Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է խարխլում պետության կայունությունը

Հոկտեմբեր 17,2008 00:00

Չզարմանաք, եթե պնդում լինի՝ ոստիկանությունը

«Ոստիկանությունը գործել է բացահայտ ապօրինի, չի ներկայացրել իր գործողությունների որեւէ իրավական հիմք եւ սահմանափակել է քաղաքացիների՝ հանրահավաքի մասին իրազեկելու իրավունքը: Մենք դատապարտում ենք նման կեցվածքը»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով վերջին 2-3 օրերի ընթացքում ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ ՀՀ ոստիկանության գործողություններին: Ա. Մուսինյանը հավելեց, թե՝ երբ «50 հոգի իրազեկում են իրականացնում եւ ոստիկանության շուրջ 70 աշխատակից, նաեւ՝ հատուկ ջոկատայիններ, շրջապատում են քաղաքացիներին», սա ցույց է տալիս, որ իշխանությունները «օրենք» հասկացությունը լավ չեն պատկերացնում»:

Այն, որ Հայաստանում ոստիկանությունը, որի գործունեությունը, համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի, իբր՝ «հիմնվում է օրինականության, անձի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության եւ հրապարակայնության սկզբունքների վրա», գործնականում իրեն դուրս է դրել օրենքի շրջանակներից, փաստել է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ ՀՀ ոստիկանությանը հորդորելով «գործել ՀՀ Սահմանադրությանը ու օրենքներին համապատասխան եւ չսահմանափակել ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները»:

Բայց այս արձանագրումներից զատ, կարեւոր է նաեւ, թե մեր ոստիկանության ապօրինի գործողությունները իշխանությունների կողմից այդքան կարեւորվող՝ ներքին կայունության տեսանկյունից ինչպիսի ծանր հետեւանքների կարող են հանգեցնել: Դրա մասին զգուշացված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի կողմից հատուկ ոստիկանության աշխատակիցների համար հրապարակված ուսումնամեթոդական ձեռնարկում, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա, որոնք վավերացրել է նաեւ Հայաստանը: Այս ձեռնարկի ուսումնասիրությունը շատ օգտակար կլիներ առաջին հերթին հայրենի ոստիկաններին՝ հասկանալու համար, թե ինչ է հաջորդում բոլոր այն դեպքերին, երբ, ինչպես ասված է այս փաստաթղթում՝ «ոստիկանությունը ոտնահարում է մարդու իրավունքները»: Պատասխանները մի քանիսն են, եւ դրանք նկարագրում են բոլոր այն հետեւանքները, որոնք առկա են այսօր ՀՀ-ում՝ «իրավապահ մարմինների աշխատակիցը դառնում է օրինախախտ, ոտնահարվում է մարդու արժանապատվությունը, թուլանում է հասարակության կողմից համակարգի նկատմամբ վստահությունը եւ աջակցությունը, որն ունի վճռորոշ նշանակություն, ահագնանում են քաղաքացիական անկարգությունները, դժվարանում է դատարաններում գործերի քննության արդյունավետությունը, ոստիկանությունը մեկուսանում է հասարակությունից, մեղավորների անպատժելիությունը դառնում է պատիժ անմեղների համար, հանցագործությունների զոհերը չեն կարողանում հասնել արդարադատության, ոստիկանությունը ստիպված է ոչ այնքան կանխել հանցագործությունները, որքան՝ արձագանքել դրանց»: Կարծում ենք, բոլոր այս հետեւանքներն առանձին-առանձին ամրապնդել մեր երկրում առկա բազմաթիվ կոնկրետ օրինակներով՝ բարդ խնդիր չէ, եթե նկատի ունենանք, օրինակ՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակագրությունը, դատավարությունները, ազատորեն կարծիք հայտնելու, ժողովներ, խաղաղ երթեր անելու սահմանադրական իրենց իրավունքից օգտվող քաղաքացիների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կիրառված ապօրինությունների փաստերը: Մեր իրավապահ համակարգը չպետք է զարմանա, որ իր այսօրինակ գործողությունների արդյունքում քաղաքացիներն էլ կարող են անկարգություններ անել, ուժով հակազդել ուժի գործադրմանը կամ զզվել ոստիկանությունից եւ չվստահել արդարադատության համակարգին: Պարզվում է՝ դա անխուսափելի է եւ օրինաչափ՝ միջազգային իրավունքի նորմերի եւ պրակտիկայի տեսանկյունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել