Լրահոս
Օրվա լրահոսը

Թոքմաջյանների քանդակները՝ Պենզայում

Հոկտեմբեր 17,2008 00:00

\"\"Հայ քանդակագործները վերադարձան միջազգային սիմպոզիումից

Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 1-ը Պենզայում կայացել է \"\"համաշխարհային քանդակագործական սիմպոզիում՝ «Ներշնչանք» խորագրով, որին մասնակցում էին 50 երկրից ժամանած քանդակագործներ: Հայաստանը ներկայացրել են հայր եւ որդի՝ Լեւոն եւ Հայկ Թոքմաջյանները: Միջոցառման կազմակերպիչներից մեկն, ըստ Լ. Թոքմաջյանի, ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Վոլկովն էր, որն էլ մասնակիցներին տեղավորել էր իրեն պատկանող «Չիստիե պրուդի» հյուրանոցային համալիրում: «Աշխարհի ամեն անկյունում սիմպոզիումներ են լինում, կոնկրետ Պենզայում կազմակերպվածն աննախադեպ էր մասնակիցների թվով: Ինչ վերաբերում է Վոլկովին, նա շատ խելոք էր մտածել՝ միանգամից 50 բարձրարվեստ քանդակ ձեռք բերել: Հատկապես 20 փայտե քանդակներով պիտի զարդարվեր իր հյուրանոցի ներսը, իսկ քարակերտները պիտի տեղադրվեին հյուրանոցի մոտակայքում գտնվող լճի ափին ու Պենզայի կենտրոնում»,- հայտնեց ճանաչված քանդակագործը: Նա ափսոսաց, որ ոչ մի հայաստանցի օլիգարխի մտքով չի անցնում նման մի սիմպոզիում էլ Սեւանի ափին կազմակերպել. «Ցավոք, Սեւանում զբաղված են միայն ամեն սանտիմետրի համար փող ուզելով… թող սիմպոզիում անեն, ոչ թե ջուրն իջեցնեն, որ իրենց կառուցած օբյեկտները ջրասույզ չլինեն: Թող քանդակներ տեղադրեն, գեղեցիկ համայնապատկեր ստեղծեն…»:

Պենզայի քանդակագործական սիմպոզիումին ներկայացրած Հայկ Թոքմաջյանի աշխատանքը կոչվում էր «Ծնունդ», Լեւոն Թոքմաջյանինը՝ «Տագնապ»: Եթե Հայկը քանդակել էր մանկանն օրոր ասող կնոջ, ապա հոր քանդակում՝ մայրը հանել է երեխային օրորոցից եւ ուզում է փախչել: Ըստ Լ. Թոքմաջյանի, իր աշխատանքը ինչ-որ առումով 1915 թ. Հայոց եղեռնի թեմայով է: «Կողքիս թուրք քանդակագործ էր աշխատում, շատ լավ տղա էր, հարգալից էինք իրար հետ: Ինքը հասկացավ իմ քանդակով ինչ նկատի ունեմ, բայց չմեկնաբանեց,- պատմում է հայր Թոքմաջյանն ու շարունակում,- նույն քանդակի փոքրն էլ Պենզայի թանգարանի համար կերտեցի: Միջոցառման փակման ժամանակ մշակույթի նախարարությունը հատուկ ինձ ու Հայկին շնորհակալություն հայտնեց ֆիգուրատիվ քանդակագործություն ներկայացնելու համար՝ շատ լավ գիտակցելով, որ աբստրակտ եւ դեկորատիվ քանդակագործությունը վաղուց փակուղի է մտել»:

Լ. Թոքմաջյանին խնդրեցինք պատմել իր արտասահմանցի կոլեգաների մասին: «Բոլոր քանդակագործներն էլ իրենց երկրներում հայտնի անուններ էին, շքեղ պայմաններում էին ապրում, առանձնատներ ունեին… Նիկոլա Պուչինի անունով սիցիլիացի քանդակագործի աշխատանքն ինձ առաջին հայացքից վուլգար թվաց՝ նատուրալիզմի հասնող մանրամասնություններով պատկերել էր կնոջ մարմինը, իսկ, օրինակ, ֆինն Թոմաս Բերգերը աբստրակցիոնիստ էր ու աշխատանքն էլ կարծես վատը չէր: Կին քանդակագործներ էլ էին մասնակցում սիմպոզիումին՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Հունգարիայից: Բավականին շփվող էր հատկապես Բեատան՝ Հունգարիայից, որն ինձ՝ տարիքով ամենաավագիս, պապա էր ասում ու երեկոները հրավիրում դիսկոտեկ…»,- պատմում է Լ. Թոքմաջյանը:

Սիմպոզիումի ժամանակ որոշ տեխնիկական խնդիրներ են ծագել. Ա. Վոլկովը բոլոր մասնակիցների հետ ցանկացել է պայմանագիր կնքել՝ քանդակներն անհատույց Պենզային տրամադրելու մասին, եւ երբ կին քանդակագործները դժգոհել են՝ բոլորին 35000 ռուսական ռուբլու չափով սիմվոլիկ հոնորար է վճարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել