Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժուռնալիստիկան փրկության կարիք ունի»

Հոկտեմբեր 17,2008 00:00

«Ազդարար» մրցանակաբաշխության ժամանակ երեկ հայտարարեց «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը:

Երեկ Ժուռնալիստների միությունում արդեն 5-րդ անգամ տեղի ունեցավ «Ազդարար» մրցանակաբաշխությունը, որին լրագրողներն «իրենք իրենցով» էին հավաքվել:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը նկատեց. «Ցավոք, ժուռնալիստներն իրենք չեն նշում իրենց տոնը՝ հոկտեմբերի 16-ը»: «Ազդարար» մրցանակների արժանացան Ֆրանսիայի «Յառաջ» թերթի խմբագրապետ Արփիկ Միսաքյանը, «Երեւան» ամսագրի գլխավոր խմբագիր Իդա Մարտիրոսյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարը (հեղինակ Պետրոս Ղազարյանը մրցանակի չարժանացավ, քանի որ Ժուռնալիստների միության անդամ չէ), Հանրային ռադիոյի «Երեւան» ծրագիրը, «Թալին աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Համլետ Խաչատրյանը, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանը: Նշենք, որ մրցանակները շնորհող ժյուրիի անդամները նախկին տարվա մրցանակակիր-լրագրողներն էին: «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, խոսելով «Յառաջ» թերթի մասին, ասաց. «Այն գործում է արդեն 84 տարի: Եվրոպայի տարածքում միակ հայկական օրաթերթն է, որը լուսաբանում է հայերի կյանքն ու գործունեությունը»:

ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը «Ազգ» օրաթերթի մշակութային հավելվածը ստեղծելու համար պարոն Ավետիքյանին շնորհեց նախարարության Ոսկե մեդալ:

«Առավոտը» զրուցեց «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանի հետ: Հետաքրքրվեցինք, թե Հայաստանում այսօր մամուլի ազատությունն ի՞նչ մակարդակի վրա է: «Ժամանակակից աշխարհում եւ Հայաստանում կա միտում, ըստ որի՝ ժուռնալիստիկան, սոցիոլոգիան, քաղաքագիտությունը վերածվում են տգեղ PR-ի: Ուստի առաջանում է ժուռնալիստիկայի՝ որպես ժանրի, փրկության խնդիրը: Այժմ դրա նպատակը դարձել է դիմացինին սեւացնելը, ժուռնալիստիկան մեր երկրում կարծես ուղեղների լվացման գործիքի է վերածվել»,- հնչեց պատասխանը: Մեր դիտարկմանը, թե դա չի՞ բխում մամուլի անազատ լինելուց, Պ. Ղազարյանը պատասխանեց. «Մեր երկրում կան շատ թերթեր, որոնք լիովին ազատ են: Բայց նրանք իրենց որակի, սուտ գրելու առումով չեն զիջում ցանկացած անազատ հեռուստաընկերության: Ընդհանրապես, աշխարհում ազատ մամուլ չկա էլ: Չկան այնպիսի լրատվամիջոցներ, որ որեւէ տեղից չֆինանսավորվեն, ինչ-որ կառույցներ չազդեն դրանց քաղաքականության վրա: Բոլորս տեսանք, թե ազատ մամուլի խորհրդանիշ Սի-Էն-Էն-ը ինչպես իրեն դրսեւորեց վրացական պատերազմի ժամանակ: Պարզապես՝ լրագրողներն իրենք իրենց բարոյականությամբ պիտի փորձեն լուծել այս խնդիրը, քանի որ դրան չի նպաստի ոչ պետական ծրագիր, ոչ էլ հեղափոխություն»:

«Թալին աշխարհի» գլխավոր խմբագիր Համլետ Խաչատրյանից էլ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիրներ ունեն մարզային թերթերը: «Տպարաններ չկան, թերթերը տպվում են Երեւանում, այնտեղի շատ խմբագրություններ անգամ համակարգիչներ չունեն: Երեւան գնալ-գալը մեծ ֆինանսական խնդիրներ է պահանջում, առանց այն էլ ֆինանսները սուղ են: Այն թերթերը, որոնք ունեն բաժանորդների թղթապանակ, մի կերպ կարողանում են իրենց գոյությունը պահպանել, մյուսները լույս են տեսնում լավագույն դեպքում ամիսը կամ երկու ամիսը մեկ անգամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել