Վստահեցնում է պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ ասելով, թե հակառակ դեպքում դա կլինի որեւէ իշխանության վերջը:
– ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն այլեւս «փառահեղ» հաղթանակներ չի տանում, մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ներկայացուցիչներից ոչ բոլորն են հաղթել գյուղապետերի կամ քաղաքապետերի մրցապայքարում, նշանակո՞ւմ է սա, որ ՀՀԿ-ի հանդեպ անվստահություն է առաջացել:
– Իհարկե՝ չի նշանակում, եւ ես համաձայն չեմ ձեր վիճակագրության հետ. ՏԻՄ ընտրությունները դեռ շարունակվում են, եւ գոնե ընթացիկ վիճակագրության արդյունքում դժվար չէ տեսնել, որ ՀՀԿ-ն պահպանել է իր լուրջ ներկայացվածությունը տարածքային կառավարման մարմիններում: Ինձ համար կարեւոր էր ՀՀԿ-ի կողքին տեսնել նաեւ ԲՀԿ-ի հաջողությունները, որովհետեւ ԲՀԿ-ն ապացուցեց, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններում իր հաջողությունը պատահականություն չէր, եւ ինքը մնում է Հայաստանի թիվ 2 քաղաքական ուժը:
– Ընդդիմությունը վերջին շրջանում ավելի ակտիվ է ահազանգում, թե գործող իշխանությունը Ղարաբաղի հարցում գնում է ոչ հայանպաստ լուծումների, այդ մասին օրերս խոսեց նաեւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Իրո՞ք լրջանալու պահն է:
– Ես ուրախ եմ, որ ԼՂՀ հարցը հասարակության ուշադրության կենտրոնում է, դա նշանակում է, որ ինչպես իշխանությունը, այնպես էլ հասարակությունը մտադիր են ստանալ մաքսիմալ հայանպաստ լուծում: Կարծում եմ, բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որը կգնա ոչ հայանպաստ լուծումների, դա կնշանակի այդ իշխանության կործանումը եւ ավարտը: Գործող իշխանությունը, մեր թիմը համառորեն, տարիներ շարունակ պայքարել է իշխանության մեջ իր տեղն ունենալու համար եւ, բնականաբար, թեկուզ ինքնապաշտպանական գործոնից ելնելով՝ չի գնա այլ քայլերի: Դրան գումարեք շատ ավելի կարեւոր՝ ազգային-պետական մտածողությունը, որ ունեն նախագահ Ս. Սարգսյանն ու իշխանությունը, եւ կհամոզվեք, որ իշխանությունը չի գնա հակահայկական լուծումների:
– «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ինչ-որ սենսացիոն փոփոխություններ եք առաջարկել, մանրամասնեք, խնդրեմ:
– Ուզում եմ հիշեցնել, որ օրենսդրական նախաձեռնությունն ի հայտ էր եկել հանձնաժողովի կազմակերպած լսումների արդյունքում՝ Հրանուշ Հակոբյան, Կարեն Կարապետյան, Նաիրա Զոհրաբյան, Հեղինե Բիշարյան, Անահիտ Բախշյան, Լիլիթ Գալստյան հեղինակային խմբի կողմից, եւ միտված էր հարթելու ՀՌԱՀ անդամների ընտրության կապակցությամբ հասարակության մեջ եղած որոշակի թերահավատությունը: Սահմանադրությամբ ԱԺ-ին եւ նախագահին վերագրված լիազորությունները՝ նշանակել 6-ական անդամ հանձնաժողովում, չեն մանրամասնված: Չեն մանրամասնված նաեւ մեխանիզմները, ընտրության չափորոշիչները, եւ իմ գործընկերներն իրենց նախաձեռնության մեջ այս մեխանիզմներին են փորձել անդրադառնալ: Կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն, եւ օրինագիծը հետաձգվել էր, սակայն կառավարության հետ բանակցության արդյունքում հանձնաժողովը պայմանավորվեց, որ դրական եզրակացությամբ օրինագիծը մտնելու է մեծ օրակարգ, որպեսզի հանձնաժողովի հետ միասին կառավարությունն աշխատի օրինագծի վրա, հարթի սահմանադրությամբ տարընթերցելի դրույթները: Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ՝ առկա խնդիրները հարթելու համար: Սա շատ լուրջ օրենսդրական նախաձեռնություն է ոչ միայն վաղուց չարչրկված ԶԼՄ-ների խնդրի կապակցությամբ, այլեւ ԵԽԽՎ հայտնի բանաձեւի համատեքստում՝ դաշտը լիբերալ դարձնելու եւ ՀՌԱՀ անդամների ընտրություններն ավելի թափանցիկ դարձնելու առումով:
– Դուք առաջինն ասացիք, որ ԱԺ նոր նախագահը մտադիր է ԱԺ տարածքում մատուռ կառուցել: Կարծում եք՝ մատուռը կօգնի՞, որ պատգամավորներն այլեւս մեղքեր չգործեն, այդ թվում՝ ուրիշների կոճակները սեղմե՞ն:
– Անկեղծ ասած՝ զարմացել էի, երբ նման արձագանք եղավ այդ լուրից հետո, իհարկե, մեր հասարակության մեծ մասը եկեղեցասեր եւ քրիստոնեապաշտ են: Մնացած մեկնաբանությունները կամ քաղաքական էին, կամ՝ չիմացության (չասեմ՝ տգիտության) արդյունք, կային նաեւ երրորդ խումբ մեկնաբանություններ, այսպես կոչված՝ այլադավանների կողմից, որոնք օրգանապես չեն կարողանում մարսել այն գաղափարը, որ պետական ինստիտուտի տարածքում կարող է լինել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մատուռ, բնականաբար՝ բաց հասարակության բոլոր անդամների համար: Որքան ես տեղյակ եմ, ցանկացած մարդ կարող է մտնել եկեղեցի, որը գտնվելու է ԱԺ տարածքում, այսինքն՝ սա էլիտար եկեղեցի չի լինելու, այդ կարգի մեկնաբանությունները գլամուրային տենդով տառապողների երեւակայության արդյունք են: