Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ՆՈՐ ԲԱՆԵՐ ԵՆ ՀՆՉԵԼՈՒ

Հոկտեմբեր 16,2008 00:00

\"\"ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը՝ ՏԻՄ ընտրությունների, ԼՂՀ հարցի եւ ամսի 17-ին կայանալիք հանրահավաքի մասին:

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, որն անցած շաբաթ Սիսիանում հետեւել է քաղաքապետի ընտրություններին, ասում է. «ՏԻՄ ընտրությունները պարզ վկայությունն ու ապացույցն էին, թե իշխանության լկտիությունն ինչ աստիճանի կարող է լինել: Կրիմինալը մետաստազի նման երկիրն ուտում է»: Սիսիանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարել է վեց թեկնածու, որից հինգը՝ կոալիցիոն. երկու՝ ՀՀԿ-ական, մեկական՝ ՀՅԴ-ից, ՕԵԿ-ից եւ ԲՀԿ-ից: Այս քաղաքում զավեշտը հասել է իր գագաթնակետին. «Իշխանական հինգ թեկնածուներն էլ փող էին բաժանում՝ օրը ցերեկով, բացահայտ: Ընտանիքներ կային, որ միաժամանակ գումար էին վերցրել բոլոր թեկնածուներից: Արդյունքում՝ շատերը միաժամանակ քվեարկել էին բոլոր թեկնածուներին էլ, ումից որ գումար էին վերցրել: Վերջում, բնականաբար, անվավեր քվեաթերթիկներն ու անճշտություններն ավելի շատ եղան, քան թեկնածուների ձայների տարբերությունը»: Փաստորեն՝ «Բարձիթողի վիճակն այն աստիճանի է հասել, որ ցանկացած թեկնածու անպատիժ կերպով կարող է քրեական հոդվածի տակ մտնել եւ կաշառք բաժանել բնակչությանը: Սա ընտրություն չէ, ծաղր է. մրցակցություն փողի եւ կրիմինալի միջեւ՝ ով շատ զոռբայություն կանի, փող կբաժանի՝ տիրանալու այն միջոցին, որն իրեն ավելի շատ փող կբերի ու կրիմինալի պաշտպանության տակ կպահի: «Ընտրություն» բառն այստեղ օգտագործելը մեղք է»,- եզրակացնում է մեր զրուցակիցը: Հակադարձելով «Առավոտի» դիտարկմանը, որ մարդիկ նույնպես հոգնել են այս զավեշտներից, եւ եթե ընդդիմությունն իր ուժերը կենտրոնացներ, միգուցե հաջողեր ՏԻՄ ընտրություններում, Արամ Մանուկյանն ասաց. «Որքան ուզում ես ուժերդ կենտրոնացրու, եթե դիմացդ կանգնած է կրիմինալը՝ ոստիկանության հետ միասին, փողը, զոռբայությունը, պետական լծակը եւ սանձարձակությունը, այդ դեպքում սովորական մարդկային գործոնը խեղճանում, ընկճվում եւ կոտրվում է: Անգամ եթե մարդը ազնիվ է ու փող չի վերցրել՝ սկսում են նրան վախեցնել, որովհետեւ հասկանում են, որ նա իրենց ընդդիմախոսն է: Այս դեպքում, բնականաբար, ընտրություններին չմասնակցելը միջոց է դառնում, իսկ մասնակցելը՝ ռիսկ: Կրիմինալը յուրաքանչյուրի տուն է մտնում: Միակ փրկությունն իշխանափոխությունն է, այն էլ՝ շատ արագ: Մեղք է մեր պետությունը, մեղք է այս սերունդը, այն դպրոցականը, որը տեսնում է, թե ինչպես են իր հորը վախեցնում, ինչպես են ընտրում Պողոսին, բայց ընտրվում է Պետրոսը: Բայց ես հիմա բողոք չէ, որ բարձրացնում եմ, սա զայրույթ է, եւ հաստատ համոզված ձեզ ասում եմ, որ սա արագացնում է ժողովրդի ըմբոստությունը, միասնականացնում է ըմբոստներին եւ կբերի իշխանափոխության: Այսպիսով՝ իշխանությունն արագացնում է իր կործանումը: Հասարակությանը կրիմինալով զսպելը մի ճանապարհ է, որով իշխանությունը մոտենում է իր գերեզմանին»:

Ի հեճուկս Արամ Մանուկյանի այս համոզման՝ որոշ գործիչներ կարծում են, որ հանրահավաքների փուլը մարում է, եւ ժողովուրդն այս պայքարից հիասթափված է դուրս գալիս: «Վիրավորանքն ափ ու սահման չունի: Ժողովրդի մեջ ըմբոստացումն ավելանում է: Բայց ինչպես ցանկացած լարված պրոցես՝ անընդհատ չէ, որ հորդում է: Ես կարծում եմ, հիմա մենք սկսում ենք նոր ալիքի սկիզբ: Վստահեցնում եմ, որ ամսի 17-ի հանրահավաքին դա կերեւա: Այս անգամ էլ իշխանություններից եկած բացասական ազդակներն իրենց ազդեցությունը կունենան, մասնավորաբար՝ այս փուլի համար դրանք տեղական ինքնակառավարման ընտրություններում կատարված լկտիություններն են եւ Ղարաբաղի խնդիրը: Այս երկու գործոնները, որոնք ժողովրդի նախաձեռնությամբ չեն գալիս՝ կնպաստեն շարժման ակտիվացմանը»,- ասում է մեր զրուցակիցը: Նա նաեւ հավելում է, որ իրենք էլ ձեռքները ծալած չեն նստել, այլ ակտիվ նախապատրաստվում են հանրահավաքին եւ իրենց ազդակներն են հաղորդում՝ շարժումը նոր ալիքի բարձրացնելու համար. «Հրավիրում եմ ընթերցողներին այս հանրահավաքում նոր բաներ լսելու»:

Հնարավոր համարո՞ւմ է մեր զրուցակիցը, որ ԼՂՀ հարցն այս անգամ էլ՝ ինչպես 1998-ին, դառնա իշխանափոխության հիմք, քանի որ, ինչպես այն ժամանակ, այժմ էլ խոսակցություններ են գնում, որ իշխանությունը պատրաստվում է վերադարձնել ազատագրված տարածքները, եւ ինչպես այն ժամանակ՝ հիմա էլ հասարակական ակտիվություն է նկատվում՝ ընդդեմ տարածքների հնարավոր վերադարձի: «Իշխանափոխության հիմքերը Հայաստանում առավել քան բավարար են, բայց նաեւ այս պահին արտաքին աշխարհից Հայաստանին առաջարկվում է Ղարաբաղի հարցի լուծման տարբերակ, որը նվաստացնում է մի երկրի ժողովրդի, որը գնում է արժանապատիվ եւ ինքնորոշման ճանապարհով: Ցավալին այն է, որ այդ տարբերակի կողմնակիցներին գումարվել են մեր բոլոր նախկին գործընկեր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան: Այսինքն՝ մենք այսօր մեր տգետ, տհաս եւ արկածախնդիր արտաքին քաղաքականության շնորհիվ հասել ենք նրան, որ Հայաստանը դիվանագիտական աշխարհում չունի գործընկեր եւ աջակից: Սա դիվանագիտական կրախ եւ կործանում է, երբ աշխարհի 200 երկրներից մեկը չկա, որ կանգնի ու ասի՝ Ղարաբաղի հարցն ինքնորոշման խնդիր է: Ղարաբաղի հարցը մեր հազարավոր զոհերով, տարիների տառապանքով, ժողովրդի չարչարանքներով, դիվանագիտական հաջողություններով այսօր ջուր է դարձել: Այսպիսի դիվանագիտական արդյունքի դեպքում այս իշխանությունը միայն դավաճանական հոդվածի տակ կարող է նստել: Միակ ներողամտությունը, որ կարելի է ցուցաբերել նրանց նկատմամբ՝ դա կլինի ինքնակամ հրաժարականի դեպքում»,- կարծում է Արամ Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել