Բոննում մեկնարկել է ՖԻԴԵ-ի դասական շախմատի աշխարհի թագի համար մրցամարտը:
Միավորման այս մրցաշարում հանդիպում են գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Նրանք խաղալու են 12 պարտիա, որի ավարտին շախմատային աշխարհը կունենա մեկ թագակիր: Ըստ կանոնակարգի, հավասար միավորներ վաստակած լինելու դեպքում հավակնորդների միջեւ անցկացվելու է թայ բրեք:
Մրցաշարը լուսաբանելու համար հավատարմագրված լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Անանդին օգնում են դանիացի Պետեր Հայնե Նիլսենը, ուզբեկստանցի Ռուստամ Կասիմջանովը, լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը եւ Անանդի հայրենակից Սուրայա Շահեր Գանգուլին: Իսկ Կրամնիկն իր թիմում ընդգրկել է Սերգեյ Ռուբլյովսկուն (Ռուսաստան), Պետեր Լեկոյին (Հունգարիա) եւ Լորան Ֆրեսինեին (Ֆրանսիա):
Շախմատասերներին, անկասկած, կհետաքրքրեն վիճակագրական մի քանի տվյալներ:
Վիշվանաթան Անանդ.
ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոն՝ 2000 թվական
Միավորված տիտղոսակիր՝ 2007 թ.
Վեյկ Ան Զեեի մրցաշարի հաղթող՝ 1989, 1998, 2003, 2004, 2006 թթ.
Լինարեսի մրցաշարի հաղթող՝ 1998, 2007, 2008 թթ.
Դորտմունդի մրցաշարի հաղթող՝ 1996, 2000 (1-2-րդ, տեղեր), 2004 թթ:
Վլադիմիր Կրամնիկ.
Դասական շախմատի աշխարհի չեմպիոն՝ 2000, 2004 թվականներ
Միավորված տիտղոսակիր՝ 2006 թ.
Շախմատային օսկարակիր՝ 2000, 2006 թթ.
Վեյկ Ան Զեեի մրցաշարի հաղթող՝ 1998 թ.
Լինարեսի մրցաշարի հաղթող՝ 2000, 2003, 2004 թթ.
Դորտմունդի մրցաշարի հաղթող՝ 1995-1998, 2000 (1-2-րդ, տեղեր), 2001, 2006, 2007 թթ:
Անանդն ու Կրամնիկը խաղատախտակի առջեւ միմյանց հետ հանդիպել են 127 անգամ: Առավելությունը հնդիկ գրոսմայստերի կողմն է. +19, =93, -15:
Առաջին տուրը, որում սպիտակներով խաղում էր Կրամնիկը, 32-րդ քայլին ավարտվել է ոչ-ոքի: Երեկ գրոսմայստերները երկրորդ անգամ հանդիպեցին խաղատախտակի առջեւ: