Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ԽԱՂ՝ ԵՐԵՔ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 17,2008 00:00

\"\"Հիմնավորվեցինք վերջին տեղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի գավաթի որակավորման փուլի խմբային մրցաշարում 2008 թվականի վերջին հանդիպումը նույնպես անցկացրեց Յան Պոուլսենի օրոք հիմնված ավանդույթների ոգով՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականին մրցակցի դաշտում պարտվելով 1:4 խոշոր հաշվով: Միմյանց հետեւող խայտառակ պարտությունների դեպքում իր մասնագիտությունը, առավել եւս՝ սեփական անձը, հարգող մարզիչը սովորաբար հրաժարական է տալիս՝ անկախ ֆեդերացիայի հետ նախապես ստորագրած պայմանագրով նախատեսված պահանջներից: Բայց դանիացու մտքով, ինչպես երեւում է, նման բան չի անցնում: Ինչո՞ւ: Ամենահավանական երկու տարբերակ ենք տեսնում, որոնց շարժիչ ուժը նույնն է՝ «money»-ը: Կամ Պոուլսենը Կազոնիի նման «գրդոնի» է եկել, կամ էլ իրեն դանիացի (ոչ հայաստանցի) լինելով՝ վերեւից է նայում հայկական ֆուտբոլի ընդհանուր վիճակին՝ ամեն ինչ դրա վրա բարդելով, ինչպես արտահայտվեց վերջին ասուլիսում:

Երբ պարոն Պոուլսենն իր ձեռքը վերցրեց ազգային հավաքականի ղեկը, առաջին ասուլիսում ասաց, որ բազմաթիվ խնդիրներ կան լուծելու: Բայց նաեւ խոստանալու պես հայտարարեց, որ դրանք հնարավոր է լուծել: Մենք էլ, ինչպես միշտ, հավատացինք: Հիմա էլ շարունակում ենք աղոտ հույսեր փայփայել ու աղոթել նրա, ավելի ճիշտ՝ մեր, գալիք հաղթանակների համար: Բայց, ինչպես երեւում է, անհույս: Որովհետեւ խաղի մակարդակում գործնականում առաջընթաց տեսնելու փոխարեն հակառակի ականատեսն ու վկան ենք դառնում: 5-րդ խումբն, իրոք, անասելի ծանր է: Անկեղծ լինելով՝ պետք է արձանագրենք, որ, ենթադրաբար, միայն Էստոնիայի նկատմամբ կարող ենք առավելություն ունենալ: Իսպանիային, Թուրքիային, Բելգիային, Բոսնիա եւ Հերցեգովինային հաղթելը սենսացիաների շարքը կդասվեր: Բայց արդեն մեկ անգամ ասել ենք՝ պարտվել էլ կա, պարտվել էլ: Երբ, եթե չեմ սխալվում, 2003 թվականին նույն Իսպանիայի ընտրանուն Լեոնում՝ մրցակցի դաշտում, տանուլ տվեցինք խոշոր հաշվով, բնականաբար, ընկճվել էինք: Բայց մեր արժանապատվությունն այնքան էլ ոտնահարված չէինք համարում, որովհետեւ գիտակցում էինք, թե ում ենք պարտվել, այն էլ՝ նրա դաշտում, եւ որ ավելի կարեւոր է, հասկանում էինք, որ արեցինք այն, ինչ կարող էինք: Օրեր առաջ էլ 0:4 խոշոր հաշվով պարտվեցինք իսպանացիներին: Բայց վատ ենք զգում ոչ թե դրա, այլ մատաղացուի կարգավիճակում հայտնվելու համար: Որովհետեւ զիջեցինք, փաստորեն, առանց պայքարի, առանց ֆուտբոլ ցուցադրելու:

Եթե պարտությունն արժանապատիվ լինի, անգամ հաշվի չենք առնի ընդունած գոլերի քանակը, միայն կկարեւորենք պայքարը: Այսօրվա ազգային հավաքականը խաղում է լավագույն դեպքում 20-30 րոպե: Դրանից հետո նայելու բան այլեւս չկա: Հասկանալի է, ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ, որ մի քանի օր տեւող հավաքի ընթացքում ֆուտբոլիստներին գնդակի հետ վարվելու այբուբենը պետք է սովորեցնի: Բայց որ 90 րոպե խաղադաշտում, հիմնականում արտասահմանյան լիգաներում հանդես եկող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներով համալրված կոլեկտիվի շատ թե քիչ իմաստավորված գործողություններ տեսնելու պակաս ունենք, ոչ մի ֆուտբոլասեր չի ժխտի:

Ասել ու կրկնում ենք. գլխավոր մարզիչն է ընտրում, թե ում հրավիրի, ինքն է որոշում ռազմավարությունը: Հետեւաբար, նաեւ ինքն է պատասխանատու խաղի ընդհանուր որակի համար (վերջնական հաշիվն էլի առաջնային չենք համարում): Պարզապես ուզում ենք առայժմ շատ թե քիչ իմաստավորված խաղ տեսնել:

5-րդ խմբի մրցաշարային աղյուսակում չորս տուրից հետո Հայաստանը զրո միավորով հիմնավորապես հանգրվանեց վերջին հորիզոնականում՝ իրենից առաջ թողնելով նաեւ Էստոնիային:

Իսպանիա 4 4 0 0 10-1 12

Թուրքիա 4 2 2 0 6-3 8

Բելգիա 4 2 1 1 7-5 7

Բոսնիա 4 2 0 2 12-4 6

Էստոնիա 4 0 1 3 2-13 1

ՀՀ 4 0 0 4 1-12 0

Մեծերից ետ չեն մնում

Ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականը Սլովենիայում ավարտված Եվրոպայի առաջնության որակավորման փուլում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը՝ դաշտի տերերին զիջելով 2:3 հաշվով:

Պարտությունն առավել ծանր է այն առումով, որ մինչեւ հանդիպման 55-րդ րոպեն մեր տղաները խաղը շահում էին 2:0 հաշվով: Սակայն դրանից հետո հանդիպման պատկերը հիմնավորապես փոխվեց, եւ հյուրընկալողները մնացած ժամանակահատվածում կարողացան երեք անգամ գրավել մեր հավաքականի դարպասը:

Այսպիսով, Հայաստանի երիտասարդները Սլովենիայում (5-րդ խումբ) անցկացրած երեք հանդիպումներն էլ տանուլ են տվել՝ չվաստակելով եւ ոչ մի միավոր:

Ոչ ֆուտբոլային հաշիվ

Սլովենիայում մինչեւ 19 տարեկան տղաների հավաքականների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտին մեկնարկեց աղջիկների Եվրոպայի առաջնության մինչեւ 17 տարեկանների հավաքականների Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարը, որն անչափ անհաջող ստացվեց մեր ընտրանու համար:

Հենց առաջին տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Շվեդիայի իր հասակակիցների հետ եւ պարտվեց ոչ ֆուտբոլային՝ 0:16 հաշվով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել