Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական արտադրողը անուշադրության է մատնված

Հոկտեմբեր 17,2008 00:00

Կարծում է «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը

«Իմ աշխատանքում, իմ գործի մեջ ես չեմ զգում համաշխարհային ճգնաժամի հետեւանքները: Չնայած կան դժվարություններ հիպոթեքային վարկերի հետ կապված, բայց դա այն ճգնաժամը չէ, որ մեր երկրի տնտեսությունը փլուզվի, եւ մեր ժողովուրդը սովի մատնվի: Ճիշտ է, տնտեսական բանաձեւերով հաշվարկելու դեպքում ասում են, որ մեր երկրի էկոնոմիկան կարող է վտանգի ենթարկվել, սակայն, դատելով մեր ընկերության ներկայացրած թվերից, որոնք իդեալական ճիշտ տվյալներ են, կտեսնեք, որ մենք ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին շուկայում բավականին մեծ աճ ենք ունեցել: Ես միայն զգում եմ, որ տեղական արտադրությանը քիչ է ուշադրություն դարձվում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը: Ասուլիսի ընթացքում պարոն Վարդանյանը ներկայացրեց այս տարվա 10 ամիսներին իրենց ընկերության գործունեության արդյունքներն ու հետագա անելիքները: Խոսելով «Գրանդ Տոբակո» ընկերության մասին՝ Հ. Վարդանյանը նշեց, որ ծխախոտագործության մեջ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ իրենք արդեն բավականին մեծ ծավալով արտահանում են իրականացնում ԱՄՆ եւ Եվրոպա: Պարոն Վարդանյանն իրենց աշխատանքի գնահատականն է համարում այն, որ միջազգային մի անկախ կազմակերպություն վերջերս Հայաստանի ծխախոտի շուկայում մոնիտորինգ է իրականացրել եւ պարզել, որ մեր երկրում չֆիքսված սիգարետի ծավալն ընդամենը 1% է. «Ուզում ենք այնպես անել, որ, կոնյակի նման, հայկական սիգարետը եւս մեր երկրի բրենդը դառնա»: Իրենց արտադրած սիգարետի սպառման ծավալների տարեցտարի աճի պատճառներից մեկն, ըստ «Գրանդ հոլդինգի» նախագահի, այն է, որ մենք տառապում ենք ազգային մեծ ցավով՝ գնալով ավելի ու ավելի շատ կանայք են սկսում ծխել:

Հ. Վարդանյանի ներկայացմամբ, բացի «Գրանդ Տոբակոյից», բավականին մեծ հաջողություններ ունեն նաեւ իրենց հոլդինգին պատկանող այլ ընկերություններ: Մասնավորապես՝ «Գրանդ Սանը», շնորհիվ արտերկրում զինվորական լամպերի մեծ պահանջարկի, արդեն սկսել է աշխատել շահույթով, իսկ թղթի արտադրամասում տեղադրվել է 2-րդ հոսքագիծը եւ արտադրվում են անձեռոցիկներ եւ տետրեր:

Հայ-թուրքական սահմանի բացման մասին հարցին Հ. Վարդանյանը պատասխանեց, որ իր կարծիքով դա պարզապես անհրաժեշտ է. «Թուրքիան ե՛ւ տնտեսապես, ե՛ւ քաղաքականապես հզոր պետություններից մեկն է: Սակայն պետք է բոլորս նստենք եւ մշակենք Թուրքիայի հետ աշխատելու բանաձեւը, եթե մենք դրան պատրաստ չլինենք՝ նրանք կարող են տնտեսապես գրավել Հայաստանը: Սահմանի բացումը եւ թուրքերի հետ հարեւանություն անելը պարտադիր է»: Մտավախությունը, թե հայկական շուկան կարող է հեղեղվել համեմատաբար էժան թուրքական ապրանքներով եւ հայ արտադրողին վնասել, ըստ ասուլիսին ներկա «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի, անիրատեսական է: Նրա հավաստմամբ՝ ներկայումս բանակցություններ են ընթանում թուրքական ընկերության հետ՝ իրենց արտադրանքը Թուրքիա արտահանելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ մենք ունենք պահանջարկ ունեցող եւ մրցունակ արտադրանք:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյո՞ք մինչեւ տարեվերջ մեր Կենդանաբանական այգին Մաշայի փոխարեն նոր փիղ կունենա: Հ. Վարդանյանն ասաց, որ արդեն եղանակները ցրտում են եւ չեն թույլատրում կենդանուն տեղափոխել Հայաստան, սակայն նա խոստացավ, որ հաջորդ տարվա մայիսին 4 փիղ կբերի Հայաստան ու նախորդից շատ ավելի ճոխ հարսանիք կկազմակերպի:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավը ֆինանսավորելու մասին հարցին Հ. Վարդանյանը պատասխանեց. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին ոչ ֆինանսավորել եմ, ոչ էլ կֆինանսավորեմ: Ես դրա կարիքը չունեմ: Ես որեւէ անգամ իշխանություններից եւ կառավարությունից կախման մեջ չեմ եղել: Իմ բիզնեսը իմ գիտելիքն է: Թող նրանք ինձ ֆինանսավորեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել