Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԵՄ ԽԱՆԳԱՐԵԼ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ»

Հոկտեմբեր 17,2008 00:00

\"\"Հարցազրույց www.lraber.info նորաստեղծ կայքի հիմնադիր Տիգրան Բաբայանի հետ

– Ե՞րբ եւ ինչպե՞ս ծնվեց www.lraber.info-ն ստեղծելու անհրաժեշտությունը:

– Բազմաթիվ լրատվական կայքեր եւ լրատվության այլ միջոցներ են ներկայումս գործում, որոնց մեծ մասը, ցավոք, պաշտպանում կամ լուսաբանում է կոնկրետ ուժի՝ ում հենց լրատվության խմբագրությունն է սատարում: Դրա ականատեսը եղանք վերջերս ներքաղաքական լարված իրավիճակում տեղի ունեցած թեկուզեւ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ամենատարբեր եւ ոչ օբյեկտիվ լուսաբանումներին: Նշածս հնարքից օգտվում են ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր լրատվության միջոցները: Եղան բազմաթիվ դեպքեր, երբ, օրինակ, գլխավոր դատախազությունը կամ ոստիկանությունը տարածում էր մամուլի հաղորդագրություն, սակայն որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ այդ հաղորդագրությունն այնպես էին կրճատում, նույնիսկ՝ աղավաղում, որը եւ ներկայացնում էին ընթերցողին եւ այստեղ առաջանում էր մեկ հարց, իսկ իրականում եղե՞լ է, արդյոք, այդպես: Այս խնդիրը թերեւս կարելի էր լուծել՝ այցելելով պետական գերատեսչության պաշտոնական կայքը, սակայն, երբ խնդիրը դառնում է մասսայական, այդ դեպքում բավական դժվարություններ են առաջանում ընթերցողի համար՝ ստուգել ցանկացած նյութի իսկությունը: Սա հիմնական պատճառ հանդիսացավ lraber.info կայքի ստեղծման համար: Որոշվեց ստեղծել մի բազա, որտեղ կզետեղվեն պաշտոնական մամուլի հաղորդագրություններն ամբողջությամբ, առանց որեւէ կրճատման եւ խմբագրման: Կայքը ոչ միայն այդ խնդիրն է ցանկանում լուծել, այլեւ համարում եմ, որ սա հիանալի հնարավորություն է նաեւ լրագրողների համար, որոնք կարող են մեկ աղբյուրից տեղեկանալ ողջ տեղեկատվությանը եւ պատրաստել նյութեր:

– Ի՞նչ սկզբունքով է տեղեկատվություն զետեղվում կայքում՝ պաշտոնակա՞ն հաղորդագրությունների տեսքով, գովազդայի՞ն հիմունքներով, թե՞ մեկ այլ…

– Տեղեկատվությունը կայքում զետեղվում է ամբողջությամբ, այնպես՝ ինչպես ներկայացնում է գերատեսչությունը: Որեւէ կրճատում, որեւէ խմբագրում չի կատարվում: Նույնիսկ այն դեպքերում, երբ հաղորդագրության մեջ առկա են տառասխալներ՝ նույնպես առանց ուղղման տեղադրվում է, եւ սա ամենեւին կայքի որակի մասին չի խոսում, այլ գերատեսչության լրատվական ծառայության որակն է արտացոլում:

– Կայքը ներկայացնու՞մ է որեւէ կուսակցության, քաղաքական հոսանքի, ուժի շահերն ու տրամադրությունները:

– Կայքը ներկայացնում է հանրության շահերը, հնարավորություն է տալիս ստանալ այն տեղեկությունը, որը ներկայացնում է հենց պաշտոնական աղբյուրը: Կարելի է ընդունել նաեւ, որ աջակցում է գերատեսչությունների լրատվական ծառայության ներկայացուցիչներին՝ այնքանով, որքանով որ հավաքագրում եւ մեկ աղբյուրով ներկայացնում է ողջ տեղեկատվությունը:

– Կայքի ֆորումում հատկապես ի՞նչ թեմաների վրա է շեշտը դրվելու:

– Կայքի ֆորումը, իհարկե, այս պահին պատրաստ է, սակայն դեռեւս չենք գտնում այն սկզբունքը, որով կարելի է քննարկումներ կազմակերպել: Հետագայում միգուցե փորձենք կայքում առանձին ունենալ նաեւ լրատվական բլոկ, սակայն ոչ թե պաշտոնական հաղորդագրությունների հրապարակման, այլ խմբագրական կազմով եւ հնարավոր է այդ ժամանակ կազմակերպվի քննարկում:

– www.lraber.info-ն ինչո՞վ է տարբերվում մնացած նմանօրինակ կայքերից:

– Նմանատիպ կայք գոյություն չունի: Ներկայումս այս ֆորմատով կայք միայն lraber.info-ն է: Նաեւ քաջ գիտակցում եմ, որ դեռեւս ինտերնետային նմանատիպ կայքով գումար վաստակելու լայն հնարավորություններ չկան, սակայն ակնկալիքներն ապագայում մեծ են: Կայքի աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են անձնական միջոցներով: Կայքում նախատեսված է գովազդային վահանակների տեղադրում, որը մատչելի է նույնիսկ այնպիսի գովազդատուների համար, որոնք նոր են մտնում շուկա: Այցելուների հիմնական բանակը հենց լրագրողներն ու մասնագիտական առումով այլ շահագրգիռ անձինք են, սակայն քիչ չեն նաեւ ընթերցողները, որոնք պարզապես ծանոթանում են նորություններին, համեմատում են պաշտոնական լուրը ոչ պաշտոնականի հետ եւ այլն:

Շուտով կայքը կդառնա եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, կարծում եմ՝ սա եւս հիանալի հնարավորություն կարող է լինել արտասահմանյան լրագրողների եւ պարզապես ընթերցողների համար, որոնք այլեւս չեն օգտվի նյութից, որտեղ լրագրողը գերակայություն է տվել սեփական կարծիքին: Հավելեմ, որ ամենեւին նպատակ չունեմ խանգարել այլ լրատվական ծառայությունների աշխատանքը, քանի որ ընթերցողն ինքն է որոշում, թե որ աղբյուրից ստանալ հավաստի եւ օբյեկտիվ տեղեկություն:

Պարոն Բաբայանի հարցազրույցը տպագրում ենք չխմբագրված վիճակում, հետեւելով այն սկզբունքին, որով նա առաջնորդվում է իր կայք-էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել