Ներդրումային պարտավորությունները թերի կատարելու համար կրկեսը պետք է 12 միլիոն դրամ տուգանք վճարի:
Մոտ 3 տարի առաջ Երեւանի կրկեսը մասնավորեցվեց: Կրկեսի աշխատանքային կոլեկտիվի եւ Պետգույքի կառավարման վարչության միջեւ կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով նախատեսված է, որ սեփականատերը 5 տարվա ընթացքում 650 միլիոն դրամի ներդրում պետք է կատարի եւ մանուկների սիրած կրկեսը համապատասխանեցնի ժամանակակից պահանջներին:
Նշենք, որ մասնավորեցման մրցույթի ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի եւ ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ թեժ պայքար էր ընթանում: Սակայն, ի վերջո, այն մասնավորեցրեց կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը՝ վճարելով 150 միլիոն դրամ: Ներդրումն, ըստ պայմանագրի, պետք է կատարվի յուրաքանչյուր տարի՝ որոշակի գումարներով: Առաջին տարվա ընթացքում սեփականատերը, պետք է 50 միլիոն դրամի ներդրում աներ: Երկրորդ տարում՝ 100 միլիոն: Երրորդ եւ չորրորդ տարիներին՝ 150 միլիոն դրամ եւ վերջին՝ հինգերորդ տարում՝ 200 միլիոն դրամ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը վերջերս լրագրողներին ասել էր, որ շուտով կրկեսին դատի են տալու, քանի որ սեփականատերը լիարժեք չի կատարում իր պարտավորությունները:
Օրերս «Առավոտն» այցելել էր կրկես՝ պարզելու, թե այս 3 տարիների ընթացքում սեփականատերը կրկեսում ի՞նչ աշխատանքներ է կատարել: Այն, որ մեր կրկեսը եվրոպական չափանիշներից շատ հեռու է՝ փաստ է: Նախ, կրկեսի շենքն արտաքինից անհրապույր է եւ հին: Չկա կենդանիներին պահելու համար նախատեսված հատուկ վայր, եւ այդ պատճառով կրկեսով մեկ հակահիգիենիկ հոտ է տարածված: Կրկեսի կողքով անցնելիս անգամ այդ հոտը զգացվում է: Բակային հատվածը նույնպես անխնամ է: Նշենք, որ 1962-ին կառուցված կրկեսի շենքը մինչ օրս չի վերանորոգվել:
Սեփականատիրոջ եւ կառավարության միջեւ պայմանագրի կնքումից անցել է մոտ 3 տարի: Կրկեսի արտաքին տեսքից դատելով՝ այդ տարիների ընթացքում էական փոփոխություններ չեն եղել: Չնայած դրան, կրկեսի տնօրինությունը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ մի շարք կարեւոր աշխատանքներ են կատարել, որոնք առաջին հայացքից այնքան էլ տեսանելի չեն: «Կրկեսում ջեռուցման համակարգ ենք ներդրել, գազիֆիկացրել ենք, սանհանգույցներն ենք կապիտալ վերանորոգել: Կենդանիների համար ժամանակակից օդափոխման համակարգով ախոռի կառուցման աշխատանքներն էլ մոտ օրերս կսկսենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը: Ըստ նրա. «Ներդրման պլանով նաեւ գնեցինք շրջիկ կրկես՝ շապիտո, դա էլ շատ կարեւոր էր ու կարողացանք շրջաններում էլ ներկայացումներ տալ, ընդ որում՝ տարածաշրջանում միայն մենք ունենք շապիտո»:
Պարոն Պետրոսյանը վստահեցրեց, որ մինչեւ 2011 թվականը ներդրումային պարտավորություններն ամբողջովին կկատարեն, ինչից հետո կստանան իրենց սեփականության վկայականը: Ինչ վերաբերում է քիչ կենդանիներ ունենալուն եւ դրանց կենսապայմաններին, տնօրենն ասաց, որ շուտով եւս որոշ կենդանիներ ձեռք կբերեն. «Կենդանիներ բերելը շատ թանկ հաճույք է: Մի փիղն ի՞նչ էր, տարիներով բերում էին: Նախկինում «Սոյուզգոսցիրկն» էր այդ ամենն ապահովում, իսկ հիմա բավականին բարդացել է: Բայց մենք բանակցություններ ենք վարում տարբեր երկրների հետ, որպեսզի կապիկ, զեբր, կենգուրու եւ այլ կենդանիներ բերենք»:
Նշենք, որ Պետգույքի կառավարման վարչությունը 12 միլիոն դրամ տուգանք է սահմանել ներդրումային պարտավորությունները թերի կատարելու համար:
«Առավոտի» հետ զրույցում վարչության վերահսկողության բաժնի պետ Արմեն Ալեքսանյանն ասաց, որ առայժմ վաղ է խոսել դատի մասին. «Ըստ պայմանագրի, եթե սեփականատերը 5 տարին լրանալուց հետո չկատարի իր պարտավորությունները, այդ դեպքում արդեն կարելի է խոսել դատի մասին: Վերջերս կատարված փաստաթղթերի ստուգումից հետո լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել, ընդամենը՝ սոցերաշխիքների թերակատարում եւ այլն»:
Ըստ պայմանագրի՝ կրկեսի տնօրինությունը պարտավոր է ունենալ 74 աշխատակից եւ առնվազն 50 հազարական դրամ աշխատավարձ տալ: Պետգույքի կառավարման վարչության վերահսկողության բաժնի ուսումնասիրություններից պարզվել է, որ 74 աշխատակցի փոխարեն կրկեսը 63 աշխատակից է պահել, եւ ոմանց 30-40 հազար դրամ է աշխատավարձ տվել, ինչի համար էլ տուգանվել է, եւ այդ 12 մլնը պետք է վճարի մինչեւ տարեվերջ:
Ինչ վերաբերում է շենքի արտաքին տեսքին եւ Պետգույքի կառավարման վարչության սահմանած տույժերին, պարոն Պետրոսյանն ասաց. «Տուգանքը խնդիր չէ, կվճարենք: Խնդիրն այն է, որ անգամ խորհրդային տարիներին կրկեսը 74 աշխատող չի ունեցել: Այսօր Հայաստանում այդքան արտիստ չկա, ես որտեղի՞ց այդքան դերասան բերեմ, հո չե՞մ բռնելու մարդկանց զոռով բերեմ, ասեմ՝ աշխատեք: Այո, աշխատավարձ սկզբնական շրջանում պակաս եմ վճարել, ուշացումներով եմ վճարել, սակայն քիչ-քիչ հունի մեջ ընկանք եւ այդ հարցն էլ լուծեցինք, բայց կան դերասաններ, որ 150 հազար դրամ են ստացել: Հիմա, որ սկսենք ախոռի կառուցումը, շինաշխատողներին էլ կգրանցեմ եւ կլրացնեմ պայմանագրով սահմանված աշխատատեղերը: Իսկ շենքի տեսքն, իսկապես, հին է, բայց շուտով պատուհանները կփոխենք, եւ մեր կրկեսը կդառնա եվրոպական չափանիշներով կրկես»: