«Հայավտոկայանի» նորանշանակ տնօրեն Արմեն Հարությունյանը, եկած-չեկած՝ որոշել է, որ գծատերերը ավտոկայարանին քիչ են վճարում եւ պահանջում է բարձրացնել սպասարկման վճարը:
Աշխատանքի անցնելուց ընդամենը 2 օր հետո, այսինքն՝ սեպտեմբերի 10-ին, ՕԵԿ-ական Արմեն Հարությունյանը որոշել է, որ նախորդ տնօրենը սխալ է աշխատել, խախտել է տրանսպորտի ու կապի նախարարի հրամանն ու մի շարք այլ օրենքներ: Գործի անցնելուց հետո առաջին հերթին նա աշխատանքից հեռացրել է գլխավոր հաշվապահին եւ կադրերի բաժնի վարիչին, ապա նաեւ 15 աշխատակիցների՝ նրանց փոխարեն նշանակելով իր ծանոթներին ու բարեկամներին: Կադրային հարցը լուծված համարելուց հետո, տնօրենը կենտրոնացել է «Հայավտոկայարանի» 17 միլիոնանոց բյուջեն մեծացնելու վրա: Մարզային ուղեւորափոխադրումներ իրականացնող բոլոր ընկերությունների ղեկավարներին նա գրավոր տեղեկացրել է, որ պարտավոր են վերակնքել իրենց պայմանագրերը, հակառակ դեպքում՝ կզրկվեն ավտոկայարանի կողմից տրվող ուղեգրերից, առանց որի՝ պարզապես չեն կարող գիծ դուրս գալ: Նշենք, որ մարզային երթուղիները սպասարկող 154 ընկերությունից 23-ն իր օգուտների հաշվին ուղեւորափոխադրումներն իրականացնում է մրցույթով սահմանված արժեքից ցածր գնով: Մասնավորապես, «Ավտոփայլ» ՍՊԸ-ն Երեւան-Գավառ երթուղին, մրցույթով սահմանված 1300 դրամի փոխարեն, սպասարկում է 800-ով, «Արսեն Սարգիսով եւ ընկերներ» ՍՊԸ-ն Երեւան-Վայք երթուղու ուղեվարձը 1400-ի փոխարեն սահմանել է 1200 դրամ, «Մրքաձոր» ՍՊԸ-ն Կապան-Երեւան երթուղին, 4000 դրամի փոխարեն, սպասարկում է 2500, իսկ Երեւան-Քաջարան երթուղին՝ 4500-ի փոխարեն՝ 3000 դրամով: Մինչ այս տարվա սեպտեմբեր ամիսը գծատերերը «Հայավտոկայարանին» վճարել են ուղետոմսի փաստացի արժեքին համապատասխան հարկ: Սակայն նոր տնօրենը որոշել է, որ այս մոտեցումը սխալ է, եւ այդ սխալը շտկելու նպատակով ստիպում է ուղեւորափոխադրող ընկերություններին կնքել նոր պայմանագրեր, համաձայն որի՝ նրանք պարտավոր են ավտոկայարանին վճարել ոչ թե իրենց ուղետոմսի արժեքին համապատասխան գումար, այլ այնքան, որքան սահմանված է մրցութային պայմանագրով: Ըստ Ա. Հարությունյանի՝ «կարող են քշել ինչ գնով ուզում են, թեկուզ 100 դրամով, բայց պետք է հարկատու լինեն, ասենք, 1500-ի դիմաց, եթե դա է մրցութային փաթեթում նշված»:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Հարությունյանն իր այս քայլը նորամուծություն չանվանեց, այլ ասաց, որ պարզապես նախորդ տնօրենի բացթողումներն է շտկում. «Նախորդ տնօրինության օրոք 23 ընկերություն քշել է իջեցված գնով, միաժամանակ իջեցվել են նաեւ նրանց հարկային պարտավորությունները, որի իրավասությունը չկա: Այսինքն՝ խախտվել է օրենքի պահանջը»: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կարող է տնտեսվարողը օրվա պլանը մուծել, ասենք, 1500-ով, եթե նրա ուղետոմսի փաստացի արժեքը մի քանի հարյուր դրամով պակաս է, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Փոխադրող ընկերությունը մեզ հետ հարաբերվում է մրցութային գնով շահած եւ նախարարի հրամանով ամրագրված գնով: Եթե ընկերությունը գտնում է, որ կարող է իր օգուտների հաշին 100 դրամով քշել, մենք այդ հրամանը ամրագրում ենք, բայց միեւնույն է, նա մեզ պետք է վճարի մրցույթով սահմանված արժեքի չափով: Դա նոր բան չէ, դա գործում է 2005 թվականից: Բացի այդ, հենց մրցութային պայմանագրի կնքման ժամանակ նրանք բոլորն էլ տեղեկացված են եղել պայմաններին: Իրենք պետք է բոլոր մրցութային գործոններն ու ռիսկերը հաշվարկեն, հաշվի առնեն նույնիսկ ապագայում բենզինի, գազի կամ պահեստամասերի գների թանկացումը»: Նկատենք, որ այդ թանկացումները հաշվի առնելով է, որ ուղեւորափոխադրող ընկերությունները մրցույթին մասնակցելուց առաջ համեմատաբար բարձր գին են առաջարկել, սակայն սպասարկում են ցածր գնով:
Մեզ հետ զրույցում Ա. Հարությունյանն ասաց նաեւ, որ ինքը պարզապես տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանն է կատարում, որտեղ նշված է, որ ուղեւորափոխադրողը պետք է մուծի մրցութային պայմանագրում ամրագրված արժեքին համապատասխան սպասարկման վճար: Երբ պարոն Հարությունյանին խնդրեցինք մեզ ցույց տալ այդ հրամանի օրինակը, նա շատ պատրաստակամորեն հրահանգեց իր տեղակալ Հովիկ Ստեփանյանին՝ այն անմիջապես մեզ տրամադրել: Ահա այն ամենը, ինչ գրված էր այդ հրամանում. «Սահմանել, որ երթուղիների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին մատուցվող սպասարկման ծառայությունների դիմաց երթուղու սպասարկման «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի հետ կնքվող պայմանագրով սպասարկման վճարը հաշվարկվում է տվյալ երթուղու յուրաքանչյուր շրջապտույտի համար 1 ուղետոմսի արժեքի չափով»: Այսինքն, նախարարի հրամանում, ըստ էության, գրված է պարոն Հարությունյանի ասածների ճիշտ հակառակը: Բացի այդ, համաձայն իր իսկ կողմից կնքած պայմանագրի, ցանկացած երթուղու գնային փոփոխության դեպքում ավտոկայարանը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել ուղեւորներին եւ տոմսարկղի մոտ փակցնել տոմսի արժեքի թանկացման կամ էժանացման պատճառը:
Մեզ հետ զրույցում Ա. Հարությունյանը հավաստիացրեց, որ այդ տեղեկանքը փակցված է: Թերեւս նա հույս ուներ, որ մենք անվերապահորեն կհավատանք իր խոսքերին եւ չենք ստուգի դրանց ճշմարտացիությունը: Սակայն լինելով Ա. Հարությունյանի մատնանշած վայրում՝ Հյուսիսային ավտոկայարանի դրամարկղի մոտ, տեսանք, որ այնտեղ, բացի մի քանի երթուղիների չվացուցակից, այլ բան չկար փակցված:
Նշենք նաեւ, որ երեկվա դրությամբ մի քանի գծատերերի՝ երթուղի դուրս գալուց առաջ, ուղեգիր չի տրամադրվել, քանի որ նրանք չեն համաձայնել վերակնքել պայմանագրերը եւ մի քանի տասնյակ հազար դրամով ավելացնել ավտոկայարանին վճարվող հարկը: Թերեւս Ա. Հարությունյանի համար նշանակություն չունի նաեւ այն, որ իր հիմնարկի եկամուտներն ավելացնելու ձգտումը հսկայական վնասներ է պատճառում ոչ միայն գծատերերին, որոնք պետք է չստացած եկամուտների դիմաց պլան փակեն, այլ նաեւ շարքային ուղեւորին, որը պետք է մի քանի հարյուր դրամ ավելի վճարի: Մեզ հետ զրույցում այս վիճակում հայտնված մի քանի գծատերեր հավաստիացրին, որ ուղետոմսի թանկացումը իրենց ձեռնտու չէ, քանի որ տաքսիներն էլ վերցնում են նույն գինը, ինչ միկրոավտոբուսը, հետեւապես անգամ 100 դրամով տոմսի գինը բարձրացնելու դեպքում իրենք ուղեւոր կկորցնեն: Նրանց խոսքերով. «Ավելի լավ է այս բիզնեսից դուրս գանք, քան ավտոկայարանի տնօրենի նոր որոշումներին ենթարկվենք»: