատասխանում, մինչդեռ հիմա արդեն պարզ է, որ նման տարբերակի քննարկում եղել է: Զոհված ազատամարտիկ Էդիկ Տռուզյանի մայրը՝ 83-ամյա տիկին Փառանձեմն ասում է, որ ինքը միայն մի բանի համար է ապրում՝ «որ շարունակեմ տղայիս կիսատ թողած գործը», ուստի չի հանդուրժի վերադարձը եւ ոչ մի սանտիմետրի, որն ազատագրվել է «մեր որդիների արյան գնով. ո՞ւմ վերադարձնեն, նրանց՝ ովքեր թափել են մեր որդիների արյո՞ւնը… հիմա մեր միակ մխիթարությունն այն է, որ մեր որդիները զոհեցին իրենց ամենաթանկ բանը՝ կյանքը, ավելի թանկ բանի՝ հայրենիքի ազատագրման համար, հիմա եթե պետք եղավ՝ որդուս փոխարեն ես զենք կվերցնեմ»:

1997թ. կեսերից հայաստանյան քաղաքական ուժերի շրջանակներում ինտենսիվ խոսակցություններ էին պտտվում, որ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր վարչախումբը պատրաստվում են վերադարձնել ազատագրված երեք շրջանները: Այս խոսակցությունները դարձան հասարակական լայն քննարկումների առարկա: Ի վերջո, դրանք հանգեցրին ներիշխանական հակասությունների եւ 1998-ի փետրվարյան հեղաշրջման: Այժմ էլ, կարծես, համանման իրավիճակ է ստեղծվում, եւ արդեն յոթ ազատագրված շրջանների վերադարձման հարցը ե՛ւ միջազգային, ե՛ւ հայ հանրության քննարկման առարկա է դարձել: Արդյո՞ք հնարավոր է 1998-ի իշխանափոխության սցենարի կրկնություն՝ «Առավոտի» հարցին ՆԺԿ-ից պատասխանեցին. «Հայաստանում, այսպես կոչված՝ իշխանություններն, այնքան խոցելի տեղեր ունեն, որ իշխանափոխության համար հիմք կարող է հանդիսանալ ցանկացած խնդիր»:

«Ազգային միաբանությունում» ասացին, որ հարցի պատասխանն ունեն, բայց առայժմ ձեռնպահ են մնում բարձրաձայնելուց, քանի որ դա երկար խոսելու թեմա է եւ, բացի այդ, Գեղամյանի առաջիկա հեռուստաելույթներից մեկում հնչելու է:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ ասում է. «1998-ին իշխանափոխություն տեղի ունեցավ, որովհետեւ դա ցանկացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հասկանալով, որ ընդհանուր դժգոհություն կա ԼՂՀ հարցի կարգավորման իր մոտեցումներից, եւ եթե իր հրաժարականից հետո այդ հարցը կարող էր շատ ավելի դրական լուծում ստանալ՝ հետեւաբար ինքը հրաժարականի պատրաստ էր: Մինչդեռ այս իշխանությունը, անկախ մեր դժգոհություններից, խեղված ընտրություններից, մարտի 1-ի ողբերգությունից եւ երկրի գլխին կախված վտանգներից՝ չի գնում եւ չեմ կարծում, որ գնա ինքնակամ հրաժարականի: Ազատագրված յոթ շրջանները վերադարձնելու նրանց պատրաստակամությունն ավելի է արագացնում իշխանափոխության գործընթացը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել