Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագայի երիտասարդներն ամուրի են

Հոկտեմբեր 16,2008 00:00

ՏԻՄ ընտրությունները վեր հանեցին այն խնդիրները, որ տարիներ շարունակ կուտակվել էին այս գյուղում

Կիրակի օրը Արմավիրի մարզի Ապագա գյուղում սպասվող համայնքապետի ընտրություններին առաջադրված 5 թեկնածուներից 2-ն օրերս անսպասելի հրաժարվել են գյուղապետ դառնալու մտադրությունից եւ միացել են թեկնածու Հարություն Վարդանյանին։ Նա պայքարի մեջ է մտել գործող գյուղապետ Իշխան Մարգարյանի եւ ՀՀԿ անդամ Արտաշես Բարսեղյանի հետ։ Ըստ որոշ լուրերի, պայքարից հրաժարված 2 թեկնածուների «անձնազոհության» պատճառը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի կանխեն Ի. Մարգարյանի 4-րդ անգամ վերընտրվելը։

«Կարելի է ասել՝ գործող գյուղապետը քաղաքական դիակ է։ Նա արդեն հեղինակություն չունի։ Միշտ հույսը իր մեծ գերդաստանի վրա է դրել ու ընտրվել է, բայց այս անգամ այդպես չի լինի եւ համոզված եմ, որ չի ընտրվելու, քանի որ իր հարազատներից շատերն արդեն հասկացել են, որ նրան սատարելով սխալվել են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հ. Վարդանյանը։ Ըստ նրա, եթե մի քանի տարի առաջ գյուղից արտագնա աշխատանքի մեկնում էին 2-3 հոգի, հիմա տարեկան 50-60 մարդ է լքում գյուղը։ Թեկնածուի փոխանցմամբ՝ Ապագա գյուղում մոտ 100 երիտասարդ կա, որոնց տարիքը 30-ն անց է, սակայն չեն ամուսնանում՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով։ Գյուղում չի գործում մանկապարտեզը, խնդիրներ կան խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված։

«Ոչ մի անգամ ընդհանուր ժողով չի արել, որ իր գյուղացիներին հաշվետվություն տա, թե գյուղի բյուջեն ինչի վրա է ծախսվում։ Ոչ էլ գիտենք, թե այդ գումարներն ուր են գնում, քանի որ ոչ մի բան գյուղի համար չի արել։ 9 տարի գյուղապետ է՝ 9 մեքենա հող չի լցրել, որ ճանապարհի փոսերը փակվեն։ Եթե անձրեւ է գալիս՝ մարդիկ պետք է նավերով տնից դուրս գան, որ ցեխի մեջ չկորեն»,- ասաց պարոն Վարդանյանը։ Նա մեզ պատմեց, թե ինչեր կարող է անել ընտրվելու դեպքում, եւ ինչ հնարավորություններ է բաց թողել ներկայիս գյուղապետը, որն իրագործելու դեպքում գյուղը կզարգանար։ Ըստ նրա, Ապագայում մոտ 20-22 ձկնաբուծական լճակներ կան, որոնք թեեւ մասնավոր անձերի են պատկանում, սակայն գյուղապետի ճիշտ կազմակերպչական աշխատանքի դեպքում գյուղին կարող են շատ օգուտներ բերել։

Հ. Վարդանյանի խոսքերով՝ իր ընտրվելու դեպքում կստեղծի ֆերմերների միություն, որը կունենա իր սեփական բյուջեն, եւ դրանից մաս կհանվի նաեւ գյուղի դպրոցի, ճանապարհների եւ մանկապարտեզի բարեկարգման համար։

Գյուղապետ Ի. Մարգարյանի դեմ ակտիվ պայքարի է դուրս եկել նաեւ ՀՀԿ-ական Արտաշես Բարսեղյանը։ Ըստ նրա՝ «Ժողովուրդն իրեն արդեն խաբված է զգում, քանի որ 1988-ից հետո մեր գյուղում ոչ մի զարգացում չի նկատվում։ Գյուղապետն այսօր վստահություն կարող է վայելել շատ-շատ մի 30%-ի մոտ, բայց գյուղի դեմքն այդ 30%-ը չէ, առնվազն մի 80%-ի վստահությունը պիտի ունենա, որ կարողանա աշխատել»։

Ապագացիներն էլ մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ գյուղապետարանը բնականոն չի գործում, չկա հատուկ աշխատանքային ժամ, որի ընթացքում գյուղապետը տեղում կլինի։ Իսկ Ա. Բարսեղյանը փաստեց, որ տեղեկանք վերցնելու համար գյուղացիներն օրերով գնում-գալիս են, որ գյուղապետը կնքի. «Հաճախ գյուղացիները գիշերվա ժամը 11-ին գնում են գյուղապետի տուն, որ տանը բռնացնեն եւ տեղեկանք վերցնեն»։

«Առավոտը» պատրաստակամ էր լսել նաեւ գյուղապետ ու թեկնածու Իշխան Մարգարյանի պարզաբանումը, սակայն նա այդպես էլ ժամանակ չգտավ մեզ հետ հանդիպելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել