Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10 անգամ լավ, քան՝ Հայաստանում եւ Վրաստանում

Հոկտեմբեր 16,2008 00:00

\"\"Սա ամերիկացի դիտորդի գնահատականն է Ադրբեջանում երեկ կայացած նախագահական ընտրություններին:

Երեկ Ադրբեջանում նախագահական ընտրություններ էին, որոնց, բացի գործող նախագահ Իլհամ Ալիեւից, մասնակցում էր նախագահի եւս 6 թեկնածու, թեեւ Ադրբեջանի արմատական ընդդիմությունն այս ընտրությունները բոյկոտել էր, հայտարարելով, որ Ադրբեջանում, որպես այդպիսին, ընտրություններ չեն լինելու, եւ ընտրությունների նախօրյակին նույնն անելու կոչով դիմել էր ադրբեջանցիներին: Երեկ այդ երկրի ժամանակով ժամը 19-ին ընտրություններն ավարտվել եւ փակվել էին բացված բոլոր 5000 ընտրական տեղամասերը: Ինչպես Ադրբեջանի ԿԸՀ-ն, այնպես էլ ընտրությունները դիտարկող առաքելության ներկայացուցիչները արձանագրել էին քվեարկության մասնակցության բարձր ցուցանիշ: Ըստ ԿԸՀ տվյալների, Ադրբեջանի նախագահի ընտրությանը մասնակցել է ընտրողների 75,65%-ը՝ գրանցված մոտ 5 մլն ընտրողներից քվեարկությանը մասնակցել է շուրջ 3 մլն-ը: Ադրբեջանում բացված ԸԸՏ-երից 500-ում տեղադրված են եղել քվեարկության ընթացքը online ռեժիմով հետեւող տեսախցիկներ, բայց դրանք տեղամասերից շատերում արդեն կեսօրին շարքից դուրս են եկել:

Ընտրություններին հետեւել են մոտ 60 երկրներից ժամանած թվով 1233 դիտորդներ, այդ թվում՝ ԱՊՀ-ից, ԵԽ-ից եւ ԵԱՀԿ-ից: Տեղական եւ միջազգային դիտորդները բարձրաձայնել են առանձին եւ կոնկրետ ընտրատեղամասերում ընտրախախտումների՝ այլոց փոխարեն եւ մի քանի քվեաթերթիկով քվեարկելու, «կարուսելի», լցոնման, ընտրացուցակներում ընտրողների անունների անհետացման, Ադրբեջանի քաղաքացի կամ տվյալ տեղամասում չգրանցված մարդու կողմից քվեարկելու, առանց մատը թանաքոտելու ընտրություն անելու, մեքենաներով մարդկանց տեղամաս տանելու եւ քվեարկության օրը գործող նախագահի օգտին քարոզչություն ծավալելու ու նաեւ մեզ՝ հայաստանցիներիս, հայտնի շատ այլ ընտրախախտումների մասին: Դրանք, իհարկե, Իլհամ Ալիեւի գլխավորած կուսակցության ներկայացուցիչների, ԿԸՀ-ի ու նաեւ դիտորդների ասելով, էական դեր չեն կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

«Ընտրական գործընթացը կարելի է դրական գնահատել: Դրական եմ գնահատում նաեւ ընտրական հանձնաժողովների անդամների աշխատանքը»,- հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության բրիտանացի ներկայացուցիչ Մայք Հանգոքը, որն, իր ասելով, առաջին անգամը չէ, որ Ադրբեջանում դիտորդական առաքելություն է իրականացնում: Նա ափսոսանք է հայտնել, որ ընդդիմության առանձին առաջնորդներ չէին մասնակցում ընտրություններին. «Դա տեղի է ունենում իրենց պասիվության պատճառով, եւ երկրի նախագահի մեղքը դրանում չկա»: Ավելին, նա իրեն թույլ է տվել Ադրբեջանում կայացած ընտրությունները համեմատել Հայաստանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունների հետ. «Ադրբեջանում ընտրություններն ավելի լավ են կազմակերպված: Հայաստանում նախագահական ընտրությունների օրը զոհեր եղան: Նախագահական ընտրությունները Վրաստանում թույլ էին տեխնիկական եւ կազմակերպչական տեսանկյունից: Եթե համեմատենք, ապա ընտրություններն Ադրբեջանում կազմակերպված են 10 անգամ ավելի լավ, քան՝ Հայաստանում եւ Վրաստանում»: Իսկ ԵԱՀԿ նախկին նախագահ եւ Բուլղարիայի ԱԳ նախկին նախարար Սոլոմոն Պասսին հայտարարել է, թե՝ Ադրբեջանում կայացած ընտրությունները նման են Բուլղարիայում եւ եվրոպական բոլոր պետություններում անցկացվող ընտրություններին:

Ակնկալվում է, որ դիտորդական առաքելությունների ղեկավարները կհայտարարեն Ադրբեջանում կայացած ընտրությունների՝ եվրոպական չափանիշներին համապատասխան լինելու մասին:

«Թրենդ» գործակալության մատուցմամբ, Իլհամ Ալիեւի գլխավորած կուսակցությունը՝ «Ենի Ադրբեջանը», դեռ մինչեւ նախնական արդյունքների հրապարակումն էր սկսել տոնել իր առաջնորդի հաղթանակը, իսկ Իլհամ Ալիեւի հաղթանակը պաշտոնապես ազդարարելուց հետո նրանք մտադիր են Բաքվում տոնական համերգ եւ հանրահավաք կազմակերպել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել