Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ՝ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ

Հոկտեմբեր 16,2008 00:00

\"\"ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել ընդդիմության արտոնված հանրահավաքի իրազեկման համար հոկտեմբերի 13-ին Երեւանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում կազմակերպված երթը ոստիկանության աշխատակիցների կողմից խոչընդոտելու առնչությամբ: Փաստելով, որ ստացված ահազանգի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբի անդամները եղել են տեղում եւ անմիջականորեն են հետեւել ոստիկանության գործողություններին, Օմբուդսմենը հայտարարել է. «Նշված տեղեկություններն ամբողջապես արձանագրվել են Պաշտպանի ներկայացուցիչների կողմից, այսինքն՝ դրանք իրականությանը չհամապատասխանելու կասկածներ չկան»: ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նաեւ հորդորել է ոստիկանությանը՝ «գործել ՀՀ Սահմանադրությանը ու օրենքներին համապատասխան եւ չսահմանափակել ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները»:

Բայց ոստիկանությանն ուղղված այս հորդորը, փաստորեն, տեղ չի հասել, որովհետեւ համանման հակասահմանադրական գործողություններ նրանք ձեռնարկել են նաեւ երեկ՝ դարձյալ հանրահավաքի մասին իրազեկող խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ: «Իրազեկման երթը», որի մասնակիցներն իրենց թիկունքին կրում էին քաղբանտարկյալների լուսանկարները, Մարգարյան հիվանդանոցի մոտ էր, երբ ոստիկաններն ու կարմիր բերետավորները հերթական անգամ խոչընդոտեցին նրանց: ՀՀ ոստիկանության ՊՊԾ հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը պահանջում էր քաղբանտարկյալների նկարները պոկել: «Նկարը չի գոռում, չի խոսում»,- բացատրում էր երթի կազմակերպիչներից Արմեն Համբարձումյանը, իսկ Օսիպյանը շարունակում էր հայտարարել, թե՝ մեր երկիրը քաղբանտարկյալների երկիր չի: Թումանյան փողոցի մոտից ոստիկանները երթի ընթացքը կասեցրին: Ըստ «Ա1+»-ի, մեքենաներով բերվեցին էլեկտրաշոկերով «զինված» կարմիր բերետավորներ, ավելացան ոստիկանները, ովքեր սկսեցին ետ հրել, օղակի մեջ առնել եւ հարվածել ակցիայի մասնակիցներին, նաեւ՝ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին: Արդյունքում կողմերի միջեւ ընդհարում եղավ: Դրանից հետո միայն Օսիպյանը հայտարարեց, որ երթի մասնակիցներին թույլ կտա առաջ շարժվել միայն այն դեպքում, եթե նրանք Թումանյան փողոցով գնան ուղիղ Հյուսիսային պողոտա: Ակցիայի կազմակերպիչները չհամաձայնվեցին, եւ բանակցություններից հետո Օսիպյանը ոստիկաններին հրահանգեց բացել ճանապարհը: ՀՀ օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները արձանագրեցին նաեւ այս միջադեպը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել