Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ՝ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոկտեմբեր 17,2008 00:00

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի օրերս կայացրած որոշմամբ կասեցվել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վարդգես Գասպարիի փաստաբան Մուշեղ Շուշանյանի փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիրը, քանի որ Մ. Շուշանյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 343 հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

Համաձայն «ՀՀ փաստաբանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի, փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է այն դեպքում, երբ փաստաբանին մեղադրանք է առաջադրվում դիտավորյալ հանցանք կատարելու համար: Իսկ քրեական գործի հարուցման հիմք էր հանդիսացել դատավոր Արշակ Պետրոսյանի միջնորդությունն՝ ուղղված գլխավոր դատախազին, ըստ որի՝ Մ. Շուշանյանը դատարանի հանդեպ, իբր, դրսեւորել է անհարգալից վերաբերմունք:

Մ. Շուշանյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ Փաստաբանների պալատի խորհուրդը կատարել է օրենքի վերոնշյալ պահանջը՝ տեղեկացնելով նաեւ, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից հարուցված քրգործի նախաքննությունն արդեն ավարտվել է: Մ. Շուշանյանի պաշտպաններ Արթուր Գրիգորյանը, Արա Զաքարյանը եւ Տիգրան Աթանեսյանը ծանոթանում են քրեական գործի նյութերին:

«Առավոտի» հարցին՝ թե այս գործընթացներն ինչպե՞ս կանդրադառնան Վարդգես Գասպարիի գործի վրա, Մ. Շուշանյանը պատասխանեց. «Դատարանում հայտարարեցի, որ դատավոր Արշակ Պետրոսյանի կողմից իմ նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը հստակ նպատակ ուներ՝ ինձ Վարդգես Գասպարիի պաշտպանությունից մեկուսացնել: Իրենց այդ ցանկությունը թե՛ Ա. Պետրոսյանը, թե՛ մեղադրող Կ. Փիլոյանը բազմիցս նշել են դատական նիստերի ընթացքում: Նրանք, մասնավորապես, հայտարարել են, որ ես, իբր, միտումնավոր ձգձգում եմ դատական գործընթացը, եւ ցանկալի է Վ. Գասպարիի պաշտպանությունն իրականացնի այլ փաստաբան՝ իբր պաշտպանությունը պատշաճ իրականացնելու մտահոգությամբ: Նրանք կարողացան հասնել իրենց նպատակին՝ հեռացնելով ինձ վարույթից: Եվ գուցե այս պահին հաղթական տրամադրություն ունեն, սակայն վստահեցնում եմ՝ եթե դա նույնիսկ հաղթանակ է, ապա պյուռոսյան, ժամանակավոր հաղթանակ է: Կգտնվեն փաստաբաններ, ովքեր կհամաձայնեն իրականացնել Վ. Գասպարիի պաշտպանությունը եւ թույլ չեն տա, որ դատարանը նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը հասցնի ավարտին»:

Մ. Շուշանյանը պատմեց նաեւ հոկտեմբերի 8-ին դատարանում տեղի ունեցած միջադեպի մասին. «Դատական նիստի սկզբում Վ. Գասպարին հանդես եկավ հայտարարությամբ, ապա հայտնեց, որ ցանկանում է լքել դատական նիստերի դահլիճը՝ որպես բողոքի նշան դատարանի անօրինությունների: Այդ բանը Վ. Գասպարիին անել չթույլատրվեց, եւ նա հայտնեց, որ թիկունքով շրջվում է դեպի դատարանը՝ չմասնակցելով դատաքննությանը: Դատավոր Պետրոսյանը հնարավոր համարեց նման պայմաններում շարունակել դատաքննությունը, որի իրավունքը, կարծում եմ, չուներ, քանի որ մեղադրյալը դատական գործընթացին միայն ֆիզիկապես էր մասնակցում, մինչդեռ օրենքով ամբաստանյալի մասնակցությունը պարտադիր է: Ապացույցների հետազոտման ժամանակ միջնորդեցի հրապարակել Վ. Գասպարիի հարցաքննության արձանագրությունը, որը կազմվել էր մարտի 1-ին: Ա. Պետրոսյանը, անսալով մեղադրող Փիլոյանի կարծիքին, հրաժարվեց հրապարակել, իսկ այդ փաստաթղթի առնչությամբ պաշտպանական կողմը պատրաստվում էր կարեւոր հայտարարություն անել: Այս միջնորդությունը մերժելուց հետո հայտնեցի, որ պաշտպանական կողմը ստիպված է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Պետրոսյանին, քանի որ կայացրել է ակնհայտ անհիմն որոշում, որով սահմանափակում է պաշտպանական կողմի իրավունքները, իսկ օրենքը նախատեսում է, որ կողմերը դատական վիճաբանությունների փուլում կարող են հղում կատարել եւ հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ: Մեղադրող Փիլոյանի կարծիքը լսելուց հետո իմ միջնորդությունը դատարանը որոշեց թողնել առանց քննության, ինչը մի նոր ապօրինություն է: Բանն այն է, որ ինքնաբացարկի միջնորդություններն առանց քննության թողնել չեն կարող: Դատարանի միայն այդ որոշումն արդեն իսկ բավարար հիմք է դատավոր Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար»:

Մ. Շուշանյանը, որպես բողոքի նշան, փորձել է լքել նիստերի դահլիճը: «Դատական նիստերի դահլիճը լքել ինձ չհաջողվեց, քանի որ, մոտենալով նիստերի դահլիճի դռանը, այս դատարանի դատական կարգադրիչների պետ Արթուր Փիլոսյանը ինձ հայտնեց, որ թույլ չի տալու լքել դահլիճը, եւ ինքը կատարում է դատավորի կարգադրությունը: Կարգադրիչների կողմից իմ նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրվեց, շուրջ 2-3 րոպե նրանք ինձ քաշքշում էին: Ի վերջո, դահլիճից դուրս եկա, իսկ այդ ընթացքում մեղադրողի միջնորդության հիման վրա դատավորը որոշում կայացրեց՝ առանց ամբաստանյալի ցուցմունքը լսելու, դատաքննությունն ավարտված համարել եւ անցնել դատական վիճաբանությունների փուլին՝ չհարցնելով դատավարության մասնակիցներին՝ ունե՞ն դատաքննությունը լրացնելու վերաբերյալ նոր միջնորդություն, թե՞ ոչ, ինչն օրենքի պահանջն է»,- հավելեց պաշտպանը:

Ըստ Մ. Շուշանյանի՝ հոկտեմբերի 8-ին դատական կարգադրիչների կողմից գործադրված ֆիզիկական ուժը դատավոր Պետրոսյանի եւ մեղադրող Փիլոյանի կողմից սադրանքի հրահրման փորձ է եղել. «Նրանք ուղղակիորեն ցանկանում էին, որ ես պատասխանեմ կարգադրիչներին կամ անհարգալից արտահայտություններ անեմ, որը կդառնար հետապնդման նոր գործոն»:

Հ. Գ. Հայտնենք նաեւ, որ Վ. Գասպարին հոկտեմբերի 15-ի նիստում միջնորդել է Ա. Պետրոսյանին հայտնել ինքնաբացարկ՝ հոկտեմբերի 8-ի դատական նիստում տեղի ունեցածը որակելով կազմակերպված սադրանք իր եւ պաշտպանի նկատմամբ: Վ. Գասպարիի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 22-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել