Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԿԵՐԱԿՐԵԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 16,2008 00:00

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2008-ի մարտի 1-ի առնչությամբ հարուցված քրգործը պաշտոնապես շատ երկար անվանում ունի. «ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ կատարելու, Երեւան քաղաքում սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ»: Հիմա հարց է՝ այս ամենի առիթով ընթացող նախաքննությանն ինչո՞ւ էր այդքան հետաքրքրում, թե ինչպե՞ս են ֆինանսավորվել հանրահավաքները կամ ո՞վ էր կերակրում ցուցարարներին: Իսկ քննիչների նման հարցերի հարկադրված են եղել պատասխանել Լեւոն Տեր-Պետրոսյանի գրեթե բոլոր աջակիցները, որոնք հարցաքննվել են իբրեւ վկա: Այսպես, ՀՀՇ անդամ, «Ազատականություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նունե Վարտունին մարտի 26-ի ցուցմունքում հայտնել է, թե ամեն օր մասնակցել է հանրահավաքների եւ «բաժանել եմ նստացույցի անդամներին սնունդը: Ի դեպ, նշեմ, որ սնունդը բերվում էր պատահական քաղաքացիների կողմից, հանձնվում էր մեզ, եւ մենք բաժանում էինք նստացույցի անդամներին»: Պահպանողական կուսակցության փոխնախագահ Զավեն Վարդանյանը, որը մասնակցել էր հանրահավաքներին եւ 2 անգամ գիշերել վրաններում՝ ապրիլի 5-ի ցուցմունքում ասել է. «Կարծում եմ, սնունդ մատակարարվել է ինքնաբուխ, քաղաքացիների կողմից: Այդպես կարծելու հիմքն այն է, որ մի անգամ էլ ես եմ տարել կնոջս կողմից թխած կարկանդակները եւ բաժանել ցուցարարներին»: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզչական խմբի ղեկավար Տիգրան Հակոբյանն ապրիլի 6-ի հարցաքննության ընթացքում պատմել է. «Ես նույնպես երկու անգամ տնից բուտերբրոդներ եմ բերել եւ բաժանել տարեց մարդկանց: Կարծում եմ, ինձ պես վարվողները շատ էին»: Քննիչը նրան նաեւ այսպիսի հարցեր է տվել. «Քանի՞ հատ նախընտրական քարոզչական տպագիր նյութեր եք տպել, որտե՞ղ, ինչպե՞ս է կատարվել վճարումը», «Տրվե՞լ են արդյոք գումարներ Սուրեն Սուրենյանցին ռադիոեթեր կազմակերպելու համար, եթե այո, ապա ինչքա՞ն, ինչպե՞ս է կատարվել վճարումը» եւ այլն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել