Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՂԸ ՄԵԲԵԼԴ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ, ՀԱՆԵՆՔ»

Հոկտեմբեր 17,2008 00:00

\"\"Այս գաղտնալսված առաջարկն Արարատ Զուրաբյանին նախաքննության մարմինը համարել է ապացույց «Մարտի 1»-ի գործով:

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի անունը չկա այն 7 գործիչների (Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Շանթ Հարությունյան, Գրիգոր Ոսկերչյան, Սուրեն Սիրունյան) շարքում, որոնց վերաբերյալ քրգործի նյութերն անջատվել են առանձին վարույթ, եւ նախաքննությունն ավարտվել է: Թեեւ Արարատ Զուրաբյանին էլ, ինչպես նաեւ այդ գործիչներին՝ առաջադրված են մեղադրանքներ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով, ու նրա՝ փետրվարի 19-ից մինչեւ մարտի 2-ը գաղտնալսված զրույցների ձայնագրությունը ճանաչված է ապացույց այս 7-ի գործով: Եվ այսպես՝ դարձյալ ներկայացնենք, թե այդ ո՞ր զրույցներն է նախաքննության մարմինը համարել հիմնավորում, թե Արարատ Զուրաբյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ եւ յուրացրել պետական իշխանությունը:

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի անդամ Արարատ Զուրաբյանը համակարգում էր մարզային շտաբների եւ ենթաշտաբների գործունեությունը: Ու փետրվարի 20-ին Զուրաբյանը զանգել էր Վահագն Հայոցյանին եւ հայտնել. «Բոլոր շտաբներին՝ Մատենադարան, առավոտը ժամը 11-ին»: Դրանից հետո զանգել էր Լեւիկ Խաչատրյանը:

Լեւիկ. Էդ որ ասում եք՝ առավոտը 11-ին հավաքվենք, էդ տղերքը պիտի բողոքները նախ բան անեն:

Արարատ. Մի բան ասեմ, էդ 11-ին հավաքվելը շատ ոչ ռեալ բան ա, ասեմ ինչի համար, որովհետեւ էդ բողոքները պետք ա տանեն, լիքը անելիք կա… Լավ, վ լյուբոմ սլուչայե՝ 11-ին պետք ա հավաքվեն, հետո էնտեղից կկողմնորոշվեն։

Դարձյալ ընդգծենք, թե ակնհայտ է, որ նախաքննության մարմինն Արարատ Զուրաբյանի ոչ բոլոր հեռախոսազրույցներն է ընդգրկել գործում, այլ միայն նրանք, որոնք էական է համարել մեղադրանքը հաստատելու համար: Եվ այդպիսի ապացույց է համարվել փետրվարի 20-ին Մանուշակ Պետրոսյանի հետ զրույցը, երբ նա հայտնել է, որ ԱԺ-ի մոտ ԲՏՌ-ներ են կանգնած, Նիկոլ Փաշինյանի հետ կարճ զրույցը, երբ նրան ուղղակի ասել էր. «Նիկոլ ջան, արի, շեֆը կանչում ա»: Կամ՝ երբ փետրվարի 21-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին նրա թիկնապահի միջոցով խնդրել էր փոխանցել, թե եկել է Կլոդ Մութաֆյանը: Նման «ապացույց» է նաեւ Ստեփան Դեմիրճյանի հետ փետրվարի 24-ի զրույցը, երբ վերջինս փորձել է ճշտել Գագիկ Ջհանգիրյանին վերաբերող լուրերը, կամ նույն օրը Ալեքսանդր Արզումանյանի հետ զրույցը, երբ նա էլ ճշտել է Սմբատ Այվազյանի ձերբակալման մասին լուրը: Եվ ամենազավեշտը՝ մեջբերել են փետրվարի 28-ի երեկոյան Տիգրան Հակոբյանի հետ զրույցը, երբ նա Արարատ Զուրաբյանին ասել է. «Վաղը մեբելդ կազմակերպի, հանենք…Դու ասա, որ տղերք կանչեմ լիքը էդ ժամին, որ օգնեն, դնեն, տանեն, հանեն»:

Փետրվարի 21-ին Զուրաբյանը զանգահարել էր Լեւիկ Խաչատրյանին:

Արարատ. Ի՞նչ եք անում։

Լեւիկ. Միտինգ կազմակերպելով ենք զբաղվում։

Արարատ. Լավ եք անում։ Ուրեմն, իմ հեռախոսը որ անջատվի, բան եմ էլի, հանդիպման եմ։ Բան ա, էդ ինչ ա անունը, բայց էդ կալոնկեք-մալոնկեք ուշադիր եղեք, տղերքը կարանան դնեն։

Լեւիկ. Ուշադիր ենք, ուշադիր ենք, մարդ-մուրդ ենք ուղարկել էնտեղ, բան ենք անում։

Արարատ. Լավ, լավ։

Հետո Արարատ Զուրաբյանը զանգահարել էր Դավիթ Մաթեւոսյանին:

Դավիթ. Ո՞նց ես։

Արարատ. Հեչ։ Միլիցեք էին, ինչ-որ հայտարարում էին, որ արտոնված չի, բան, ես էլ ռուպորով ասեցի՝ հանգիստ սպասեք Հայաստանի օրինական ընտրված նախագահին եւ այլն։

Դավիթ. Ուրեմն, մի հատ բան կա, օրենքում մի հատ կետ կա: Դու անց ես կացնում ոչ զանգվածային միջոցառում, որը ենթադրում ա մինչեւ 100 մարդ։ Եթե ոչ զանգվածային միջոցառումը պարբերաբար վերածվում ա…

Արարատ. … Որեւէ մեկը դրա համար պատասխանատու չի։

Դավիթ. Վսյո։ Ծայրահեղ դեպքում՝ պետք ա, որպես ոչ զանգվածային միջոցառում, հայտարարում եք, որ 10 հոգով նստացույց եք անում, նստում եք էդ աստիճաններին։

Փետրվարի 24-ին զանգել էր Էդիկը, որի մասին գործում նշված է միայն անունը:

Էդիկ. Ինձ նոր զանգել են, մի հատ ընենց լրջոտ մարդ ա հոպարը, ինքը լեւոնական ա, բայց հոպարը ԿԳԲ-ի գնդապետ ա, ասեցին, որ ինչ-որ բան ա կազմակերպվում: Պռոստը, գիտեմ, որ կարող ա իմանաք, բայց նավսյակի ասեմ, Էլի։

Արարատ. Գիտենք, գիտենք։

Նախաքննական մարմինը որպես կատարված հանցագործությունների ապացույց է դիտարկել Արարատ Զուրաբյանի անգամ այն հեռախոսազրույցը, երբ նա փետրվարի 26-ին իր մի ծանոթից հետաքրքրվել է, թե որքան մարդ է մասնակցում Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի հանրահավաքին: Եվս մի նման ապացույց՝ փետրվարի 26-ին Վահագն Հայոցյանին Արարատ Զուրաբյանի ասածն է, թե Դավիթ Շահնազարյանին «մի քանի հատ փակված շտաբների, էդ պլոմբված շտաբների հասցեներ ա պետք, որ կարողանա դեսպաններին տրամադրի։ Մի հատ կապվեք, ասեք, էլի»:

Իսկ փետրվարի 27-ին զանգել էր Վահագն Խաչատրյանը, եւ այս հեռախոսազրույցը, կարծում ենք, գտածո է նախաքննության մարմնի համար, որին այդքան հետաքրքրել է, թե ինչպես են սնվել նստացուցարարները:

Վահագն. Ստեղ էսօրվա ուտելու հարցը, էդ են հարցնում ժողովուրդը։

Արարատ. Թող ժողովուրդը չհարցնի, ամեն մեկը իրա պատասխանատուին հարցնի, էլի։

Վահագն. Չէ, որովհետեւ էն մի անգամ բաժանում էին, դրա համար եմ ասում։ Կա՞ ըտենց բան։

Արարատ. Կա, իհարկե, կա։ Բայց սենց ա, նայի ասեմ, բոլոր, ասենք թե, մարդիկ ըտեղ ունեն պատասխանատուներ կոնկրետ, ասենք թե, շտաբներ, ոնց որ ասած, բոլորը կամանդիր ունեն, որոնք որ լրիվ կապի մեջ են, ասենք թե, ու էդ սաղ իրանց միջոցով ա լինում:

Վահագն. Չէ, ուզում եմ ասեմ, էդքան ասելու փոխարեն, հիմա էրեկ ասում էիր ժամը 2-ին են տալու, ինչ-որ ըտենց բան կա՞, թե՞ չէ, էդ եմ ասում։

Արարատ. Նունեն ասում ա՝ անսահմանափակ խմորեղեն ու հաց ենք տվել էսօր 12-ին, սոված մարդ կա՞։

Վահագն. Հա, դիմել են, դրա համար եմ ասում։

Արարատ. Դե, մի խոսքով, եթե սոված մարդ կա, կոնկրետ ասենք թե… 5 հազար մարդու ուտելիք են բաժանել, խմորեղեն, ուտելիք, հիմա էլ կարտոշկա են բաժանելու։

Վահագն. Եղավ, լավ:

Այս հեռախոսազրույցը թերեւս Արարատ Զուրաբյանի ամենամեծ «մեղքն» է: Նրա մարտի 1-2-ի զրույցներում անգամ չկա որեւէ «կրիմինալ»: Մարտի 1-ին ժամը 11.44-ին ոմն Սերգեյ էր նրան տեղեկացրել, որ Ֆրանսիական դեսպանատան դիմաց ժողովուրդ է հավաքված, եւ Արարատ Զուրաբյանը հետաքրքրվել էր, թե ինչ է կատարվում: Իսկ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատ Զուրաբյանին Վիրաբ Մանուկյանն էր հորդորել. «Պինդ մնացեք, մենք էսօր կազմակերպում ենք ստեղ, որ լավ պաշտպանություն դիմավորենք էդ մանգոլների դեմ»: Զուրաբյանն ինքը նման արտահայտություններ չէր արել:

Հիմա կարող է վաղը մեկնաբանություններ հրապարակվեն, թե «էդ ինչ ա անունը… էդ կալոնկեք-մալոնկեք» կամ «մեբելը» զուտ նշանաբառեր են եւ իրականում խոսքը զենք-զինամթերքի մասին է: Գուցե նաեւ նստացուցարարներին կերակրելն է առանձնապես ծանր հանցագործություն:

Ի դեպ, ինքս 1988-ի մայիս-հունիսին մասնակցել եմ Ազատության հրապարակում ուսանողական նստացույցին՝ Հայաստանին միանալու վերաբերյալ Ղարաբաղի դիմումը քննարկելու պահանջով: Եվ մեզ այդ ժամանակ էլի կերակրում էին՝ օրը մի քանի անգամ: Տեսնես, խորհրդային իշխանությունն ինչո՞ւ գործ չհարուցեց ու չպարզեց, թե այդ ո՞ր դավադիրներն էին այդ ստոր արարքի հեղինակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել