Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ ա թոշակառու եմ՝ վրես խաբար չկա»

Հոկտեմբեր 16,2008 00:00

\"\"Մեծամորի քաղաքապետի պաշտոնի համար պայքարողներն իրար «սեւացնելու» համար անցել են բոլոր բարոյական նորմերը:

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում նույնպես հոկտեմբերի 19-ին կընտրեն քաղաքագլուխ: Այստեղ թեկնածուները մրցում են ոչ թե իրենց ծրագրերով կամ գաղափարներով, այլ՝ հենց քարոզարշավի սկզբից սկսել են միմյանց հասցեին բամբասանքներ տարածել: Քաղաքապետի աթոռի համար պայքարողները երկուսն են՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ գործող քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը եւ Ռոբերտ Գրիգորյանը: Թեեւ երկուսն էլ պաշտոնապես հայտարարել են, որ անկուսակցական են, սակայն փաստ է, որ գեներալի եղբայրը իշխանությունների «մարդն» է: Որպես հավատարմության ապացույց, Ա. Գրիգորյանն իր նախընտրական շտաբում փայփայում է Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառն ու լուսանկարը:

Վերջերս Մեծամորում խոսակցություններ էին տարածվել, թե եղբորը սատարելու համար ընտրական գործընթացների մեջ է ներքաշվել նաեւ Մանվել Գրիգորյանը: Մեր դիտարկումը վիրավորանք ընդունելով՝ Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Նման բան չկա ու չի էլ կարող լինել: Սա զրպարտություն է, որովհետեւ երկար ժամանակ եղբորս հետ չեմ հանդիպում ու նրա հետ ոչ մի կերպ չեմ առնչվում: Սրանք զրպարտություններ են, որոնք տարածվում են իմ հակառակորդի կողմից: Իրենք շատ թույլ են, բամբասանքներով մարդկանց ուզում են թեքել իրենց կողմը: Ոչ մեկի աջակցության կարիքը չունեմ, քանի որ գործող քաղաքապետն եմ ու այս քաղաքում ինչ արվել է՝ իմ շնորհիվ է արվել»:

Նշենք, որ հատկապես վերջին օրերին Մեծամորում «ջիփերի» առատությունից տեղ ու դադար չկա: Դրանք բոլորն էլ գործող քաղաքապետին «սպասարկող» մեքենաներն են: «Առավոտի» հետ զրույցում մեծամորցիներից շատերն էին նշում, որ հիասթափված են ընտրություններից, քանի որ ոչ մի անգամ իրենց ընտրած մարդը չի անցել եւ այս անգամ պարզապես չեն գնա ընտրության: Նրանց մի մասն էլ մատնացույց էր անում Ա. Գրիգորյանի կողքին կանգնած կերած-խմած ջիփատերերին եւ ասում, որ քաղաքի տերն ու տիրակալը նրանք են, թող իրենք էլ ընտրություններով մտահոգվեն: Երբ Ա. Գրիգորյանին փոխանցեցինք քաղաքացիների դժգոհությունները, նշեց, որ դա նույնպես իր հակառակորդի ձեռքի գործ է. «Ամեն ինչ անելու եմ, որ ընտրությունները մաքուր անցնեն, դրանից հետո կերեւա, թե ով՝ ով է»:

Մեր այն հարցին, թե իրենից երիտասարդ Ռոբերտ Գրիգորյանին մրցակից համարո՞ւմ է, պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի երիտասարդ լինել-չլինելը: Ինքը 39 տարեկան է, ես՝ 49 ու գիտեմ, որ ես էլ եմ երիտասարդ: Ի՞նչ է՝ 49 տարեկանը երիտասարդ չէ՞, կարո՞ղ է թոշակառու եմ՝ վրես խաբար չկա… Ինքը թեկնածություն դնելուց առաջ պիտի լավ մտածեր: Ես իրա հետ նախօրոք եմ հանդիպել, զրուցել: Պայմանավորվել էինք, որ ընտրություններին իրար չխանգարենք, բայց նա չուզեց հասկանալ եւ հայտարարեց, թե հաստատ քաղաքապետ կընտրվի: Հիմա էլ շանտաժ անելով է առաջ գնում, բայց դրանով լուրջ հաջողության չի հասնի, որովհետեւ քաղաքի մեծամասնությունն իմ կողքին է»:

Իսկ երբ հարցրինք, թե ո՞վ է կանգնած Ռ. Գրիգորյանի կողքին, որ այդքան վճռական է տրամադրված, նշեց. «Չգիտեմ, թե ով է կանգնած իր թիկունքին, բայց մի բան հաստատ գիտեմ, ստեղ պիտի «չեստնի» խաղ գնա: Նա դիմում է շանտաժների, տարբեր լուրեր է տարածում: Մարդկանց է գտնում, չգիտեմ՝ նրանց կաշառում է, թե ինչ է անում, գնում են թերթերում սուտ բաներ են տարածում: Այ, էդ իմ դուրը սկի չի գալիս: Բայց ես հո գիտեմ, որ ես եմ հաղթողը, նա հլա շատ անելիք ունի, որ հասնի ինձ: Այս քաղաքի համար գոնե մի ծառ չի տնկել: Ինքը փափուկ «բալիշի» մեջ է մեծացել, իսկ ես Ղարաբաղում պատերազմի մեջ եմ եղել»:

Փորձեցինք հանդիպել նաեւ Ռոբերտ Գրիգորյանի հետ, բայց նրա նախընտրական շտաբը, որը փոքր կրպակ էր հիշեցնում՝ փակ էր: Մեծամորցիները նշեցին, որ շտաբը բացվում է շաբաթվա մեջ 1-2 անգամ, այն էլ մի 2 ժամով եւ չեն հասցնում իրենց հուզող հարցերով դիմել թեկնածուին: Մեզ հետ հեռախոսազրույցում Ռ. Գրիգորյանը նշեց, որ շտաբի ղեկավար չունի, իսկ ինքը գործերով տեղ է գնացել ու այնքան զբաղված է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մի րոպե անգամ հատկացնել չի կարող. «Ինչ տեսել ու լսել ես՝ գնա էդ էլ գրի, հո իմ գործերը չեմ թողի ու նստեմ, որ ամեն օր մի լրագրող ընդունեմ»:

Նշենք, որ երկու թեկնածուներն էլ ակտիվ գովազդով չէին զբաղվում ու քաղաքում չհանդիպեցինք ոչ մի քարոզչական նյութի, որը կհուշեր կիրակի օրը կայանալիք ընտրությունների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել